ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայաստանում արձանագրվել է կարմրուկի երկրորդ բերովի դեպքը
18:00 07.03.2019

Հայաստանում արձանագրվել է կարմրուկի երկրորդ բերովի դեպքը

Հայաստանում մարտի 6-ին արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի երկրորդ բերովի դեպքը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, հիվանդը Հայաստան է ժամանել փետրվարի 20-ին Բրյուսելից՝ Վրաստանով: Կլինիկական երևույթներն ի հայտ են եկել փետրվարի 25-ին՝ ջերմության բարձրացումով, իսկ փետրվարի 28-ից սկսել է մարմնի ցանավորում, որը դիտարկվել է որպես դեղորայքային ալերգիա: Մարտի 6-ին կատարվել է լաբորատոր հետազոտություն և հիվանդի մոտ հաստատվել է կարմրուկ:

Առողջապահության նախաարությունը հիշեցնում է, որ կարմրուկի առաջին բերովի դեպքն արձանագրվել է  փետրվարի 24-ին PS 611 չվերթով Կիևից ժամանած Ուկրաինայի  քաղաքացու մոտ: Երկու դեպքում էլ հիվանդներն ունեցել են բազմաթիվ մարդկանց հետ շփումներ, որոնց ինքնությունը գործնականում հնարավոր չէ պարզել (հիվանդանոցների սպասասրահ, հետազոտությունների համար սպասող անձինք, թռիչքի ժամանման սրահում բազմաթիվ դիմավորողներ): 

Կարմրուկը խիստ վարակիչ   վիրուսային հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված  ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային երևույթներով: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Աշխարհում կարմրուկի առումով իրավիճակն անհանգիստ է: Բազմաթիվ երկրներում, այդ թվում մեզ հարևան, այս օրերին գրանցվում են կարմրուկի բռնկումներ՝ նույնիսկ մահվան ելքով: 

Պատվաստումը միակ կանխարգելիչ միջոցն է հիվանդությունից զերծ մնալու համար: Այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ առնվազն երկու դեղաչափ պատվաստում, հորդորում ենք դիմել տեղամասային պոլիկլինիկա և պատվաստվել:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

18:00 07.03.2019

Ամենաշատ ընթերցվածները