ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի պայմանները բարելավվում են. տոկոսադրույքը կնվազի
21:00 07.03.2019

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի պայմանները բարելավվում են. տոկոսադրույքը կնվազի

Հայաստանում բարելավվում են «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի պայմանները: Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի ««Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը հաստատելու մասին» նախագծում փոփոխություններ իրականացնելու նախագիծը:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանը ներկայացրեց փոփոխությունները և նշեց, որ կանխավճարի մոտեցումներն են փոխվել, բնակարանային արժեքն է բարձրացել, վարկի ժամկետն է երկարաձգվել մինչև 30 տարի, ինչպես նաև բարելավվել է երիտասարդ ընտանիքի տարիքային շեմին ներկայացվող պահանջները՝ հանելով ամուսիններից յուրաքանչյուրին ներկայացվող մինչև 35 տարվա սահմանափակումը և թողնելով միայն գումարային 70 տարվա տարիքի սահմանափակումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախարարի պարտականությունները կատարողը նշեց, որ նախագծի ընդունման արդյունքում ծրագրի հասանելիությունը կբարձրանա` երիտասարդ ընտանիքները կկարողանան 7,5 % տոկոսադրույքով (նախկինում 9,5 տոկոս է եղել) բնակարան ձեռք բերել: Բնակարանի արժեքն է բարձրացել, և երիտասարդ ընտանիքն ապահովագրական գործիքի համադրմամբ առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) կարող է ձեռք բերել 30 մլն ՀՀ դրամ արժեքով բնակարան, արդյունքում շուկայում կնկատվի որոշակի աշխուժություն:

Վարչապետը արձանագրեց, որ սրանով բարելավվում են երիտասարդ ընտանիքների կողմից բնակարան ձեռք բերելու պայմանները: «Ամուսիններից յուրաքանչյուրին ներկայացվող մինչև 35 տարեկան լինելու սահմանափակումը վերացնում ենք, ինչը նշանակում է, որ Հայաստանում պաշտոնապես բարձրացնում ենք երիտասարդ համարելու շեմը, հիմա կարող է երիտասարդ համարվել ոչ միայն մինչև 35, 40, 45 տարեկանը:

Ամուսինների տարիքի գումարը 70 տարեկան նորմալ է, այսինքն՝ ամուսիններից մեկը կարող է լինել հիսուն, մյուսը՝ քսան, և ընտանիքը կհամարվի երիտասարդ, ինչը, կարծում եմ՝ շատ կարևոր նվաճում է: Մենք կարող ենք պաշտոնապես արձանագրել, որ նախնական հաշվարկներով՝ հիսուն տարեկանները ՀՀ-ում այլևս համարվում են երիտասարդ, ինչի կապակցությամբ բոլոր ներկա հիսուն տարեկաններին շնորհավորում եմ»,-կատակեց նա:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

21:00 07.03.2019