ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Գիտակցված անմահություն
18:00 09.03.2019

Գիտակցված անմահություն

«Իր հոժար կամքով դիմում գրեց, որ ուզում է գնալ առաջնագիծ, իր հոժար կամքով էլ հայտնվեց զոհասեղանին»: Ինչպես շատերը, այնպես էլ նա, 20 տարեկանում դարձավ մասնակիցը և զոհը հայրենիքի պաշտպանության:  

Վահրամ Կամոյի Մարտիրոսյանը ծնվել է 1972թ․ սեպտեմբերի 27-ին Կապանում: Սովորել է Կապանի N 6 միջնակարգ դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Կապանի շինարարական տեխնիկումը, իսկ ավարտելուց հետո աշխատանքի անցել Կապանի N 906 շինվարչության  տեղամասում որպես աշխղեկ: Դրանից հետո 1991թ․ նոյեմբերի 9-ին անդամագրվել է ՆԳՆ Կապանի բաժնի ինքնապաշտպանության գումարտակին որպես շարքային: Պատերազմը սկսելուն պես, երբ ազերիները գնդակոծում էին Կապանը, 1992թ․ հուլիսի 23-ին ընկավ թշնամու գնդակից: 

Ճակատագրական որոշում  

«Մի օր եկավ մեզ տեսնելու, փոշու մեջ կորած էր, ասացինք՝ Վահրա՛մ, սա ի՞նչ է, այ բալա, բա դու հրանոթի վրա չե՞ս:  Ասաց՝ պա՛պ, ես դիրքերում եմ:  Շշմեցինք, բայց ոչինչ չէինք կարող  անել», - ասաց հայրը՝ Կամոն՝ հավելելով՝ իրենք տեղյակ չէին, որ որդին ծնողներից թաքուն դիմում էր գրել առաջնագծում կռվելու:   

Բնավորությամբ շուտ բռնկվող, բայցև ակտիվ էր Վահրամը, անհամբեր ու ոչնչից չվախեցող: Հայրը այսպես նկարագրեց որդուն, իսկ ուսուցչուհին՝ Անահիտ Հարությունյանը, պատմեց, որ Վահրամին հիշում է՝ աթոռին նստած, հայացքը դեպի հեռուն ու մտազբաղ. «Համեստ է եղել Վահրամը, ուսման տեսանկյունից այդքան էլ չէր փայլում, բայց հանրօգուտ աշխատանքներում ակտիվ էր ու պարտաճանաչ»:

Մայրը՝ տիկին Նվարդը, զրույցի ընթացքում դժվարությամբ էր բառ արտաբերում, անընդհատ հուզվում էր, հիշում, որ այն օրերին պատերազմի վերջը  չէր երևում, իսկ որդիները երկու տարվա տարբերություն ունեին, մտավախությունը մեծ էր. «Վահրամիս կորցնելուց հետո վախենում էի Վարդանիս էլ կորցնել, բայց ինչ կարող էի անել, ճար չկար»:

Հաստատակամությամբ աչքի ընկնող, ընկերասեր, մարդամոտ Վահրամ Մարտիրոսյանի հիշատակը հավերժացնելու համար Կապանի իր հարազատ N 6  դպրոցի դասարաններից մեկը 6 տարի առաջ անվանակոչեցին նրա  անունով: 

«Երբ եկավ այն պահը, որ իմացա՝ իմ դասարանը ուզում են կոչել Վահրամի անունով, հուզվեցի ու միաժամանակ ներքին հանգստություն ապրեցի, իմ աշակերտն է եղել, լավ եմ ճանաչել նրան, - ասաց ուսուցչուհի Անահիտ Հարությունյանը և  հավելեց, - դասարանում նա ֆիզիկապես է բացակայում, հոգեպես միշտ մեզ հետ է»:  

Ընտանիքն այսօր

Վահրամի եղբայրը՝ Վարդանը, և քույրը՝ Կարինեն, իրենց ընտանիքն ու աշխատանքն ունեն և շուրջ  վեց տարի է՝ բնակվում են Երևանում: Մարտիրոսյան պապիկը չորս թոռնիկ ունի, որոնցից երկուսը կրում են պապիկի ու տատիկի անունները: «Հոգուս վրա ծանր է նստում, որ թոռներիցս ոչ ոք Վահրամիս անունը չի կրում, - ասում է պապը, - ամռանը գալիս գնում են, կարոտներս առնում ենք, բայց ուսման համար, որպեսզի վազվզոցի մեջ չընկնեն,  ճիշտը էնտեղ մնալն է, իսկ մենք երկուսով յոլա ենք գնում»:

Կամոն պատմում է, որ իր անունով թոռը բռնցքամարտում իր հասակակիցների մրցույթում հաղթել և մեդալ է ստացել վերջերս: Նա իր շարժուձևով, պրպտող բնավորությամբ, անգամ քայլվածքով,   հորեղբորը՝ Վահրամին է հիշեցնում:

Ուշադրության պակաս

Մայրը վերջապես հանդարտվեց և միջամտեց մեր զրույցին ու հայտնեց իր մտահոգությունը որդու և նրա նման շատ շատերի անտեսված լինելու փաստով, որի հետ այդպես էլ չի համակերպվում: Դժգոհեց, որ այսօր 2016թ․ քառօրյա պատերազմից հետո 1990-ականների զոհերի հանդեպ ուշադրությունը  պակասել է. «Ես հասկանում եմ, որ դա նոր է, վերքերը ավելի թարմ են, երբ 10 անգամ քառօրյայի մասին  են նշում, գոնե մեկ անգամ էլ 92-94թթ. պատերազմը հիշեն: Բաղաբուրջի հուշահամալիրում 170 հոգու անուն ու՞մ համար է գրված, այսօրվա ու ապագայի համար է գրված»։

Ցավը մոռանալ չտվող, բայց և կարոտը հագեցնող հուշաղբյուրը

Թոշակառու ծնողների միակ սփոփանքը այսօր շենքի բակում կառուցված հուշաղբյուրն է, որով որդու ընկերներն են անմահացրել Վահրամի հիշատակը: Նրան բակում Վահիկ էին անվանում, դրա համար էլ հուշաղբյուրին Վահիկ է գրված: «Ամռանը այնքան գեղեցիկ է լինում, ծաղիկներ եմ ցանում, էնքան եմ ուրախանում, որ գալիս են նկարվում, ջուր խմում, որդիս այսպես ավելի մոտ է ինձ», - ասում է մայրը։

Մայրը նախկինում ծաղիկները ձեռքին հաճախ էր գնում որդու գերեզմանին, հիմա առողջական խնդիրներ ունի, գնում է միայն հատուկ օրերի. «Հինգ տարի համարյա ամեն օր  միայնակ ոտքով գնում էի որդուս գերեզմանին: Մի  անգամ ճանապարհին մի անծանոթ կանգնեցրեց ինձ ու հարցրեց, թե ամեն օր ծաղիկները ձեռքիս ուր եմ գնում:  Երբ իմացավ, խորհուրդ տվեց վերադառնալ  տուն և գալ միայն տոն օրերին: Հիմա այդպես էլ անում եմ, մանավանդ որ առողջությունս չի ներում»:

Նարե Խաչատրյան

18:00 09.03.2019

Ամենաշատ ընթերցվածները