ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ի՞նչ պատրաստել պահքի ժամանակ
17:00 09.03.2019

Ի՞նչ պատրաստել պահքի ժամանակ

«Պահքի շրջանը որքան էլ կապվի հավատալիքների հետ, դա նախ և առաջ  օրգանիզմի կենսաբանական պահանջ է»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը:

Նրա խոսքով՝ ձմռանը մարդու օրգանիզմը հավելյալ կալորիաների՝ ճարպերի, սպիտակուցների և ածխաջրերի կարիք ունի, բայց գարնանը մարդու օրգանիզմն ավելի շատ բուսական սննդի պահանջ ունի. «Մենք, եթե նույնիսկ պահքի շրջանից անտեղյակ լինենք, գարնանն արդեն կենդանական կերակուրների կարիք չենք զգում»:

Այնուհետև անդրադառնալով պահքի կերակուրներին` Սեդրակ Մամուլյանն նշեց, որ հայկական խոհանոցում կան պահքի բազմաթիվ բաղադրատոմսեր, որոնց շարքում են շուրջ 300 տեսակի վայրի կանաչիների տապակաները։

Պահքի շրջանի կերակուրներից առանձնացրեց տոլմայի տարատեսակները, այդ թվում՝ պասուց դոլման, Վանա մշոշը, որ պատարստում են ոսպով ու չրերով: Սեդրակ Մամուլյանը նշեց, որ պահքի շրջանոմ բանջարեղենից բացի նաև պետք է ընդեղեն օգտագործել՝ ոսպ, լոբի,  սիսեռ, որպեսզի օրգանիզմը անհրաժեշտ սպիտակուցներ ստանա: 

Խոհարարը նաև տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությունը նախատեսում է մշակել  ազգային խոհանոցի զարգացման ռազմավարական ծրագիր, որտեղ նաև կլինեն պահքի, մանկական, դպրոցական, նույնիսկ սպորտային սննդի վերաբերյալ բաղադրատոմսեր:

«Այս գործը նախաձեռնելիս հաշվի ենք առել այն հանգամանքը, որ հիմա իրականացվում է «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որտեղ ներառված բաղադրատոմսերը, մեր կարծիքով, չեն կարող բոլոր դպրոցներում օգտագործել: Հայաստանում գոյություն ունի 7 կլիմայական գոտի և մեկ բաղադրատոմսն օգտագործել այդ բոլոր կլիմայական գոտիներում,  կարծում ենք, ճիշտ չէ»,- ասաց Սեդրակ Մամուլյանը:

Նա նաև նշեց, որ պետականորեն ամրագրված ազգային խոհանոց չունենք և այդ ծրագրով նաև այդ ուղղությամբ են աշխատանքներ իրականացվելու: «Ընդհանրապես մեր պետությունը որևէ բաղադրատոմսի հեղինակ  չի հանդիսանում: Քննարկումներից հետո առաջարկ ենք ներկայացնելու՝ ամրագրել և ստեղծել ազգային խոհանոց»,- նշեց Սեդրակ Մամուլյանը:

Աղբյուրը` Panorama.am

17:00 09.03.2019

Ամենաշատ ընթերցվածները