ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մեկ տարին շատ քիչ է Մեղրիի ազատ տնտեսական գոտու նման խոշոր նախագծի կայացման համար. որոնք են խոչընդոտները
17:00 11.03.2019

Մեկ տարին շատ քիչ է Մեղրիի ազատ տնտեսական գոտու նման խոշոր նախագծի կայացման համար. որոնք են խոչընդոտները

2017 թվականի դեկտեմբերին բացվեց Մեղրիի ազատ տնտեսական գոտին։ Դեռևս այդ ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել էր, որ ԱՏԳ-ի հետ կապված կառավարության մտադրությունները լուրջ են, որովհետև այն պայմանները, որոնք ստեղծվելու են Մեղրիի ազատ տնտեսական գոտում, և այն հնարավորությունները, որոնք ունի մեր երկիրը, որոնք մենք ունենք ԵԱՏՄ-ի, Եվրամիության, հարևան Իրանի ու այլ երկրների հետ, շատ լավ հնարավորություններ են ստեղծում, որպեսզի բիզնեսը զարգանա։ ԱՏԳ-ի ստեղծումից հետո նախատեսվում էր ակտիվացնել Իրանի հետ սահմանային առևտուրը, զբոսաշրջությունը, ակնկալվում էր, որ իրանցի գործընկերները կտեղակայվեն այստեղ, որպեսզի դուրս գան և՛ Եվրամիության, և՛ ԵԱՏՄ շուկաներ:

Ազատ տնտեսական գոտու գործունեության արդյունքում առաջիկա տարիներին նախատեսվում էր ներգրավել 50-70 շահագործող ընկերություններ, որոնք կիրականացնեն շուրջ 100-130 մլն դոլարի ներդրումներ, կստեղծեն շուրջ 1500 նոր աշխատատեղ և կարտահանեն 250 մլն դոլարի ապրանքներ և ծառայություններ։

Իրանին սահմանակից տարածքում ստեղծվող ազատ տնտեսական գոտին, հաշվի առնելով աշխարհագրական դիրքը, առևտրային և լոգիստիկ հնարավորությունները, Հայաստանի բազմավեկտոր առևտրային արտոնյալ ռեժիմները, կարող է կամուրջ դառնալ Իրանի, ԵԱՏՄ և ԵՄ երկրների միջև։ Բացի այդ, բացման ժամանակ նշվում էր, որ Մեղրիի ազատ տնտեսական գոտին կնպաստի ոչ միայն մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, այլև Հայաստան օտարերկրյա կապիտալի ներհոսքին, ԻԻՀ հետ տնտեսական կապերի ամրապնդմանը, ԵԱՏՄ անդամակցության, ԵՄ-ի հետ առկա հարաբերությունների և ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը:

Երկու տարի անց՝ 2019 թվականին, սակայն, մենք որևէ արդյունք չունենք։ Ազատ տնտեսական գոտին դեռևս չի աշխատում, ոչ էլ ժամկետներ են նշվում։

Վերջերս միայն տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն էր անդրադարձել խնդրին և նշել, որ Մեղրիի ազատ տնտեսական գոտու հետ կապված հարցերը կազմակերպական են, և դրանք խնդիր անվանել չի կարելի։ «Հողերի ձևակերպումների հետ կապված հարցեր կան: Ներկայում Մեղրու ազատ տնտեսական գոտու հողամասը չի գերազանցում 2 հեկտարը: Հեռանկարում նախատեսվում է, որ պետք է այն ընդլայնել սկզբում 10, հետո մինչ 50 հա»,- ասել էր նախարարը՝ հավելելով, որ որոշակի նախապատրաստական աշխատանքներ են եղել, ավարտելուց հետո կտրվեն շահագործման իրավունքներ:

Էներգետիկ անվտանգության և տրանսպորտային ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրուցյում նշեց, որ Մեղրիի ազատ տնտեսական գոտին հարկ է դիտարկել ավելի լայն՝ ԵՏՄ-Իրան ազատ տնտեսական գոտու ստեղծման համատեքստում, որն ի սկզբանե նախաձեռնվել էր հենց Երևանի կողմից 2016 թ., և որի մասին ԵՏՄ-ում կոնսենսուսի եկան 2018 թ.-ին:

«ԵՏՄ-Իրան ազատ տնտեսական գոտին կարող է մեծ դեր խաղալ հայ-իրանական առևտրային հարաբերություններում, քանի որ, ըստ նախնական հաշվարկների, կավելացնի երկկողմանի առևտրաշրջանառության ծավալը մոտ 1,5 անգամ: Բավական է նշել, որ մի շարք ապրանքատեսակների համար Թեհրանը մոտ 3 անգամ իջեցրել է մաքսատուրքերը»,- ասաց փորձագետը՝ հավելելով. «Բացի այդ, Հայաստանի արտաքին առևտրի ընդամենը 4 տոկոսն է այսօր բաժին ընկնում Իրանին ու կազմում է մոտ 240 մլն դոլար, ինչը բարձր ցուցանիշ չէ հարևան պետությունների համար: Այդ ցուցանիշն իհարկե բացատրվում է նաև Իրանի ու Հայաստանի միջև բարձր թողունակություն ունեցող տրանսպորտային-լոգիստիկ ենթակառուցվածքների բացակայությամբ: Ու այս իմաստով կարող ենք փաստել, որ Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը կարող էր մեծ դինամիկա հաղորդել ազատ տնտեսական գոտուն, ինչը բխում է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ԵՏՄ շահերից: Մյուս կողմից՝ առկա են նաև որոշ օրենսդրական խոչընդոտներ: Օրինակ՝ Իրանում արգելված է մաքսատուրքը 4%-ից ցածր սահմանել, ինչը նվազեցնում է տնտեսական ազատ ինտեգրացիայի հնարավորությունները»:

Ամեն դեպքում, Դավթյանի խոսքով, Իրան-ԵՏՄ ազատ տնտեսական գոտու վերաբերյալ առկա է հստակ քաղաքական որոշում, որն ամրագրվել է ԵՏՄ պետությունների կողմից: Ակնհայտ է, որ այդ խոշոր ինտեգրացիոն նախագծի հիմքում ի սկզբանե դիտարկվում էր Մեղրիի ազատ տնտեսական գոտին, որն անկյունաքարային դեր պետք է ստանձներ՝ կարևոր կապող օղակ դառնալով ԵՏՄ-Իրան տնտեսական հարաբերություններում:

«Այսօր, սակայն, Մեղրիի ԱՏԳ-ն դեռ ի վիճակի չէ իրանական ընկերություններին ընդունել, քանի որ ունի ենթակառուցվածքային մի շարք խնդիրներ: Ավելին, ինչպես վերջերս պարզ դարձավ, ԱՏԳ-ում առկա է նաև հողատարածքների սեփականության խնդիր, ինչի վերաբերյալ քրեական գործեր են հարուցվել, ու սա ևս լուրջ գործոն է, որը կարող է ազդել նախագծի վարկանիշի վրա: Այս ամենի հետ մեկտեղ պետք է հաշվի առնենք նաև Իրանի հանդեպ կիրառվող պատժամիջոցները, որոնք, իհարկե, ազդել են իրանական բիզնեսի ներդրումային ակտիվության վրա: Ճիշտ է, սահմանից այն կողմ գործում է իրանական «Արաս» ԱՏԳ-ն, որտեղից պարբերաբար համագործակցության պատրաստակամության ազդանշաններ են հասնում: Սակայն օբյեկտիվության համար պետք է փաստենք, որ Մեղրիի ԱՏԳ-ն պաշտոնապես բացվել է 2017 թ.-ի դեկտեմբերին, իսկ 1 տարին շատ քիչ է նման խոշոր նախագծի կայացման համար»,- եզրափակեց Վահե Դավթյանը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Աղբյուր՝ 1in.am

17:00 11.03.2019

Ամենաշատ ընթերցվածները