ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Առաջին տիկնոջ վերջին արդարացումները
20:00 11.03.2019

Առաջին տիկնոջ վերջին արդարացումները

Նախորդ շաբաթ Հանրայինի եթերում առաջին տիկինը մոտ 60 րոպե արդարանում էր ըստ էության համացանցում հայտնված դժգոհությունների վերաբերյալ, թե ինչու է նա ուղեկցում վարչապետին, հաճախ արտերկրում լինում, արդյո՞ք պետական միջոցներով, թե՞ հիմնադրամի, թե՞ անձնական:

Դժվարանում եմ ասել՝ որն է ավելի տհաճ, այն, որ առաջին տիկինը ստիպված է կենցաղային մակարդակով հակադարձել համացանցային «մեղադրանքի՞ն», թե՞ այն, որ հասարակության մի ստվար զանգված հետաքրքրված է միայն այս կարգի հարցերով:

Աննա Հակոբյանի միակ բացթողումը այն է, որ ինքը, լինելով լրագրող և ԶԼՄ-ի ղեկավար, ով բազմիցս հրապարակել է նախորդների ոչ թափանցիկությունը, անտեսել է հաշվետվողականությունը մամուլի առջև, որը խոշորացույցի տակ է պահում նոր իշխանության ծախսերը: Ժամանակին շատերս նույնիսկ չէինք հետաքրքրվում, թե որքան են յուրացնում պաշտոնյաները, քանի որ չէինք ընտրում նրանց, իսկ նրանք, ովքեր ընտրում էին, այսպիսի հարցեր չէին տալիս նույնիսկ իրենք իրենց: Եթե տիկին Հակոբյանը կարճ մամլո հաղորդագրություններ տարածեր այն մասին, թե ուր է ուղևորվում, ինչ հրավերով, ինչ միջոցներով և արդյունքը որն էր, ապա լրագրողների փուշը կչեզոքացներ:

Միևնույն ժամանակ պետք է նշել, որ ներկա իշխանությունները որպես շփման միջոց ընտրել են ուղիղ եթերների ձևաչափը, որը միակողմանի է և հնարավորություն չի ընձեռում զգալ հասարակության զարկերակը, նրա դժգոհությունը կամ գոհունակությունը: Սովորաբար մարդկանց տրամադրությունները զգալու համար սոցիոլոգիային են դիմում, բայց Հայաստանում այն, մեծ հաշվով, չկա, հետևաբար պետք է ինչ-որ մեխանիզմ գտնել, որի շնորհիվ այսպիսի տհաճ կենցաղային հարցազրույց-արդարացումները ուղղակի կբացառվեն:

«Զանգեզուր պրես»

20:00 11.03.2019