ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Այցի երրորդ կանգառը Սիսիան համայնքն էր
21:00 11.03.2019

Այցի երրորդ կանգառը Սիսիան համայնքն էր

Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհուրդի կողմից իրականացվող «Սյունիքի պատմության քարուղիներում» ծրագրի շրջանակներում այցի երրորդ կանգառը Սիսիան համայնքն էր: Այցելեցինք Որոտնաբերդ, Որոտնավանք և Մելիք-Թանգու կամուրջ, Սյունի Վանք: 
Որոտնավանք
Որոտնավանքի հնագույն՝ Ս.Գրիգոր միանավ եկեղեցին (ավերվել է սելջուկների հարձակումներից ու երկրաշարժերից) հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը։Ս. Գրիգոր եկեղեցու մոտ՝ նրա հյուսիսարևելյան կողմում, 1000 թվականին կառուցվել է թաղածածկ, հյուսիսային պատին կից երկու ավանդատնով, հարավից սյունասրահով Ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցին, նրա գավիթը, տնտեսական շինությունները, հիմնվել է մեծաթիվ միաբանությամբ վանք։ Շահանդուխտի կրտսեր որդի, Սյունյաց Վասակ թագավորի եղբայր իշխան Սևադան Որոտնավանքի արևելյան կողմում 1006 թվականին կառուցել է Ս. Կարապետ եկեղեցին և նրան կից /արևմուտքից/ կամարակապ գավիթ-սրահը։
Մելիք-Թանգու կամուրջ
Որոտան գետի վրա՝ Մելիք-Թանգու կառուցած միաթռիչք կամարակապ կամուրջը (1855թ.)։
Որոտնաբերդ
Գտնվում է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկ գավառում (այժմ՝ Սյունիքի մարզի Որոտան (Ուռուտ) գյուղի մոտ), Որոտան գետի աջափնյա լեռնաբազուկի վրա։ Գտնվում է Սիսիան քաղաքից 20 կմ արևելք։Եղիշեն (V դ. պատմիչ) Որոտնաբերդը հիշատակում է պարսկական բռնակալներից 450 թվականին Վարդանանց ազատագրած բերդերի ու ավանների թվում։ Ստեփանոս Օրբելյանը (XIIIդ.) Որոտնաբերդը դասել է Սյունիքի նշանավոր բերդերի շարքը, որը 1075-1094 թվականներին պատկանել է Սյունյաց (Կապանի) թագավոր Սենեքերիմ Ա-ին։ 1104 թվականին Որոտնաբերդը գրավել են սելջուկ թուրքերը, 1219 թվականին Իվանե Զաքարյանը ազատագրելով այն հանձնել է Լիպարիտ Օրբելյանին։ 1386 թվականին Լենկթեմուրի հորդաները ասպատակելով Սյունիքը, գրավել են նաև Որոտնաբերդը, որտեղ ամրացած Բուրթել և Սմբատ Օրբելյան իշխաններին գերեվարել են Սամարղանդ (որոշ ժամանակ անց նրանք վերադարձել և կրկին տիրել են հայրենի բերդը)։ 1407 թվականին Սմբատ իշխանից բերդը գրավել է Կարա-Յուսուֆ թեմուրյան բռնակալը։ 1724 թվականին ուրացած Մելիք Բաղրից Որոտնաբերդը ազատագրել է Դավիթ Բեկը։
ՍՅՈՒՆԻ ՎԱՆՔ
Սիսավանի վանք, Սիսիանի Ս . Գրիգոր եկեղեցի, ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում: Ըստ պատմիչ Ստեփանոս արք. Օրբելյանի, Սյունյաց վանքի Ս. Գրիգոր եկեղեցին (հետագայում վերանվանվել է Ս. Հովհաննես) հայոց թվականությունից առաջ հիմնադրել է Սյունյաց Վարազդուխտ իշխանուհին: Վանքի առջև Սյունյաց իշխանները կառուցել են արքունական տուն և իշխանանիստ ապարանք: Եկեղեցին VII դ. վերջին քառորդում հիմնովին վերակառուցել են Կոհազատ իշխանն ու Սյունյաց եպս. Հովսեփ Ա-ն (670–689)՝ Թեոդորոս Սիոն վանականի օժանդակությամբ: Ստեփանոս արք. Օրբելյանը Սյունյաց վանքն իր նշանակությամբ համարել է Սյունիքի վանքերից երրորդը:
Ծրագրիրը հովհանավորվում է Կապանի համայնքապետարանի, Վորլդ Վիժն Կապանի գրասենյակի և «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» ծրագրի կողմից: 
«ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագիրն (2018-2020թթ․) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ հետևյալ երեք երկրներում՝ Հայաստան, Վրաստան և Ուկրաինա։ Ծրագիրը Հայաստանում իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի հետ համագործակցաբար:

Աղբյուր՝ Կապանի համայնքապետարան

21:00 11.03.2019

Ամենաշատ ընթերցվածները