ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Հիվանդ շատ կա, բայց համաճարակ չկա
19:00 12.03.2019

Հիվանդ շատ կա, բայց համաճարակ չկա

Հարկադրական արձակուրդ

Կապանի №10 միջնակարգ դպրոցում գարնանային արձակուրդը հարկադրաբար սկսվել է մեկ շաբաթ շուտ․ մարտի 18-ի փոխարեն մարտի 11-ից աշակերտները դասի չեն գնում, գտնվում են լրացուցիչ արձակուրդում։ Պատճառը ջրծաղիկ հիվանդությունն է։ Անցած շաբաթվա ընթացքում մեկը մյուսի հետևից երեխաները վարակվեցին, ու երեք տասնյակից ավելի աշակերտ հիվանդացավ։ Կրթօջախի տնօրենությունը վարակի հետագա տարածումը կանխելու և վերահսկելու նպատակով գրությամբ դիմեց մարզպետին՝  արձակուրդը նախատեսվածից շուտ սկսելու խնդրանքով, և մարզպետը, հիմք ընդունելով կրթօջախի, ինչպես նաև «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղի տնօրենների գրությունները, առաջնորդվելով  ՀՀ ԿԳ նախարարի 2018 թվականի հուլիսի 26-ի N-800 հրամանով հաստատված հավելվածի 1-ին 17-րդ կետով, դիմումին դրական պատասխան տվեց։

Բաց թողնված դասերը կլրացվեն մինչև ուսումնական տարվա վերջ։ Մարտի 11-ի դրությամբ դպրոցի 275 աշակերտից 35-ը հիվանդ է ջրծաղիկով։ 

Ամեն ինչ սկսվեց դպրոցի 2-րդ դասարանից։  27 աշակերտից առաջինը Տիգրանը հիվանդացավ, որից հետո արդեն դասարանի 23 երեխա վարակվեց։ Դպրոցի բուժքրոջ խոսքով՝ օրվա բացակայությունների թիվը ճշտելով՝ նկատեցին, որ երեխաները տարբեր ախտանշաններով չեն ներկայանում դասի, ոմանք էլ գալիս էին, բուժքույրը հետ էր ուղարկում տուն՝ կասկածելով, որ արդեն իսկ վարակվել են։

Ջրծաղիկը հատկապես երեխաների շրջանում ամենահաճախ հանդիպող հիվանդություններից է։ Հիմնականում համարվում է մանկական սուր վարակիչ հիվանդություն, սակայն մեծահասակները նույնպես ապահովագրված չեն, նույնիսկ եթե երեխաների մոտ ավելի թեթև է ընթանում, ապա մեծահասակները ծանր են տանում։

Հիվանդությունը  սեզոնային բնույթ ունի: Ակտիվանում է հոկտեմբերի սկզբին,  պասիվանում հունվարի վերջին: Այս տարի գրանցված դեպքերը, թեպետ սովորականից շատ են, բայց մասնագետները համաճարակ չեն որակում։

Դպրոցում հակահամաճարակային միջոցառումներ կատարեցին «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղի մասնագետները։ Համաճարակաբան Նունե Օհանջանյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում նշեց, որ տեղային մի քանի դեպքերի շատացում է նկատվել, այս դեպքում բռնկում կամ համաճարակ ասելը չափազանցված կլինի։

Ինչպես են վարակվում ջրծաղիկով, և որոնք են ախտանշանները 

Ջրծաղիկը օդակաթիլային եղանակով է փոխանցվում։ Կապանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Աիդա Բադալյանը նշում է, որ եթե մարդը ջրծաղիկով չի հիվանդացել կոնտակտի պայմաններում  գրեթե միշտ վարակվում է։ Հիվանդության նվազագույն գաղտնի ընթացքը տևում է  7 օր։  Դրանից հետո ջերմություն, թուլություն, սրտխառնոց և նման այլ երևույթներ են նկատվում, շատ դեպքերում դիտվող երևույթները գրիպի հետ են շփոթում, մինչև կարմիր ցանն ու հեղուկով լցված բշտիկները՝ ջրծաղիկի բացահայտ ախտանշանները, ի հայտ են գալիս։

Ինֆեկցիոն բաժանմունքի վարիչը ծնողներին հորդորում է ուշադիր լինել, չնայած հիմնականում ստացիոնար բուժման կարիք չկա, տնային պայմաններում են երեխաները առողջանում, բայց բացառել բարդացած դեպքերը միանշանակ չի կարելի։

Ջրծաղիկը վարակ է, որը հակաբիոտիկներով չի բուժվում։ Բժիշկները երբեմն նշանակում են հակաբիոտիկ, երբ ջրծաղիկի հետ վարակային ինֆեկցիաներ են առաջանում, բշտերը քորելու հետևանքով սկսում են թարախակալել։ 

Ցանավորման շրջանում լողանալ չի կարելի: Ցանային կետերը մշակում են անիլինային ներկերի ջրային լուծույթներով։ Բուժման համար հիմք է մաշկի խնամքը, անկողնու և հիվանդի հագուստի մաքրությանը հետևելը:

Նելլի Միրզախանյան

19:00 12.03.2019

Ամենաշատ ընթերցվածները