ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Կրթության պահանջմունքը վարձի խնդիրը չէ
17:00 13.03.2019

Կրթության պահանջմունքը վարձի խնդիրը չէ

Անցնող շաբաթ Ազգային ժողովը ընդունեց օրինագիծ, որը հնարավորություն է տալիս ուսանողներին ոչ թե կիսամյակը մեկ վճարել ուսման դիմաց, այլ՝ ամիսը մեկ: Մեղմ ասած, մեր կրթության խնդիրները շատ ավելի խրթին են, քան բուհերի ուսանողների վարձավճարների գրաֆիկը: Որպեսզի ձեզ տրամադրենք լուրջ զրույցի, բերենք մեկ օրինակ՝ Հայաստանի Հանրապետության 10-րդ դասարանի «Հասարակագիտություն» առարկայի գրքից մի հատված:

Տղամարդկանց հինգ հիմնական պահանջմունքներն ամուսնության ոլորտում.

  1. Սեռական բավարարվածություն
  2. Հանգստի ուղեկից
  3. Հմայիչ կին
  4. Տնային տնտեսության վարում
  5. Հիացմունք

Կանանց հինգ հիմնական պահանջմունքներն ամուսնության ոլորտում.

  1. Քնքշություն
  2. Խոսելու, զրուցելու հնարավորություն
  3. Ազնվություն և անկեղծություն
  4. Ֆինանսական աջակցություն
  5. Ընտանիքին նվիրվածություն

13 տարվա ամուսնական կյանքից հետո մտածում եմ տեղեկացնել կնոջս այս «հիասքանչ» պահանջմունքների մասին: Միգուցե դասագիրքը գրողները իսկապես հասկացել են ամուսնական կյանքի բոլոր գաղտնիքները, իսկ մենք դոփում ենք տեղում: Յուրաքանչյուր «պահանջմունքի» մասին, իհարկե, կարելի է թեզ գրել, բայց այս անգամ բավարարվենք ուղղակի խայտառակ իրականությունը արձանագրելով: Իսկ եթե ավելի լուրջ, ապա ասեմ, որ կրթական ռեֆորմները Հայաստանում իսպառ բացակայում են, ու դա մեր գլխին ահավոր պատուհաս է դառնալու, բայց, ինչպես կասեր դասականը, ամեն ինչ հերթով:

Կրթության և գիտության նախարարությունը ինչո՞վ է զբաղված

Մեծ հաշվով առնվազն վերջին 20 տարվա ընթացքում ԿԳՆ-ն եղել է, լավ, թե վատ, միայն կրթության նախարարություն: Գիտության խնդիրները ընդհանրապես չեն լուծվել: Գիտական ինստիտուտների շենքերը և նրանց սարքավորումները մնացել են գրեթե նույն սովետական մակարդակին, եթե չհաշվենք, որ ոմանց հաջողվել է միջազգային դրամաշնորհներ «կպցնել», որպեսզի քարշ տան իրենց ճղճիմ գոյությունը միջին 75 000 դրամ աշխատավարձով: Այնպես որ, ԿԳՆ չէր, ԿՆ էր: Շուտով հեղափոխության մեկ տարին է, իսկ մենք այդպես էլ չտեսանք գիտության ռազմավարություն, գիտնականների հետ երկխոսություն կամ որևէ դրական ազդակ: Մեր դարդերը քիչ էին, հիմա էլ նախարարությունների թվի կրճատման հետևանքով ունենալու ենք արդեն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Կրթության ու գիտության հարցերը դորդ ու բեշ էինք արել, մշակույթն ու սպորտն էլ վրա հասան:

ԿԳՆ-ի մեկ տարվա արածը

Կրթության ոլորտում տեղի ունեցան տեսչական մարմնին հարիր գործողություններ: Վերջին զանգեր չեն լինի, բռնենք ԽԾԲ-ներին (խնամի, ծանոթ, բարեկամ), «Այբ» դպրոցին գումար չտանք և այլն: Չեմ կարծում, որ այսպիսի պրոֆիլակտիկ աշխատանքները պետք է իրականացվեին նախարարի մակարդակով: Հանգիստ կարելի էր կրթական տեսչական մարմնին վստահել: Որպեսզի վերջնականորեն ձեզ համոզեմ ԿԳՆ-ի մակերեսային գործունեության մեջ, բերեմ ևս մեկ օրինակ: Պայուսակները պետք է թեթևանան: 21-րդ դարում գրքերը շատ արագ են հնանում: Կարելի էր վաղուց էլեկտրոնային պլանշետի մակարդակով լուծել այս խնդիրը: Փաստ է, որ մեր երեխաները ավելի հմտացած են էլեկտրոնային սարքերի օգտագործման հարցում:

Իսկ բովանդակային առումով ես՝ որպես ծնող, արդեն ունեմ խնդիր իմ 6-րդ դասարանցի որդու հետ, ով անկեղծորեն չի հասկանում, թե ինչու պետք է հստակ հիշի իրադարձությունների տարեթվերը, եթե այդ ամենը շատ հեշտ կարելի է գտնել համացանցում: Ու խնդիրը այն է, որ ընդամենը 4 տարի անց, եթե այսպես շարունակվի, ես պետք է իր հետ քննարկեմ տղամարդկանց հինգ հիմնական պահանջմունքներն ամուսնության ոլորտում: Ասում եմ ես, բայց դուք, հարգելի՛ ընթերցող, հուսամ, հասկանում եք, չէ՞, որ ձեր գլխին էլ է այս դամոկլյան սուրը կախված:

Բուհական թյուրիմացությունը

Դուք գիտե՞ք՝ որն է հայկական բուհերի հիմնական առանձնահատկությունը, եթե փորձենք համեմատել զարգացած երկրների հետ: Հայաստանի բուհերում հիմնականում դասավանդում են նրանք, ովքեր ուզում են դասավանդել, այլ ոչ երբեք նրանք, ովքեր տվյալ մասնագիտության կամ ոլորտի մեջ բարձունքների են հասել: Բերենք տիպիկ սյունիքյան օրինակ: Ո՞վ է դասավանդում Երևանի ճարտարագիտական համալսարանի հանքարդյունահանմանը վերաբերող ֆակուլտետներում: Ով ասես, բացի Հայաստանի թիվ 1 հանքարդյունահանողի՝ ԶՊՄԿ-ի գործնական մասնագետներից, ում սխալը կարող է միլիոններ արժենալ ընկերության համար: Համալսարանը ուղղակի պարտավոր է համագործակցել ոլորտում ամեն օր կոփվող մասնագետների հետ, սակայն մենք չենք ուզում այս խզումը վերացնել: Ժամանակակից հանքարդյունաբերողները և ժամանակակից կրթությունը չպետք է կիլոմետրերով միմյանցից հեռու գտնվեն: Իրականում, բոլոր ոլորտներում է այս խնդիրը: Հայաստանում իրական կյանքի մարտահրավերներին պատրաստ շրջանավարտներ ոչ մի համալսարան չի պատրաստում, դե իսկ գիտական գիտելիքների և գիտության մասին արդեն կարիք էլ չկա ևս մեկ անգամ խոսել:

Խելքը կրթությունով է

Ժամանակակից աշխարհում բոլորը գլուխ են ջարդում բարդ խնդիրների լուծման համար: Բարդ խնդիրներ լուծելու հնարավորությունը կոչվում է ինտելեկտ: Եթե մենք խելքներս գլուխներս չհավաքենք, ապա ևս մեկ անգամ կմնանք պատմության էջերում Անիի ավերակների տարբերակով: Անձամբ ես տարբերակում եմ ինտելեկտի չորս ձևաչափ: Դուք ուշադիր կարդացեք և եզրակացրեք, թե մեր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հատկապես որ մեկն է փորձում զարգացնել ձեր երեխաների մոտ առկա կրթական համակարգում:

  • Դասական ինտելեկտ - տրամաբանություն, խնդիրներ լուծելու ունակություն, ստեղծագործական միտք, ռազմավարական մտածողություն:
  • Ձեռքբերովի ինտելեկտ - Էներգիայով լի ու կենտրոնացվածություն ապահովող մտածողություն, կամքի ուժ, էմոցիաների վերահսկողություն
  • Սոցիալական ինտելեկտ - համոզիչ լինելը, սոցիալական շփման հմտություններ
  • Դինամիկ ինտելեկտ - հիշողություն, գիտելիք, նոր գիտելիքներ ստանալու հմտություն:

Մարդիկ բաժանվում են խելացիների և հիմարների, պետք չէ ձևեր թափել, թե բոլոր մարդիկ ինտելեկտով հավասար են: Գնալով՝ խելացի մարդիկ ավելի ու ավելի են հարստանում: Գնալով՝ մենք ավելի ու ավելի ենք սոցիալապես հետ ընկնում զարգացած  երկրներից, որտեղ կրթությունը և գիտությունը զարգացած են: Շուտով հեղափոխության մեկ տարին է լրանում, իսկ մենք գիտության զարգացման փոխարեն մեր երեխաներին դասավանդում ենք կեղծ գիտելիքներ ի դեմս Տղամարդկանց և կանանց հինգ հիմնական պահանջմունքների ամուսնության ոլորտում: Մեր հայրենակիցների իրական պահանջմունքը խելամիտ, ժամանակակից կրթական ռեֆորմներն են:

Արման Սուլեյմանյան

17:00 13.03.2019

Ամենաշատ ընթերցվածները