ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Մեծ պահք
20:00 13.03.2019

Մեծ պահք

«Մեկը կարող է կենդանու միս չուտել, բայց անընդհատ իր եղբոր միսը ծամել»

Եկեղեցական տոնացույցի համաձայն՝ տարին բաժանվում է տոնական և պահոց օրերի։ Պահոց 158 օրերի մեծ մասը կարճատև պահքեր են`օրապահքեր (չորեքշաբթի և ուրբաթ օրերը` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի մատնության և չարչարանքների) և շաբաթապահքեր, իսկ առավել ժողովրդականություն վայելող և ամենաերկարատև պահքը Մեծ կամ Քառասնորդական պահքն է, որն այս տարի սկսվել է մարտի 4-ից և, ներառելով նաև Ավագ Շաբաթը, կտևի մինչև ապրիլի 21-ը՝ Ս․ Զատիկ։ Ի՞նչ է պահքը, և  ո՞րն է դրա խորհուրդը։

Պահքը չի սահմանափակվում միայն կենդանական սննդից հրաժարումով. այն առաջին հերթին հոգեկան ու բարոյական ամեն տեսակի ախտերից ու մոլություններից, մեղանչական մտքերից, խոսքերից ու գործերից մաքրվելն է, զղջմամբ ու ապաշխարությամբ աստվածահաճո և առաքինի կյանքին դառնալը: Պահոց շրջանում կարևոր է հոգևոր շնորհների ու հատկապես մարդու ներսում մարդասիրության մեծացումը, քանի որ, ինչպես Եզնիկ Կողբացին է ասում. «Մեկը կարող է կենդանու միս չուտել, բայց անընդհատ իր եղբոր միսը ծամել»:

Շատերի համար պահքը սոսկ դիետա է՝ նիհարելու կամ որևէ հիվանդությունից ազատվելու համար։ Սա, իհարկե, սխալ մոտեցում է, բայց հնարավոր չէ հերքել, որ պահքն օգտակար է նաև բժշկական տեսակետից, հատկապես Մեծի պահոց շրջանում, քանի որ գարնանամուտն առանց ճարպային, կենդանական սննդի անցկացնելը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա:

«Պահքի շրջանը որքան էլ կապվի հավատալիքների հետ, դա նախ և առաջ օրգանիզմի կենսաբանական պահանջ է», - այս մասին մարտի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը:

Նրա խոսքով՝ ձմռանը մարդու օրգանիզմը հավելյալ կալորիաների՝ ճարպերի, սպիտակուցների և ածխաջրերի կարիք ունի, բայց գարնանը մարդու օրգանիզմն ավելի շատ բուսական սննդի պահանջ ունի. «Մենք, եթե նույնիսկ պահքի շրջանից անտեղյակ լինենք, գարնանն արդեն կենդանական կերակուրների կարիք չենք զգում»:

Անդրադառնալով պահքի կերակուրներին` Սեդրակ Մամուլյանը նշեց, որ հայկական խոհանոցում կան պահքի բազմաթիվ բաղադրատոմսեր, որոնց շարքում են շուրջ 300 տեսակի վայրի կանաչիների տապակաները։

Պահքի շրջանի կերակուրներից առանձնացրեց տոլմայի տարատեսակները, այդ թվում՝ պասուց դոլման, Վանա մշոշը, որ պատրաստում են ոսպով ու չրերով: Սեդրակ Մամուլյանը նշեց, որ պահքի շրջանում, բանջարեղենից բացի, նաև պետք է ընդեղեն օգտագործել՝ ոսպ, լոբի, սիսեռ, որպեսզի օրգանիզմը անհրաժեշտ սպիտակուցներ ստանա:

Խոհարարը նաև տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությունը նախատեսում է մշակել ազգային խոհանոցի զարգացման ռազմավարական ծրագիր, որտեղ նաև կլինեն պահքի, մանկական, դպրոցական, նույնիսկ սպորտային սննդի վերաբերյալ բաղադրատոմսեր:

Ինչպես բժիշկներն են ասում, կան մարդիկ, ում համար սննդային պահքը հակացուցված է։

Քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց չի կարելի կտրուկ փորձեր անել սննդակարգի հետ: Օրինակ՝ աղեստամոքսային տրակտի հիվանդություններով մարդկանց արգելված է հրաժարվել կենդանական ծագման սննդից: Բուսական սնունդը գրգռում է լորձաթաղանթը, որի հետևանքով կարող են սրվել տարբեր հիվանդություններ, այդ թվում՝ գաստրիտը, խոցը։ Հիվանդ մարդկանց սննդակարգը պետք է լիարժեք, հավասարակշռված լինի, սպիտակուցների մեծ պարունակությամբ, այդ թվում՝ կենդանական: Նույնը վերաբերում է սակավարյունություն ունեցող մարդկանց, քանի որ հիվանդությունը կարող է սրվել։

Պահքը, բնականաբար, արգելված է փոքր երեխաներին ու դեռահասներին, քանի որ նրանք զարգացման փուլում են գտնվում և աճող օրգանիզմ ունեն․ առանց համապատասխան սպիտակուցներ օգտագործելու զարգացումը լիարժեք չի լինի:

Սոնա Օհանջանյան

20:00 13.03.2019