ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Փորձնական արտադրանք․ շինանյութ՝ պոլիէթիլենից
21:00 14.03.2019

Փորձնական արտադրանք․ շինանյութ՝ պոլիէթիլենից

Կապանում 2017 թվականի հունվարից մեկնարկած «Բնապահպանական մարտահրավերների վերածումը հնարավորությունների․ շինարարական նյութերի ստացում պլաստիկ թափոններից» ծրագիրը կյանքի է կոչվում։ Մայիսին նախատեսվում է պաշտոնապես բացել մի արտադրամաս, որը թույլ կտա վերամշակել աղբը, ստանալ շինանյութ։ Եվրոպական միության, Կապանի համայնքապետարանի, «Ուրբան», «Հայ կոնսալտ» խորհրդատվական  հիմնադրամների, «Մրցունակ հասարակություն» սոցիալ-տնտեսական հկ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում  արտադրամասում շինարարական, կահավորման, սարքավորումների մոնտաժման վերջին աշխատանքներն են կատարվում։ ՌԴ-ից ժամանած մասնագետները, զուգահեռաբար տեղադրելով ռուսական արտադրության հոսքագիծը, կապանցի աշխատակիցներին սովորեցրին դրանք օգտագործել։ Արդիական սարքավորումները հիմնականում ավտոմատացված են, սակայն որոշակի գործեր ձեռքով են կատարվում։ Ալեքսանդր Ռոմանենկոն ասում է, որ հիմնական քայլերը յուրացրել են, սակայն փորձը գործածելու ընթացքում ձեռք կբերեն։

«Ծրագիրը ներառում է Սյունիքի և Վայոց ձորի մարզերը։ Ինը համայնք է ներգրավված։ Ֆինանսական բյուջեում Եվրոպական միության մասնաբաժինը կազմում է 68 տոկոս, 17 տոկոսը կառավարությունն է ներդրել, 15 տոկոսը՝ Կապանի համայնքապետարանը և մյուս երեք գործընկերները, սակայն  «Մրցունակ հասարակություն» սոցիալ-տնտեսական հկ-ն 2018 թվականից դուրս է եկել ծրագրից, և պարտավորությունը համայնքապետարանը վերցրել է իր վրա», - ասում է ծրագրի ղեկավար Դավիթ Ղազարյանը։

«Պլաստշին» ՀՈԱԿ-ի տնօրեն Նորիկ Հարությունյանը, ներկայացնելով արտադրամասի փորձնական արտադրանքը, նշեց, որ առայժմ մոտ 5-6 անուն շինանյութ են կարողանում ստանալ։ Փողոցների եզրաքարեր, սալիկների 2 տեսակ, կղմինդրներ, ցանկապատելու հանգույցներ՝ կանաչ տարածքները սահմանազատելու համար։ Պլաստիկից ու պոլիէթիլենից ստացված շինանյութի առավելությունների մասին խոսելիս տնօրենը ասում է, որ նյութը ամուր է, հիմնականում չի ջարդվում, թեթև է, երկարակյաց․ ամենաքիչը 50-60 տարվա կյանք ունի։

Շինանյութի բաղադրամասերը ավազն ու մանրացված պոլիէթիլենն են։ Այն հնարավոր է գունավորել։ Սարքավորման մեջ միախառնելով բաղադրամասերը՝ ջերմային մշակման են ենթարկում, որից հետո, կախված արտադրվող շինանյութի տեսակից, զանգվածը կշռվում է, և հումքը տեղափոխվում է  հաջորդ փուլ՝ մամլիչի մեջ վերջնական ձև ու կերպարանք ստանալու համար։
Ծրագրի նպատակն է նպաստել Սյունիքի և Վայոց ձորի մարզերի սոցիալ-տնտեսական համաչափ զարգացմանը՝ նորարարական, մատչելի տեխնոլոգիաներով պլաստիկ թափոններից շինանյութեր ստանալու միջոցով, խթանել աղբից պլաստիկի տարանջատումը՝ ձևավորելով բնապահպանական գիտակցություն և փոխելով մարդկանց վերաբերմունքը: Ակնկալվող արդյունքներն են՝ գործազրկության նվազում, բնապահպանական ռիսկերի նվազեցում, տուրիզմի զարգացում` հանգստի գոտիների բարեկարգման միջոցով։

Համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը առաջնահերթ կարևորեց արտադրամասում ստեղծվող աշխատատեղերը, այնուհետև՝ շրջակա միջավայրի պահպանությունը, քաղաքի սանիտարական վիճակը, քանի որ ծրագրի միջոցով կնվազի շրջապատում պլաստիկ աղբի քանակը: Համայնքը կունենա ցածր ինքնարժեքով սեփական արտադրության շինանյութ և քաղաքի բարեկարգման առավել մեծ հնարավորություններ։

Եվրոպական Միության և նրա գործընկերների նախաձեռնությունը միտված է մարզերի զարգացմանն ու կանաչ տնտեսության ստեղծմանը:

Նելլի Միրզախանյան

21:00 14.03.2019

Ամենաշատ ընթերցվածները