ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Պլաստիկ վիրահատությունների հոգեբանական արմատները
18:00 15.03.2019

Պլաստիկ վիրահատությունների հոգեբանական արմատները

Յուրաքանչյուրիս ինքնագնահատականը կախված է նրանից, թե որքանով ենք մենք ինքներս մեզ հավանում, իսկ շրջապատի հաճոյախոսությունները դարձնում են մեզ ավելի ինքնավստահ։ Կատարելության ձգտումը դարձել է 21-րդ դարի մոլուցքներից մեկը։ Շրջակա աշխարհը ամեն օր թելադրում է գեղեցկության նոր կատարելություն, որին հասնելը օրեցօր դառնում է ավելի անհասանելի։ Այս ամենը մեծ մասամբ պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմամբ։ Ամեն օր հեռուստատեսությամբ հանդես են գալիս գրեթե իդեալական արտաքինով և մարմնով մարդիկ, ովքեր որոշ հեռուստադիտողների ստիպում են թերարժեք զգալ իրենց։ Այս ազդեցությանը դիմանալը դժվար է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։

Չնայած նրան, որ ռիսկերը չեն արդարացնում ծախսերը, էսթետիկ վիրահատությունները հասարակության բոլոր շերտերի համար ամենաակտուալներից են։

Հոգեբանները պլաստիկ վիրահատությունների նման տարածումը բացատրում են պերֆեկցիոնիզմով (կատարելության ձգտում): «Պերֆեկցիոնիզմը ժամանակակից մարդու անզուսպ ձգտումն է դեպի նյութական հարմարավետություն, հասարակության մեջ բարձր դիրքի գրավում և մարմնական գեղեցկություն: Ժամանակակից մարդը մշտապես փորձում է համապատասխանել հասարակության սպասումներին, այդ թվում` գեղեցկության ընդունված չափանիշներին: Հնարավոր է` իր արտաքինն իրեն դուր է գալիս, սակայն վախենում է յուրօրինակությամբ ուրիշների աչքին ծիծաղելի երևալ։ Գեղեցիկի պատկերացումը ձևավորվում է հասարակական ակնկալիքների միասնության արդյունքում, որը կարող է տարբեր լինել մեկ մշակույթից մյուսին անցնելիս: Սակայն ժամանակակից աշխարհում տարբերությունները քչանում են», - ասում է հոգեբան Հ․Հովհաննիսյանը։ Ըստ նրա՝ պլաստիկ վիրահատությունը շատերի համար, պարզապես, սթրեսը հաղթահարելու տարբերակներից մեկն է։  «Իրականում արտաքինը փոխելու մղումը այն ճանապարհն է, որը հավանական է թվում դեպրեսիան հաղթահարելու համար: Շատերին թվում է, որ իրենք տխուր են, որովհետև մեծ քիթ ունեն կամ ինչ-որ բան այն չէ արտաքինում: Սակայն գեղեցիկ արտաքինը դեռևս բավարար չէ հոգեկան հավասարակշռության համար: Նրանք շփոթմամբ հավասարության նշան են դնում գեղեցիկ արտաքինի և լավ ինքնազգացողության միջև: Երբ որոշակի շտկումներից հետո էլ դեպրեսիան չի հաղթահարվում, նրանց մեջ առաջանում է մեկ այլ ցանկություն կատարելության հասնելու համար», - ասում է հոգեբանը:

Այնուամենայնիվ, մարդիկ, ովքեր ուզում են բարձրացնել ինքնագնահատականը, ու՞մ պետք է այցելեն՝ վիրաբույժի՞ն, թե՞ հոգեբանին։

«Հոգեբանական օգնություն չի կարող լինել, երբ անձն ինքը չի ցանկանում դա: Երբեմն մարդու համար ավելի հեշտ է քթի վիրահատություն անել, քան թե խոսել իր հույզերի մասին, ինչը, բավականին ցավոտ է: Երբեմն, մարդն ինքն իրեն պետք է խոստովանի փաստեր, վախեր, ընդունի իր թուլությունները, հուսահատությունները: Խնդիրը կարող է ավելի խորքային լինել` կապված մարդու կայացման, չարդարացված հավակնությունների, սոցիալական և այլ գործոնների հետ: Այս ամենը կարող է տանել մի փակուղի, որի անունն է դեպրեսիա։ Հոգեբանին այս դեպքում ավելի ճիշտ կլինի դիմել՝ դեպրեսիայի արմատները գտնելու համար, և միայն դրանից հետո հաճախորդը կարող է որոշել հետագա իր անելիքը», - ասում է նա:

Հոգեբանը հավելում է, որ անթերի արտաքինի ձգտելը սխալ միտում է, քանի որ անթերի ոչինչ չի լինում: «Եթե ձեր ինքնագնահատականը, այնուամենայնիվ, որոշել է, որ դուք մարմնի այս կամ այն մասի, մկանահատվածի թերություն ունեք, որն ուզում եք շտկել, անպայման դիմեք մասնագետի, ով կարող է օգնել բացահայտելու՝ արդյո՞ք չունեք հոգեբանական խնդիր», - եզրափակում է նա:

Ըստ վիճակագրության՝ Հայաստանում մեծ տարածում ունի քթի պլաստիկան, վիրահատության դիմողների միջին տարիքը 25-35-ն է, և դիմողների մեծ մասը կին է (4 անգամ ավելի շատ, քան տղամարդիկ):

Սոնա Օհանջանյան

18:00 15.03.2019

Ամենաշատ ընթերցվածները