ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Փականագործը՝ Գանձասարից
20:00 16.03.2019

Փականագործը՝ Գանձասարից

Սվարանցից՝ Քաջարան

1968 թվականին Գորիսի շրջանի Սվարանց գյուղից դպրոցը նոր ավարտած պատանի Արտուշ Մարգարյանը տեղափոխվեց Քաջարան: Նպատակը շինարարական տեխնիկումում սովորելն էր:

«Քաջարանում բացվել էին միջնակարգ մասնագիտական հաստատություններ, և շատերն էին գյուղերից գալիս՝ կրթություն ստանալու: Եղբայրս արդեն այստեղ էր: Երիտասարդ էինք, սովոր աշխատելուն, գործից չէինք վախենում, պատրաստ՝ օր ու գիշեր անել՝ հանուն բարօրության, - պատմում է նա ու շարունակում, - տեխնիկումն ավարտելուց հետո անմիջապես աշխատանքի անցա «Քաջարանշին» տրեստում: Աշխատելու ընթացքում հասկացա, որ ինձ սրտամոտ են մեխանիզմ-սարքավորումները, ուստի խնդրեցի՝ կռունկավար աշխատելու հնարավորություն տալ: Խնդրանքս բավարարվեց, անցա համապատասխան դասընթացներ և ստացա կռունկավարի մասնագիտացում:  Շուտով մեկնեցի խորհրդային բանակ: 1977 թվականն էր,  երբ ծառայությունս ավարտելուց հետո կրկին վերադարձա Քաջարան և անդամագրվեցի կոմբինատի մեծ կոլեկտիվին՝ արդեն որպես փոխադրամիջոցների վերանորոգման փականագործ»: 

Քաջարանում էլ ծանոթացել է նույնպես սովորելու նպատակով Գորիսից այստեղ եկած Սիլվա Մարգարյանի հետ:

«Հարևան շենքերում էինք ապրում՝ բարեկամ - հարազատների մոտ: Աստիճանաբար ընտելանում էինք նոր միջավայրի: Քաղաքը հավանել էի, և արդեն հասունանում էր այստեղ աշխատելու, հաստատվելու միտքը, - հիշում է տիկին Սիլվան, - հարազատ գյուղեր այցերն աստիճանաբար դառնում էին հանգստյան օրերի հաճելի զբաղմունքներից: Մեր աչքի առաջ արդյունաբերական քաղաքում օրեցօր վեր էին խոյանում բազմաբնակարանները, աշխուժանում էր կյանքը, բնակչությունն էլ՝ ավելանում: Նոր միջավայրը երիտասարդներիս գրկաբաց ու սիրալիր ընդունեց»: Ընտանիք կազմեցին, ունեցան երեք զավակ:

«Ուշադիր և հոգատար հայր է, - ասում է դուստրը՝ կոմբինատի հետազոտական լաբորատորիայի աշխատակից Նարա Մարգարյանը, - ընտանիքում երբեք ձայնը չէր բարձրացնում, մեզ խրատելու համար բավական էր մի խրոխտ հայացքը: Հաճախակի դպրոց էր գալիս, մեր դասերից տեղեկանում: Միշտ ոգևորվում էր ամենափոքր հաջողությամբ և մեզ էլ՝ ոգևորում»:

 Ոչինչ չի փոխվել, հիմա էլ՝ թոռների հետ է այդպես: Պապի հետքերով է գնում նրանցից Վլադիմիր Հարությունյանը, ով արդեն 5-րդ տարակարգի փականագործ է:

«Մասնագիտական հմտություններ ու գաղտնիքներ այժմ նրան եմ փոխանցում և օրըստօրե համոզվում՝ մի օր վարպետ դարձած թոռովս կհպարտանամ», - ասում է երկարամյա  փականագործը:

Արտադրամասում լավագույններից է…

Իսկ թե աշխատանքային ինչ տարեգրություն ունի Արտուշ Մարգարյանը, հետաքրքրվեցինք գործընկերներից: Ղեկավարները միաձայնում են՝ արտադրամասում լավագույններից:

«Արտուշը հմուտ է, պատասխանատու և ուրույն աշխատաոճ ունի: 1987 թվականից համատեղությամբ աշխատել է նաև որպես կռունկավար, այդ թվականին կոմբինատի ձեռք բերած RDK – 160/2 թրթուրավոր կռունկը այժմ էլ համարյա գործարանային վիճակում է, աշխատել և աշխատում է անխափան: Դա՝ Արտուշ Մարգարյանի շնորհիվ․ մեխանիզմը նրա պարծանքն է ու հպարտությունը», - նշում է գործընկերը՝ Ազատ Մովսիսյանը:

Արտադրամասում «Բելազ»-ների փոխանցման տուփերի խնդիրները լուծում են ստանում արագ ու օպերատիվ՝ փականագործ Մարգարյանի և նրան աշակերտած մասնագետների թիմի շնորհիվ:

Իր աշխատանքային տարեգրության մասին երկարամյա լեռնագործը համեստորեն խոսեց. «Հաջողություններիս համար պարտական եմ առաջին հերթին վարպետներիս, նրանցից՝ Արշավիր Առաքելյանին:

Լավ հիշել եմ խորհուրդներն ու միշտ առաջնորդվել դրանցով: Հետո ինքս աշակերտներ ունեցա, այժմ հպարտանում եմ, երբ նրանց մասին եմ գովեստի խոսքեր լսում, տեսնում՝ աշխատանքի նկատմամբ նվիրումն ու մասնագիտական հաջողությունները», - նշում է նա:

Շուտով ավարտվում է Արտուշ Մարգարյանի աշխատանքային գործունեությունը հարազատ ձեռնարկությունում, ասում է՝ սիրով է զիջում իր տեղը երիտասարդներին:

«Համոզված եմ՝ իրենց պարտականությունները պատվով են կատարելու: Իսկ ես հաճույքով նրանց կերտած աշխատանքային ճանապարհի ականատեսը կլինեմ», - ամփոփում է զրուցակիցս:

Լիլիթ Իսրայելյան

20:00 16.03.2019

Ամենաշատ ընթերցվածները