ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Երբ միաձուլվում են միտքը, մարմինը և հոգին
19:00 17.03.2019

Երբ միաձուլվում են միտքը, մարմինը և հոգին

Մտքի, մարմնի և հոգու միաձուլումը բառացիորեն նշանակում է յոգա, որի կիրառելիությունը 20-րդ դարի կեսերից տարածվեց ամբողջ աշխարհում: Ավելի քան հազար տարի առաջ այն մեծ տարածում ուներ Արևելքում, իսկ Արևմուտքում հայտնվեց ավելի քան մեկ դար առաջ:

Այսօր աշխարհում ավելի քան 250 միլիոն մարդ զբաղվում է յոգայով:

Հին ժամանակներում դա փակ համակարգ էր, քանի որ տեխնիկան և պրակտիկան շատ ուժեղ էին և տալիս էին իրական հզորություն: Յոգան հստակ գիտություն է, որտեղ կան բազմաթիվ հատուկ վարժություններ,որոնք թույլ են տալիս արտահայտել մարդու ներուժը, բացահայտել յուրաքանչյուր անհատի բնորոշ հսկայական ֆիզիկական և մտավոր ունակությունները և պահպանել լավ ֆիզիկական վիճակ: Շատ յոգերի կարծիքով յոգան հնարավորություն է տալիս դուրս գալ գորշ առօրյա կյանքից  և մտնել նոր, ֆանտաստիկ և կախարդական աշխարհ: Առաջին գործոնը, որը գրավում է մարդկանց, բազմակողմանիությունն է, քանի որ ցանկացած տարիքի և ֆիզիկական պատրաստվածության տեր մարդ կարող է զբաղվել յոգայով:

Յոգան Հայաստանում

ԱՊՀ երկրներում յոգան տասնյակ տարիների պատմություն ունի: Այն ֆիզիկական և հոգևոր զարգացման ամենատարածված տեսակներից է, որը աշխարհի ֆիտնեսի ոլորտում հիմնական ուղղություններից է: Հայաստանում յոգայի զարգացման գլխավոր քայլերից էր Հայաստանի յոգայի ֆեդերացիայի հիմնադրումը, որի նպատակն է միավորել և համախմբել երկրում գոյություն ունեցող յոգային տարբեր կազմակերպությունների գործունեությունը՝ ուղղված յոգայի՝ որպես առողջ ապրելակերպի և երջանիկ կյանքի գրավականի, հեղինակության բարձրացումը:

«Հայաստանի յոգայի ֆեդերացիան միջազգային ֆեդերացիային է անդամակցում, որը հնարավորություն է տալիս համագործակցել, փորձի փոխանակում, ուսուցչական դասընթացներ ու վերապատրաստումներ իրականացնել: Ֆեդերացիան իրականացնում է նաև ֆլեշմոբեր, վորկշոփեր, խմբակային մեդիտացիաներ և անհատական դասընթացներ», - նշեց յոգայի մասնագետ Մարինա Բարոյանը:

Հայաստանում յոգայի հայտնիության մասին փաստում են նաև յոգայի դասընթացները,որոնք կարելի է գտնել գրեթե բոլոր ֆիտնես ակումբներում: Տարիքային սահմանափակումներ չկան, բայց Հայաստանում հաճախում են մինչև 50 տարեկան անձինք: Շատերը հաճախում են առողջական խնդիրների, ոմանք՝ ժամանց անցկացնելու, իսկ ոմանք էլ՝ ներքին ներդաշնակություն ձեռք բերելու համար:

Յոգան ավանդական բժշկության փոխարինող

Գաղտնիք չէ, որ շատերը սկսում են զբաղվել յոգայով առողջական խնդիրների պատճառով: Ժամանակակից մարդիկ, որպես կանոն, նստակյաց կյանք են վարում: Նրանց ֆիզիկական ակտիվության մակարդակը նվազում է տարեցտարի: Մարդիկ, ովքեր նստակյաց կյանք են վարում, տառապում են գիրությունից, ավելորդ քաշից, ինչպես նաև սրտանոթային հիվանդություններից:

Մարինա Բարոյանը նշում է, որ ցանկացած ասանա (յոգայի ութփուլանի համակարգի երրորդ  փուլն է,որն ուղղված է մարդու ֆիզիկական մարմնի ամրացման ու կոփման միջոցով ավելի բարենպաստ վիճակի բերել, որպեսզի լավագույնս ծառայի մարդուն) և պրանայամա (չորրորդ փուլն է, որն ուղղված է հզորացնելու ֆիզիկական մարմինը, հղկել միտքն ու օգնել մարդու լիարժեք եռամաս ինքնակատարելագործմանը, որում հավասարապես կարևոր են մարմինը, միտքը և հոգին) ունի ցուցումներ և հակացուցումներ: Կանոնավոր պրակտիկաների ընթացքում կարելի է ազատվել շատ հիվանդությունների ախտանշաններից:

Հաճախ յոգան առաջ է անցնում ավանդական բժշկությունից, երբ խոսքը վերաբերում է մեջքի ցավերին: Փորձարկումներից մեկի ժամանակ պարզվել է, որ մեկ շաբաթվա ընթացքում  երկու անգամ յոգայով զբաղվող մարդիկ կարողացել են կրճատել իրենց ցավը:

Հայաստանյան իրականության մեջ յոգայով բուժվողների թիվը նույնպես քիչ չէ:

31-ամյա Աննան արդեն 2 տարի է, ինչ զբաղվում է կանոնավոր յոգայով: Յոգայի պարապմունքների հաճախել է ավելորդ քաշի պատճառով, բայց որոշ ժամանակ անց այն դարձել է ապրելակերպ:

«Նիհարել եմ առանց դիետաների և առողջությանս վնաս հասցնելու: Իմ դեպքը մի փոքր այլ է,քանի որ ավելորդ քաշիս պատճառը ոչ այնքան սննդակարգս էր, որքան հոգեկան ապրումներս: Իհարկե, դրանից հետո խախտվեց նաև սննդակարգը և ռեժիմը: Յոգայի միջոցով կարողացա ազատվել ավելորդ քաշից և ցելյուլիտներից: Բացի դրանից՝ կարողացա հասնել ներդաշնակության և ներքին հանգստության: Մեդիտացիան եւ շնչառական վարժությունները հնարավորություն են տալիս ժամանակավորապես կտրվել արտաքին աշխարհից եւ կենտրոնանալ մեզ վրա: Կարծում եմ` նյարդային համակարգի համար լավագույն հանգիստն է», - նշեց Աննան:

23-ամյա Անիտան տևական ժամանակ մեջքի ցավեր ուներ, որի պատճառը նստակյաց կյանքն էր: Կորսետներ հագնելու փոխարեն որոշեց զբաղվել յոգայով:

«Երկար ժամանակ տանջվում էի մեջքիս ցավերի պատճառով: Բժիշկները խորհուրդ տվեցին կորսետներ օգտագործել, բայց ընկերներիցս մեկը, ով երկար տարիներ յոգայով է զբաղվում, առաջարկեց մի քանի օր իր հետ զբաղվել: Ասեմ, որ արդյունքը հաճելիորեն զարմացրեց: Ցավերը գնալով քչացան, իսկ ողնաշարս ոչ ամբողջությամբ, բայց որոշ չափով ուղղվեց: Հուսով եմ՝ որոշ ժամանակ անց վերջնական արդյունքի կհասնեմ», - նշեց Անիտան:

Եթե որոշ հիվանդություններ կարելի է ինքնուրույն բուժել յոգայի օգնությամբ,ապա որոշ դեպքերում էլ պետք է խորհրդակցել բժշկի հետ:Նման հիվանդությունների շարքին է պատկանում միջողային ճողվածքը:

41-ամյա Արմինեն երկար տարիներ մեջքի ցավեր ուներ, որի պատճառը միջողային ճողվածքն էր:

«Խորհուրդ տվեցին զբաղվել յոգայով, բայց մինչ այդ ասացին խորհրդակցեմ մասնագետների հետ: Որպեսզի պարապմունքները արդյունավետ լինեն, պետք է որոշ կանոնների հետևել: Օրինակ՝ պետք է այնպիսի վարժություններ կատարել, որոնք ցավեր չեն առաջացնում: Պարապմունքները պետք է տևական բնույթ կրեն,քանի որ մի քանի պարապմունքով արդյունքի չես հասնի: Խնդիրը դեռ ամբողջությամբ չի լուծվել, բայց ցավերը քչացել են», - նշեց Արմինեն:

Ժամանակակից հասարակության մեկ այլ խնդիրներից է մշտական սթրեսը և քրոնիկական հոգնածությունը, որի հետևանքով առաջանում են անքնություն, ախորժակի բացակայություն, քրոնիկ դեպրեսիաներ: Մասնագետների կարծիքով՝ այս խնդրի լուծումներից կարող են լինել յոգան և մեդիտացիան, որը կարող է բերել մարմնի, մտքի և հոգու ներդաշնակության:

Ի՞նչ կարող է տալ մեդիտացիան ժամանակակից մարդուն

Երիտասարդության և առողջության պահպանման լավագույն միջոցը մեդիտացիան է. այն հավասարակշռում է զգացմունքները և հանգեցնում ներդաշնակության:

Մեդիտացիան վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին՝ առողջությանը, հոգևոր վիճակին, ընդհանուր ինքնազգացողությանը, ներքին օրգաններին՝ միշտ դրականորեն ազդելով նրանց վրա: Մեդիտացիայի միջոցով մարդու մարմինը հայտնվում է հանգիստ ռեժիմում, քանի որ խորը և երկարատև հանգստացումը ազդում է նյարդային համակարգի վրա,որն էլ իր հերթին կարող է հանգեցնել դանդաղ ծերացման:

‹‹Մեդիտացիան թույլ է տալիս կենտրոնանալ մեկ գործողության վրա (օրինակ՝ շնչառություն): Այսօր ավելի շատ տարածված են Office yoga practice-ը (գրասենյակային պրակտիկաները), որի ընթացքում որոշ չափով կարելի է թոթափել սթրեսները,հանգստացնել ամբողջ նյարդային համակարգը, սովորել զգալ ներկան››, - նշեց Մարինե Բարոյանը:

Բացի ֆիզիկական ազդեցությունից չպետք է մոռանալ նաև հոգեբանականի մասին:

Շատերի դեպքում սթրեսին փոխարինելու են գալիս այլ հիվանդություններ, որի ժամանակ մեդիտացիան օգնում է բացասական դաշտից տեղափոխվել դրականի, օգնում է մարմնին ավելի արագ բուժվել և ամրացնել իմունային համակարգը: Սակայն որոշ մարդկանց համար մեդիտացիան ոչ միայն հիվանդություններից պաշտպանվելու և առողջությունը պահպանելու միջոց է, այլև պայծառ, երջանիկ և ներդաշնակ ապագա կառուցելու միջոց:

Մանե Բաբայան

19:00 17.03.2019

Ամենաշատ ընթերցվածները