ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Հ․Մաթևոսյան «Մեծամոր»
17:00 17.03.2019

Հ․Մաթևոսյան «Մեծամոր»

Ունես հարուստ անցյալ։ Այդ անցյալի հետ, սակայն, խելացի վարվել է պետք։ Մինչդեռ հայացքդ շարունակ թափառում է հազարամյակների խորքերում և վերադառնում միայն պարծենալու կամ նվնվալու համար։ Քո դարավոր պատմությու՞նն է պատճառը, որ շարունակ կառչում ես անցյալից։ Ի՞նչն է խանգարում։ Ե՞րբ ես վերադառնալու և վերջապես ապրելու ներկայով։ 20-րդ դարի 60-ական թվականներին է Հրանտ Մաթևոսյանը գրել «Մեծամոր» խոհագրությունը (էսսեն), որի հարցադրումները ընթերցողին անտարբեր չեն թողնում։

Կարծես երկու մարդ է զրուցում ընթերցողի հետ։ Մեկը նրան տանում է  դեպի անցյալ, մյուսը սաստում է՝ ապրի՛ր ներկայով։ Զրույցը երբեմն կարող է թեժանալ՝ վերածվելով վեճի։ Դեպի անցյալ գնալու, այնտեղ պեղումներ կատարելու և տեղի-անտեղի պարծենալու գայթակղությունը մեծ է։ Ովքե՞ր էին, ասենք, մեր թվագրությունից առաջ տասնչորսերորդ դարում Եգիպտոսը նվաճած հիքսոսները․ «Նվաճողները հատում ու խոցում էին պողպատե թրերով և նրանց մարտակառքերի անիվները շուրջանակված էին երկաթով»։

Առեղծվածը լուծելու ճանապարհն էլ հայտնի է՝ ստուգաբանություն․ «Եգիպտոսում չկար յ կիսահնչյունը․ եգիպտացիները եթե գրելու լինեին Հայք՝ պիտի գրեին Հաիք։ Եգիպտոս-Եղըպտոս-Ղըպտոս-Ղըպտ։ Հիքսոս-հիք-հէք-հայք-հայ»։ Բայց հետո չքացան հիքսոսները։ 1918-ին Սարդարապատում էլ չկային, չէին օգնում Մեծամորի բլրի տակ կանգնած մեր հրետանուն․ «Ամբողջ օրը մեր հրետանին քանդուքարափ էր անում մեր Սարդարապատը, ապա տղերքը լծվեցին և, եզան պես առանց ձայնի լաց լինելով, թնդանոթները թիզ առ թիզ քաշեցին Արագածն ի վեր Ապարան, որովհետև թշնամին ազնիվ ճակատամարտ, ազնիվ հաղթանակ կամ պարտություն չէր ուզում, քանի որ թշնամի չէր, այլ բորենի, և բորենին մեր ողկույզը չէր ուզում, այլ մեր լեշը»։

Տասնամյակներ անց թուրք գրողը ուզում է գիրք գրել քսանական թվականների իր ազգային-ազատագրական բանակի մասին, որ Շիրակում ոչնչացրեց երկու հարյուր հազար հայ։ Հետաքրքիր է, թե ինչ է ասելու իր բանակի վայրագության մասին․ «Ասելու է «երկու հարյուր հազար զավթի՞չ ոչնչացրին», մեկ միլիոնից երկու հարյուր հազարս զինվո՞ր էինք։ Ասելու է «չենք ոչնչացրել, իրե՞նք են մեզ ոչնչացրել», ասելու է «լա՞վ ենք արել»»։

Սա ցավն է, որ չի թողնում հանգիստ ապրել։ Բայց այս ամենին հետևում է սաստող խոսքը․ «Եռանդուն մարդկանց մի ցեղ, որ իրեն հիքսոս էր կոչում, հյուսիսի Արարատ երկրում պողպատը․․․ Ո՛չ, մի՛ պարծեցիր։

Ազնիվ Դիլբասին փնտրում է 1915-ին անհետ կորած իր Համազասպ հորը, Արուսյակ մորը, երկու միլիոն եղբայրներին ու․․․ Մի՛ նվնվա»։

Խոսքն ասված է։ Բայց պարծեցողը շարունակում է պարծենալ՝ չնայած զգուշացմանը․ «Օ՜ֆ, ձենդ կտրի՛ր և մի՛ ասա, թե հայոց Տիգրան թագավորը մեծ զորավար էր»։

Նվնվացողը շարունակում է նվնվալ՝ չնայած հորդորին․ «Հերն անիծած, հիսուն տարվա մեռել Թալեաթն ո՞վ է, որ այնտեղից այստեղ թունավորի իմ կենաց բաժակը․․․ Հերն անիծած, ունես կանգնելու տեղ, այս հազարամյա կավոտ այգիներից պոկի՛ր մի ողկույզ շեկ խաղող, մատներիդ մեջ պահի՛ր մի բաժակ կոնյակ արևի դեմ, կանգնի՛ր լավաշհաց փռած հովտում Նոյի լեռան կողքին և ասա՛․ ես ե՜ս եմ»։

Բայց չես ասում։ Միտքդ անցյալում է, հիքսոսների ու Տիգրան Մեծի հետ։ Ու քանի դեռ միտքդ պեղումների մեջ է, քո երկրի փոքրամասնությունների ներկայացուցիչները պարգևատրվում են տասը-տասնմեկ երեխա ծնելու համար։ Իսկ այգին ջրելու գնացած քո ջրվորը Արգիշտիի ժամանակների կարասներ է գտնում, տնտեսության ղեկավարն էլ սրտնեղում է․ «Արա, ես քեզ ծառ ջրելու եմ ղրկե՞լ, թե կարաս գտնելու»։ Եղածը եղած է։ Այգին կդառնա թանգարան, այգեպանը՝ հյուրերի առջև թանգարանի դուռը բացող․ «Իսկ հացն ու գինին, ինքնաթիռով, թող բերեն Մադագասկարից։ Ինքնաթիռին մի բան պատահի՝ թող ուտեն թանգարանի կարասներն ու ուլունքները»։

Ճիշտ է, այգու տերը դեռ չի հանձնվում։ Կարասները իր այգում է գտել՝ չի ուզում պահել։ Կոտրում է․ «Եվ վերջապես Արգիշտին՝ թագավոր, ես՝ գյուղացի մարդ – թըխկ - մեր շահերն իրար չեն բռնում, գնացեք գիրք կարդացեք – թըխկ – շըխկ։ Մեծ երկիր էինք՝ բան չմնաց։ Եղածն էլ Արգիշտու՞ն տանք – թըխկ – շըխկ – թըխկ – թըխկ – թըխկ․․․»։

Ընդվզողը միայն այգու տերը չէ։ Սաստող ձայնն էլ չի հանդարտվում։ Շարունակում է սթափեցնել․ «Հերն անիծած, այս ժողովուրդը իր ծանր մշակույթն այնպես է քաշում, ինչպես կռվում է մրջյունը լիքը հասկի դեմ»։ «Ծանր մշակույթը» ենթադրում է նաև ծանր անցյալ։ Ուրեմն թեթևացրու՛ այդ անցյալը։ Հիքսոսնե՞րն են խանգարում։ Դե՛ն նետիր կամ մոռացի՛ր և ապրի՛ր ներկայով։ Միայն թե անխարիսխ մի՛ մտիր ծով․ «Գիտե՞ս ինչ, կյանք է՝ և մի՛ ակնկալիր անփոթորիկ ծով և եթե խորտակվում ես՝ մեղքը քոնն է և ոչ թե փոթորկինը, քանի որ փոթորիկը ծովն է։ Ու՞ր է խարիսխդ։ Խարի՜սխդ․․․»։

Գրվածքի ուղերձները, ցավոք, արդիական են նաև մեր օրերում։

Արթուր Իսրայելյան    

17:00 17.03.2019

Ամենաշատ ընթերցվածները