ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժվող Դավիթը՝ սպորտային մեկնաբան
17:00 16.03.2019

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժվող Դավիթը՝ սպորտային մեկնաբան

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի  բուժում ստացող 22-ամյա Դավիթ Սարգսյանի սպորտային մեկնաբան դառնալու երազանքն արդեն իրականություն  է: Այսօր նա մեկնաբանում է Հայաստանի առաջնության հանդիպումներից մեկը՝  Գանձասար-Կապան- Շիրակ խաղը: 

Այս լուրով ֆեյսբուքյան իրենց էջում կիսվել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը: Վերջինս գրել է. «Դավիթն այսօր կմեկնաբանի Հայաստանի առաջնության հանդիպումներից մեկը։ Վստահ եմ, հաջողություն ես գրանցելու և ապագայում փայլուն մեկնաբանելու ես մեր հավաքականի խաղերը»: 

Ռեկտորը նշել է, որ Դավիթի երազանքներից մեկը ֆուտբոլային խաղ մեկնաբանելն էր:

Panorama.am-ին  ԵՊԲՀ-ից հայտնեցին, որ Դավիթը հաճախել է սպորտային մեկնաբանի պատրաստման դասընթացների:

Դավիթը սովորում է Երևանի պետական համալսարանում, ընտրել է պատմաբանի մասնագիտությունը: Վերականգնողական կենտրոնում Դավիթը ուսումնասիրել է օտար լեզուներ: Նա աշխատել է ԱԻՆ 911 ծառայությունում, այժմ էլ աշխատում է կրթական հիմնադրամներից մեկում:

Նշենք, որ Դավիթը վիրավորվել է 2015 թվականին, դիրքերից իջնելիս անզգուշությամբ վայր է ընկել բարձրությունից և ստացել  ողնուղեղի սալջարդ։

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում շրջայց կատարելուց հետո Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը խոստացել էր ԱԱԾ-ում և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում աշխատանքի վերցնել կենտրոնում բուժվող տղաներին։

Նշենք նաև, որ  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 2018 թ-ին Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն այցելելուց հետո պետական և մասնավոր ոլորտի ներկայացուցիչներին կոչ էր արել իրենց մոտ աշխատանքի ընդունել զինծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց։

Աղբյուր` Panorama.am

17:00 16.03.2019