ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Բալկանյան երկրների առաջնությանը հաղթողը
21:00 18.03.2019

Բալկանյան երկրների առաջնությանը հաղթողը

Վերջերս Ստամբուլում տեղի ունեցավ թեթև աթլետիկայի Բալկանյան երկրների առաջնությունը: Մասնակիցների մեջ էր նաև կապանցի 23-ամյա աթլետ Լևոն Աղասյանը, ով առաջին տեղը զբաղեցրեց: Միջազգային կարգի սպորտի վարպետը երեք անգամ է մասնակցել այս առաջնությանը և երեք անգամ էլ փայլուն հաղթանակ տարել:

16 մ 17սմ բարձր արդյունքով Լևոն Աղասյանը առաջ անցավ ադրբեջանցի և թուրք մարզիկներից: Աթլետի խոսքով՝ թուրք մարզասերներից որևէ վատ վերաբերմունք չտեսավ, պարզապես որոշ լարվածություն կար հիմնականում ադրբեջանցիների հետ հարաբերություններում, ասում է՝ մի փոքր սառն էին իրենց հանդեպ։ «Ցանկացած մրցում ավարտելուց հետո ունենում եմ այնպիսի զգացողություն, որ ավելին կարող էի անել և ավելի բարձր արդյունքներ գրանցել: Վերլուծելուց հետո պարզ է դառնում, որ թերացումները հիմնականում տեխնիկական բնույթի են: Բայց ոչ մի դեպքում հանձնվել պետք չէ, պարզապես հարմարվել է պետք այն պայմաններին, որոնք առկա են, ինչպես նաև՝ մշտապես աշխատել, հակառակ դեպքում սխալները կարող են կանխորոշիչ լինել»:

Սպորտի հանդեպ պատկերացումները տարբեր են․ ոմանց համար սպորտը պարզապես սովորական մի երևույթ է, գործողությունների շարք, մյուսները դրա մեջ տեսնում են դժվարությունները հաղթահարելու  միջոց, իսկ Լևոնի համար այն կենսակերպ է․ «Շատ կարևոր է, որ զբաղվես այնպիսի մասնագիտությամբ կամ ունենաս այնպիսի զբաղմունք, որը քեզ երջանիկ կդարձնի: Իմ դեպքում դա այդպես է: Պետք է հարգես ու սիրես այն, ինչով զբաղվում ես, պետք է մշտապես աշխատես ինքդ քեզ վրա»:

Առաջիկայում մի շարք ծրագրեր կան. Լևոնը մասնավորապես հունիսին կմասնակցի հանրապետության առաջնությանը և Իտալիայում կայանալիք ուսանողական խաղերին:

Անուշ Միրզոյան

21:00 18.03.2019

Ամենաշատ ընթերցվածները