ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Weekend-ը գյուղերում
19:00 19.03.2019

Weekend-ը գյուղերում

Հանգստյան օրերին վարչապետը անակնկալ այցով Արարատի մարզի գյուղեր այցելեց: Այցը հանգստյան օրերին էր, հաշվենք, որ դերվիշի շոր հագած թագավորի այցի պես մի բան էր: Ուշագրավ էր, սակայն, այլ բան: Փաշինյանը շատ արագ կողմնորոշվում էր գյուղի խնդիրների լուծման հարցերում: Կարելի է ասել, նա դա անում էր օնլայն ռեժիմով, մինչդեռ մարզպետն ու գյուղապետերը կարծես լուսնից էին իջել, և ընդհանրապես նրանց պահվածքը ինձ հիշեցնում էր հենց նույն հայկական հեքիաթների խոնարհված նազիր-վեզիրների «Թագավորն ապրած կենա» կերպարը:

Մեր պետությունը արդեն հասցրել է բազմամիլիարդանոց վարկեր կուտակել այս գյուղերի ենթակառուցվածքների վերանորոգման կամ կայացման համար, սակայն բան չի արվել կամ գրեթե բան չի արվել: Երևանից 10 կիլոմետր հեռանալուն պես համայնքներում անհետանում են ճանապարհները, ջրամատակարարումը, մանկապարտեզները և այլն: Ինչպե՞ս ապրել բարեկեցիկ, եթե երեխան մանկապարտեզ չի գնում, բոստանն էլ չի ջրվում ջուր չլինելու պատճառով: Այս իրավիճակում պետք է հստակ նախանշել երեք խնդիր և գնալ դրանց լուծմանը օր առաջ:

  1. Բացահայտել բոլոր վարկային ծրագրերը, որոնք պետք է շենացնեին տվյալ համայնքը, սակայն ոչ արդյունավետ են օգտագործվել: Գտնել մեղավորներին և պատժել:
  2. Համայնքի ղեկավարին, ով միայն վարչապետին բողոքում է և չունի համագյուղացիների կյանքը բարելավելու ծրագիր՝ ըստ ժամկետի, անմիջապես հեռացնել պաշտոնից: Որպես կանոն գյուղապետերը միայն իրենց ազգուտակի համար են լավ աշխատում:
  3. Ամեն գյուղի ռազմավարական, թիրախային ու խիստ պլանավորված ֆինանսական, տնտեսական գերճշգրիտ հաշվարկ է անհրաժեշտ: Հաշվի ենք առնում դիրքը, մարդկային և հողային ռեսուրսները, զարգացմանն ուղղված ֆինանսների չափը և նպատակահարմարությունը:

Լավ օրինակը ունեմ, Տավուշի Բաղանիս գյուղի 29-ամյա ղեկավարը 90% ծրագրերը դրսից է բերում: Ցնցոտի պետք չէ, գնացեք տեսե՛ք, սովորե՛ք:

«Զանգեզուր պրես»

19:00 19.03.2019