ԱՎԵԼԻՆ

Մամուլ

«Զանգեզուր թրոֆին»՝ Կապանում
21:00 19.03.2019

«Զանգեզուր թրոֆին»՝ Կապանում

Յոթ տարվա դադարից հետո Կապանում տեղի ունեցավ երկրորդ  «Զանգեզուր թրոֆի» մրցարշավը, որը նվիրված էր «4x4 Օֆֆ-ռոուդ» ակումբի 10-ամյակին: Հովանավորությունը ԶՊՄԿ-ինն էր: Մասնակցում էր 26 անձնակազմ (կազմի մեջ մտնում են վարորդը և շտուրմանը):

«4x4 Օֆֆ-ռոուդ» ակումբի հիմնադիր նախագահ Արտաշես Ստեփանյանի  խոսքով՝ Սյունիքը պատահական չէր ընտրված, այստեղ հետաքրքրությունը մեծ է մարզաձևի նկատմամբ, միայն սիրողական դասում այս մարզից 17 մասնակից է գրանցվել։ «Ներուժ ունեցող շատ վարորդներ կան, ովքեր հետագայում կարող են հաջողել այս ոլորտում: Որպեսզի վարորդը հաջողի, պետք է առաջին հերթին շատ լավ իմանա յուրաքանչյուր անվի տեղը, ցանկացած պահի կարող է խոչընդոտ հայտնվել․ քար, փոսեր, բայց վարորդը պետք է կարողանա իր հմտությամբ և ճիշտ հաշվարկով հաղթահարել խոչընդոտը», - ասում է նախագահը։

Մրցարշավին մասնակցում էին տարբեր փորձառությամբ վարորդներ: Գորիսից ժամանած 29-ամյա Նարեկ Շալունցը հանդես եկավ 3․5 միավոր ծավալով դիզելային շարժիչ ունեցող «Տոյոտա լենդ քրուզերով»։ Նրա համար բավականին հետաքրքիր մրցուղի էր․ «Հաղթելու մեծ սպասումներ չունեմ, սա ինձ համար մեծ փորձություն էր»: Եթե Նարեկի համար սրանք առաջին քայլերն են մարզաձևում, և առավել շատ մասնակցությունն է կարևոր համարում, ապա Արամ Հարությունյանը, ինչպես ինքն է ասում, փորձառու է և մեկ նպատակով է եկել՝ հաղթելու․ «Մենք, ապրելով Կապանում, իրավունք չունենք պարտվելու»:

Այս մրցարշավին մասնակցել է նաև գեղեցիկ սեռի ներկայացուցիչ՝ Արփինե Մանուկյանը, ում խոսքով՝ չկա այնպիսի մի բան, որ տղամարդը կարողանա, իսկ կինը՝ ոչ․ «Սա ինձ համար ադրենալին է, որ ոչ մի այլ տեղից հնարավոր չէ ստանալ։ Ճիշտ է, թանկ հաճույք է, բայց փորձել հաստատ պետք է, այս մարզաձևի մեջ անասելի էմոցիա կա»: Չնայած կողքից լսվող ձայներն իրեն խանգարում էին, թեև դրանք ոգևորող ձայներ էին, սակայն բացի վարորդից ու շտուրմանից, ոչ ոք չգիտի, թե խոչընդոտն ինչպես հաղթահարել։

Առաջատարը լինելու անհագուրդ ցանկություն ոչ միայն հայ մասնակիցներն ունեն, այլև հարևան Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչը՝ Ալիռեզա Նեյմաթը․ «Իրանից եկել եմ Հայաստան, Կապան, որպեսզի հաղթեմ, ինչպես 6 տարի առաջ Իջևանում կազմակերպված ավտոմրցարշավում, այնպես էլ հիմա, ամեն բան լավ է կազմակերպված»:

Երկրորդ դասում հաղթող, մայրաքաղաքից ժամանած Ստեփան Ստեփանյանը որպես հաջող ելույթի նախապայման առանձնացնում է մեքենայի արագ և ճիշտ կառավարումը՝ առանց ջարդելու, ինչը, ինչպես ինքն է ասում, ստացվել է: Առաջին դասում երկրորդ տեղ զբաղեցրած երևանցի Վահե Բակունցը հաջողությունը բաշխում է այսպես․ մեքենան 30, անիվը՝ 30, վարորդը և շտուրմանը՝ 20-ական տոկոս, եթե այս ամենը կա, հաղթանակը անխուսափելի է: Նա ասում է, որ Սյունիքում բոլոր պայմանները կան այս մարզաձևը զարգացնելու համար:

Մարզաձևի սիրահարներին Հայաստանում ևս մեկ մրցարշավ է սպասվում․ նրանք հնարավորություն կունենան սեպտեմբերին Իջևանում դիտել և մասնակցել «Մուլտի ֆորս-2019» միջազգային ավտոմրցարշավին:

Անուշ Միրզոյան

21:00 19.03.2019

Ամենաշատ ընթերցվածները