ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Չծխենք ու քննարկենք
16:00 21.03.2019

Չծխենք ու քննարկենք

Առողջապահության նախարարությունը շրջանառության մեջ է դրել մի շատ կարևորագույն՝ «ԾԽԱԽՈՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԾԽԱԽՈՏԻ ԾԽԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎՈՂ ՎՆԱՍԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ» օրինագիծ: Ինչպես և սպասվում էր, հայ ազգը կրկին բաժանվեց երկու մասի՝ նրանց, ովքեր ողջունեցին սույն նախաձեռնությունը, և նրանց, ովքեր ուզում են պահպանել իրենց, այսպես կոչված, դանդաղ ինքնասպանության իրավունքը: Եվ մինչ դուք ձեզ կդասեք այս խմբերից որևէ մեկի մոլի երկրպագուների շարքը, այնուամենայնիվ, խորհուրդ կտանք կարդալ մեր հոդվածը ամբողջությամբ:

Իրավիճակ

Միանգամից ասենք, որ Սյունիքում հարցվածներից ընդամենը 38%-ն է նշել, որ ծխում է, եթե համեմատենք Երևանի ու Արարատի հետ, ապա նրանց 78% ցուցանիշի ֆոնին սյունեցիները չեն էլ ծխում, կարելի է ասել: Վիճակագրությունը պնդում է, որ Հայաստանում ծխախոտը ամեն երկրորդ տղամարդու մահացության հիմքում է: Այսինքն՝ 332 145 մարդու կյանքը ծխախոտի ուղղակի նշանառության տակ է, կամ, այլ կերպ ասած, ամեն տարի մեր թաքնված հակառակորդ ծխախոտը սպանում է 5100 տղամարդու: Մարտական պայմաններում մենք կորցնում ենք տարեկան միջինում 40-45 զինվոր, իսկ ավտովթարների հետևանքով՝ 304 քաղաքացի:

Երիտասարդ ծխող տղամարդկանց ցուցանիշները ուղղակի սահմռկեցուցիչ են: Ինչպես ասում են համացանցում, թուրքը որ այս թվերը տեսնի, միայն կուրախանա:

2016 թվականին Հայաստանի Հանրապետության ընտանիքների 53.1%-ը նշել է, որ տան պայմաններում նրանք գտնվում են ամենօրյա երկրորդային ծխի վնասակար ազդեցության տակ և համարվում են ամենօրյա պասիվ ծխողներ:

Հայաստանի Հանրապետությունում փակ աշխատանքային տարածքում պասիվ ծխող է աշխատող անձանց 39.7%-ը, իսկ և՛ բաց, և՛ փակ տարածքում աշխատողների շրջանում պասիվ ծխող է 73.9%-ը:

Միջազգային հաշվարկներ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկով Հայաստանը գալիք 15 տարում կարող է կրճատել ծխողների թիվը 32%-ով, եթե ծխախոտի հարկը բարձրացնի 75%-ով: 11%-ով կնվազի ծխողների թիվը, եթե նվազեցնենք ծխախոտի ուղղակի և անուղղակի գովազդը, և 8%-ով, եթե խիստ օրենքներ ընդունենք, ինչպիսին, օրինակ, հանրային վայրերում ծխելու արգելքն է:

Նախագիծը դեռ ամբողջությամբ չի ներկայացվել Ազգային ժողով, բայց արդեն կարելի է ասել, որ միջազգային հաշվարկները դրված են Հայաստանում ծխախոտի թանկացման հիմքում:

Ծխելը կենսամակարդակից է

Ցուցանիշները ցուցանիշներ, բայց ամենակարևոր հարցերը այս խնդրի մասին խոսելիս իրականում հետևյալն են. «Ինչու՞ են մարդիկ ծխում, և ինչպե՞ս վերացնել ծխելու ցանկությունը առհասարակ»: Ահա այստեղ խորը շունչ քաշեք, քանի որ դիտավորյալ, թե պատահականորեն, Հայաստանում չեն խոսում մարդկանց կենսամակարդակի մասին: Մինչդեռ Եվրոպայում վաղուց այս հաշվարկները կատարվում են (ցավոք, Հայաստանը չեն ընդգրկում) և ճիշտ հետևություններ են անում: Եկեք հասկանանք, թե որքան են մարդիկ իրենց եկամուտից ծախսում ուտելիքի, ալկոհոլային խմիչքի ու ծխախոտի և հանգստի վրա: Խնդրեմ, ուսումնասիրեք աղյուսակը, և ամեն ինչ պարզ կդառնա: Տվյալները վերցված են տվյալ երկրների 2017թ․ վիճ.վարչություններից:

Մեր աղյուսակում 6 երկրի օրինակ է բերված: Զարգացած երկրների առաջին 30 երկրներում սննդին ուղղված ծախսերը չեն գերազանցում ընդհանուր եկամուտների 15%-ը: Իմ համոզմամբ, Հայաստանը պետք է համեմատել ավելի շատ հետսովետական երկրների հետ, որտեղ միջին վիճակագրական քաղաքացին իր եկամուտի ավելի քան 50%-ը ծախսում է սննդամթերքի վրա: Դե հիմա պատկերացրեք մի տղամարդ, ով հիմնականում ուտելիքի ու կոմունալ վճարելու համար է ապրում: Ասենք, մեկ-մեկ էլ երեխաների շորի ու գրքի փող է տալիս կնոջը: Ի՞նչ պետք է անի այս մարդը, բա պետք է ծխի, բա ի՞նչ պետք է անի: Այստեղ է մեր հիմնական խնդիրը ծխելու հետ կապված, համոզված եմ: Որովհետև եթե այդ նույն տղամարդը ընկերների հետ շաբաթը գոնե երեք օր որսի, մարզադահլիճ, սրճարան, կամ կինո ու թատրոն գնալու, էլ չեմ ասում՝ տարին երկու անգամ արտասահմանում հանգստանալու հնարավորություն ունենար, ապա էլ ինչ դարդ, ծխելն էլ կթարգեր:

Կենսամակարդակը մեծ նշանակություն ունի: Չեմ ճանաչում հաջողակ գործարար մարդ, ով ակտիվորեն չի զբաղվում սպորտով: Այսօրվա կյանքի տեմպը այնպիսին է, որ եթե առողջ ապրելակերպ դավանող չես, ապա ուղղակի չես հասցնում գործերդ: Իսկ դրա համար ոչ միայն սպորտ է անհրաժեշտ, այլ առողջ սնունդ և որակյալ հանգիստ: Իհարկե, երեկոյան սերիալի դիտումը բազմոցին և սիգարետով չենք դիտարկում որպես որակյալ հանգիստ: Եթե դեռ կասկածներ ունեք մարդկանց կենսամակարդակի և ծխելու միջև եղած փոխկապակցվածության վերաբերյալ, ապա հատուկ ձեզ համար ունեմ ծխող կանանց վերաբերող վիճակագրական տվյալներ:  

Կանանց մոտ ամեն օր ծխողների թիվը պայմանավորված է նաև նրանց ամուսնական կարգավիճակով: Եթե քաղաքացիական կացության գրանցման գործակալության և/կամ եկեղեցու հաստատմամբ ամուսնացած կանանց 1.2%-ն է ամեն օր ծխում, ապա առանց գրանցման ամուսնացածների` 2.9%-ը, չամուսնացածների` 4.1%-ը, իսկ ամուսնալուծվածների` 10.2%-ը:

Ինչպե՞ս արդյունավետ պայքարել

Ցանկացած պայքար ցանկացած վատ երևույթի դեմ պետք է հաշվարկել և գիտական մոտեցում որդեգրել այս կամ այն մեթոդաբանությունը օգտագործելիս: Այո՛, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հորդորում է թանկացնել ծխախոտը 75 տոկոսով և ստանալ 38 տոկոսով ծխողների քանակի նվազում, սակայն այդ նույն կազմակերպությունը չի հաշվարկել, թե քանի երեխա թերսնուցում կունենա, քանի որ իր հայրիկը, ով ծխել է իր ներկայությամբ, չի պատրաստվում հրաժարվել նույնիսկ թանկ ծխախոտից: Կամ արդյո՞ք ծխողների թիվը կնվազի՝ հաշվի առնելով մեր համերկրացիների «ճկուն» ուղեղը, որը, միևնույն է, կփնտրի ապօրինի ճանապարհով էժան ծխախոտի ձեռքբերման տարբերակ: Կամ, արդյո՞ք ցածր կենսամակարդակի պատճառով մարդիկ ավելի անորակ բաներ չեն ծխելու՝ հասցնելով իրենց առողջությանը էլ ավելի մեծ վնաս: Հարցերը շատ են, պատասխանները դեռ չեն նախանշվում: Իրապես, ոչ զարգացած երկրներում ինչ-որ բան զարգացնելն ու լավացնելը պատուհաս են դառնում, ինչը, իր հերթին, չի նշանակում, թե որևէ բան չանելը այս ուղղությամբ ավելի ճիշտ է: Առողջապահության նախարարին հորդորում եմ այս հարցում գործել՝ ինչպես Նապոլեոնը, մտնել մարտի մեջ ծխախոտի դեմ, մնացածը կերևա: Այս պահին լուրջ գիտական հետազոտություններ անելու ո՛չ գումար կա, ո՛չ էլ ժամանակ, վերջինս, ի դեպ, մեր դեմ է աշխատում՝ ամեն օր Հայաստանում սպանելով 14 մարդ:

Արման Սուլեյմանյան

16:00 21.03.2019