ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայաստանի ներկայացուցիչները Սաուդյան Արաբիայի «World Folk Vision» փառատոնից հաղթանակով են վերադարձել
18:00 22.03.2019

Հայաստանի ներկայացուցիչները Սաուդյան Արաբիայի «World Folk Vision» փառատոնից հաղթանակով են վերադարձել

«Կարին» ավանդական երգի-պարի համույթը և «Տերյան» մշակութային կենտրոնը «Լավագույն էթնոտուն» անվանակարգում հաղթանակ են տոնել Սաուդյան Արաբիայում օրերս անցկացված «World Folk Vision» համաշխարհային մրցույթ-փառատոնի ժամանակ:

«Հրավերը ստացել էինք երկու մոսկվայաբնակ կին բարերարներից, ովքեր իրենց սեփական ներդրումն էին ունեցել, որպեսզի մենք մասնակցենք այդ մրցույթին: Ութ հոգանոց պարային համույթն այնտեղ այնպիսի աղմուկ էր բարձրացնում իր որակով, որ ողջ արաբական աշխարհի ներկայացուցիչներն էին հավաքվում դիտելու նրանց կատարումները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանը և ավելացնում, որ պարերով հիացած լինելուն զուգընթաց նաև հայկական էթնոտնակը ճանաչվեց ամենագեղեցիկը և արժանացավ մրցանակի:

 

«Մեր էթնոտունը գեղեցիկ էր ստացվել՝ «Մեգերյան կարպետ» կազմակերպության փառահեղ գորգերով, տարել էինք դեկորատիվ կիրառական արվեստի տարբեր տարրեր՝ Սիսիանի փայտ, Գյումրու կավ»,-ասաց Մելիքյանը:

Փառատոնի անվանակարգերը տարբեր էին, և յուրաքանչյուր երկրի տրամադրված էր տնակ, որտեղ պետք է ցուցադրվեր մշակույթը: «Կազմակերպիչները նշում էին, որ շատ երկրներ  ճիշտ չեն հասկացել էթնոտնակի էությունը. պիտի ասեմ, որ բոլորի մոտ խանութի տեսք կար, կարծես եկել էին իրենց ապրանքը վաճառելու»,-նկատեց «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը` հավելելով, որ իրենց էթնոտնակը չէր հիշեցնում վաճառասրահ, այլ ավելի շատ՝ թանգարան:

Էթնոտնակի ձևավորումն իրականացրել են «Տերյան» մշակութային կենտրոնը` իր հանդերձանքով և «Մեգերյան կարպետ» կազմակերպությանը, որի գորգերը զարդարել են էթնոտնակը: Էթնոտնակում ցուցադրվել են նաև նկարիչ Աշոտ Թադևոսյանի նկարները:

 

Մրցույթն անց է կացվում արդեն երրորդ անգամ: Մրցույթի նախագահն ազգությամբ ղազախ է: Կազմակերպիչների նպատակն է համաշխարհային գլոբալիզացիայի պայմաններում տարբեր պետություններին հնարավորություն տալ ցուցադրել իրենց ազգային մշակույթը: Մրցույթին մասնակցություն ունեցել է 102 պետություն: Հայաստանի ներկայացուցիչները ամբողջական թիմով եղել են 18 հոգի: Մրցույթն անց է կացվել մարտի 9-19-ը` 6 անվանակարգով` «Լավագույն  էթնոտուն», «Լավագույն երգ», «Լավագույն տարազ», «Լավագույն երաժշտություն», «Լավագույն  հագուստ », «Լավագույն  պոզիտիվ տրամադրություն»:

Մերի Կիրակոսյան

Աղբյուրը՝ «Արմենպրես»
18:00 22.03.2019

Ամենաշատ ընթերցվածները