ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ուղղությունը դեպի․․․
15:00 31.03.2019

Ուղղությունը դեպի․․․

«Ճանապարհորդել նշանակում է ապրել», - Հանս Քրիստեան Անդերսեն

Երևի թե չկա մեկը, ով գոնե մեկ անգամ չերազեր ճանապարհորդության մասին։ Ճանապարհորդությունները փոխում են մեզ, օգնում ավելի զարգանալ և կատարելագործվել։ Օրեցօր տուրիստական ընկերությունների թիվը թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս մեծանում է, ինչը փաստում է, որ մարդիկ սկսել են ավելի շատ ճամփորդել։ Բայց արդյո՞ք տուրիստական ընկերությունը ճամփորդելու համար ամենաշահավետ տարբերակն է։

Հիմա, ինչպես ասում են, տեխնիկայի դար է։ Կարելի է հեռախոսում հավելված ներբեռնելով կամ առցանց տարբերակով (booking.com, airbnb.com և այլն) ձեր իսկ ցանկացած վայրում ամրագրել հյուրանոցի համար կամ բնակարան այն քաղաքում, ուր ցանկանում եք մեկնել։ Այս տարբերակը հնարավորություն է տալիս մի քանի ամիս առաջ ստուգել և ամրագրել ձեզ անհրաժեշտ կեցավայրը։ Նշեմ, որ մի քանի ամիս առաջ պատվիրելով կարելի է նաև խնայել բավականին մեծ գումար։ Այս էջերը ունեն օգտատերերի կարծիքների բաժին։ Այսինքն, եթե դուք որոշել եք ամրագրել որևէ հյուրանոցային համար կամ բնակարան, նախապես կարող եք ծանոթանալ արդեն իսկ այդտեղ բնակվածների կարծիքներին կեցարանի վերաբերյալ։ Տեղեկություն է տրամադրվում, թե ինչ տեսարժան վայրեր, ռեստորաններ, խանութներ և առաջին անհրաժեշտության վայրեր կան մոտակայքում։

Ինչպես գիտեք, ինքնաթիռի տոմսերը նույնպես կարող եք պատվիրել ինքներդ՝ թե՛ առցանց, թե՛ ավիատոմսերի վաճառքի կետից։

Իհարկե, կարելի է նաև խնայել ժամանակ և դիմել տուրիստական գործակալություն, և այս ամենը քո փոխարեն կանեն հենց նրանք։

Տուրիստական կազմակերպության գործակալ Արտակ Հովհաննիսյանը ասում է, որ ըստ իր անձնական կարծիքի՝ տուրերով ճանապարհորդելը ավելի անվտանգ է։ «Մենք ունենք պայմանագրեր տարբեր երկրների մի շարք հյուրանոցների հետ, ունենք աշխատակիցներ տարբեր երկրներում, ովքեր ընդունում են մեր հյուրերին և ուղեկցում նրանց քաղաքներում։ Մենք ունենք նաև ճանապարհորդական ապահովագրություն, իհարկե, սրանից օգտվում են ըստ ցանկության։ Այսինքն, եթե մեր հաճախորդներից որևէ մեկը առողջական կամ մեկ այլ խնդիր է ունենում այն երկրում, ուր մեկնել է, ապահովագրությունը հոգում է այդ վնասը մասամբ կամ ամբողջովին։ Այս առումով այն մարդիկ և կազմակերպությունները, ում հետ աշխատում ենք մենք, ավելի վստահելի են։ Բայց գործակալություն փնտրելիս էլ պետք է ճիշտ ընտրություն կատարել։ Երբեմն հանդիպում են այնպիսի կազմակերպություններ, որոնք վերցնում են միայն գումարը և խուսափում մնացյալ ամբողջ պատասխանատվությունից», - ասում է Արտակը։

Եթե տուրիստական ընկերության օգնությամբ ճամփորդելիս որևէ բան սխալ լինի, ողջ պատասխանատվությունը կրում է հենց այդ ընկերությունը, իսկ անհուսալի ընկերությունների դեպքում ողջ պատասխանատվությունը մնում է քո սեփական անձի վրա։

Վերջում փորձեցինք ինքներս համեմատել գները սեփական ուղևորություն կազմակերպելու և գործակալությունից օգտվելու միջև։ Եթե տուրիստական գործակալությունը համագործակցում է որոշ հյուրանոցների հետ միայն, ապա վերոնշյալ ծրագրերի միջոցով հարմար տարբերակներ գտնելը ավելի հեշտ է։ Գների առումով ևս ավելի շահավետ է կազմակերպել հանգիստը սեփական ուժերով, եթե, իհարկե, ունեք այդքան ժամանակ և նյարդեր։

Օրինակ՝ մեզ ամենամոտ երկիր՝ Վրաստան, գնալու համար տուրը մեկ օրվա համար արժե 25.000 դրամ, որը ներառում է ճանապարհածախս և գիշերակաց: Իսկ առանց տուրի նույն 25.000 դրամով կարող ես հոգալ սննդի, գիշերակացի և ճանապարհածախսի հարցը (դեռ հավելյալ  գումար կմնա որևէ հուշանվեր գնելու): 12.000 դրամ արժե ճանապարհածախսը, մեկ անձի համար լավագույն պայմաններով բնակարանը քաղաքի կենտրոնում արժե 5000 դրամ (այս դեպքում շահավետ է բնակարանը վարձել մի քանի հոգով): Վրաստանում ուտելիքի մատչելի գների մասին բոլորս գիտենք․ մնացյալ 8000 դրամը կբավարարի 2 անգամյա սննդի և փոքրիկ հուշանվերների համար:

Ուղևորությունից առաջ ինքներդ կարող եք հաշվարկել մոտավոր ծախսերը տվյալ երկրում: Այդ հարցում ձեզ կօգնի TripAdvisor.com կայքը, որտեղ կարող եք գտնել և ձեր նախընտրած երկրի (քաղաքի) տեսարժան, ժամանցի վայրերի, տրանսպորտի գները, ինչպես նաև յուրաքանչյուր վայրի մասին մեկնաբանություն՝ արդեն իսկ այդ վայր ժամանած օգտատերերից:        

Ճանապարհորդություններից մեզ մնում են հիշողությունները, եկեք լինենք ուշադիր և խուսափենք անախորժություններից ճամփորդելու ընթացքում՝ դրանով իսկ ապահովելով միայն դրական հուշերի պահուստ։

Սոնա Օհանջանյան

15:00 31.03.2019

Ամենաշատ ընթերցվածները