ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Հաղորդակցության միջոցները՝ լրտեսնե՞ր
18:00 28.03.2019

Հաղորդակցության միջոցները՝ լրտեսնե՞ր

Եթե դուք մտնում եք զուգարան, ապա դուռը փակելը ինչ-որ չափով անիմաստ է, եթե ձեր սմարթֆոնը ձեր ձեռքին է։ Լրտեսը հետևում է ձեզ։

Այսօր հաղորդակցության միջոցների դաշտում սմարթֆոնները առաջին տեղն են զբաղեցում: Հայաստանյան հեռախոսների կենտրոնների վաճառողները նույնպես փաստում են, որ Հայաստանում  դրանք առաջատար են: Առաջին հորիզոնականում Iphone սմարթֆոնն է, որին հաջորդում է Samsung-ը, այնուհետև այլ ընկերությունների արտադրության հեռախոսներ:

Սակայն շատ քչերը գիտեն, որ խելացի հեռախոսները, բացի օգնելուց, տեսնում և ֆիքսում են այն ամենը, ինչ կատարվում է իր օգտատիրոջ շուրջը: Իսկ նրանք, ովքեր գիտեն, փորձում են որևէ կերպ խուսափել սմարթֆոնների թաքնված հմտություններից: Սակայն խելացի հեռախոսների բոլոր «քայլերը» մտածված են:

Ինչու՞ են հետևում օգտատերերին

Սմարթֆոնները ավելին գիտեն նրանց տերերի մասին և ավելի շատ են ազդում նրանց կյանքի վրա, քան մենք պատկերացնում ենք: Քչերը գիտեն, թե որքան մանրամասներ է այն հավաքում: Օրինակ՝ Iphone-ը ոչ միայն հիշում է հասցեները և օրերը, այլ նաև՝ որքան ժամանակ են անցկացրել այդ վայրում:

«Հետևելու պատճառները տարբեր են: Առաջինը հատուկ ծառայություններն են, ովքեր գաղտնալսումների կամ այլ հավելվածների միջոցով փորձում են որևէ տեղեկություն իմանալ:
Սակայն կա սրա նաև մյուս կողմը՝ ոչ պետական հաքերները, որոնք գաղտնալսում են՝ օրինակ, շանտաժի համար:

Մյուս պատճառը մարքեթինգային բնույթ ունի: Օրինակ՝ Facebook-ը իր հավելվածի միջոցով հետևում է, թե մենք ինչ ենք անում կամ ուր ենք գնում, որպեսզի ուժեղացնի իր առաջարկներն ու գործունեությունը: Այդպիսով նա հզորացնում է իր գովազդային հարթակը, ինչպես նաև այդ տվյալները վաճառում է մարքեթինգային կազմակերպություններին», - նշում է տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Հետևելով և վերլուծելով մեր վարքագիծը՝ հաղորդակցման միջոցները ստեղծում են օգտատերերի թվային պրոֆիլներ՝ անձնական կյանքի մանրամասներով: Իսկ տվյալների յուրաքանչյուր տեսակ խոսում է մեր հետաքրքրությունների և նախասիրությունների մասին, որոնց հիման վրա կարելի է եզրակացություններ անել մարդկանց կրթության, կրոնի, քաղաքական հայացքների, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության, ինչպես նաև սոցիալական հարաբերությունների և առողջության մասին:

Սմարթֆոնը նույնիսկ առանց ինտերնետ կապի մեր մասին տվյալներ է հավաքվում ժամանակի ընթացքում: «Սմարթֆոնի միջոցով մենք տվյալների հոսք ենք ստեղծում: Կան հավելվածներ, որոնք լրացուցիչ ինֆորմացիա են վերցնում և անընդհատ հետևում են մարդկանց տեղաշարժին: Օրինակ՝ կարող ենք սմարթֆոնում որևէ հավելված տեղադրել, որը ինչ-որ բան է որոնում (օրինակ՝ բնակարաններ): Այդ հավելվածը կարող է անընդհատ ձայնագրել մեր դիրքը և ուղարկել երրորդ կողմին: Իսկ նման հավելվածները շատ ինֆորմացիա են քաղում մարդկանց մասին», - նշում է  Սամվել Մարտիրոսյանը: Նման տեղեկությունները շատ տարածված են  կազմակերպությունների շրջանում և հիմնականում անհրաժեշտ են  նպատակային գովազդի և անհատականացված ծառայություններ մատուցելու համար:

Օրինակ ՝Apple և Google կազմակերպությունները այս վարքագիծը բացատրում են այն փաստով, որ հավաքված տվյալները օգտագործվում են համապատասխան արդյունքներ տրամադրելու համար: IOS-ում գտնվելու վայրի տվյալները օգտագործվում են եղանակային հաշվետվությունների, երթուղիների քարտեզների և լուսանկարներում ընդգրկելու համար:
Իսկ Android-ում տեղակայման պատմությունը օգնում է Google-ին ավելի լավ երթուղիներ և ավելի ճիշտ որոնման արդյունքներ առաջարկել:

Ընկերություն, որը, մարդկանց հետևելով, հաղթեց ԱՄՆ նախագահական ընտրություններում

Տվյալների հավաքման հարցում լավագույն և ամենաքննարկված օրինակներից է «Քեմբրիջ անալիտիքսը»:

2013թ․ ստեղծված բրիտանական «Քեմբրիջ անալիտիքս» ընկերությունը, որը զբաղվում էր համացանցի և սոցցանցերի օգտատերերի տվյալների հավաքմամբ, Facebook-ի 50 միլիոն օգտատերերի մասին հավաքել էր անձնական տվյալներ, մոդելավորել տասնյակ միլիոնավոր ամերիկացիների վարքագիծը, որպեսզի ցույց տա նրանց համապատասխան քաղաքական գովազդ:
2008թ. Քեմբրիջի համալսարանի ուսանող Միխայիլ Կոնսինսկին իր համակուրսեցիների հետ Facebook-ում ստեղծեց My Personality ծրագիրը: Յուրաքանչյուր օգտատեր պետք է առցանց թեստ անցներ` «հոգեբանական դիմանկար» ստանալու համար: Եվ այդպես նրանք միլիոնավոր մարդկանց անձնական տվյալներ ստացան: Արդեն 2012-ին բարելավեցին իրենց մոդուլը և ապացուցեցին, որ 68 լայքի օգնությամբ կարելի է որոշել մարդու մաշկի գույնը:

Ընկերության աշխատակիցները ստեղծում են հոգեբանական դիմանկարը՝ շուրջ 5000 տարբեր պարամետրեր ուսումնասիրելու հիման վրա: Հաշվի են առնում այնպիսի ասպեկտներ, ինչպիսիք են քաղաքական նախասիրությունները, ինչպես  են քվեարկել նախորդ ընտրություններում, ինչ ծրագրեր են դիտում հեռուստատեսությամբ, որտեղ և ինչ ապրանքներ են գնում և այլն:
Այնուհետև մարդկանց հրավիրում են անանուն հոգեբանական թեստ անցնելու, որի ընթացքում որոշվում են նրանց անկեղծության, խղճի, օրինապահության և նյարդային խանգարումների աստիճանները: Սա թույլ է տալիս գտնել հնարավոր օպտիմալ մոտեցում:

Այն մեծ նշանակություն է ունեցել ԱՄՆ նախագահական ընտրություններում`Դոնալդ Թրամփի հաղթանակի մեջ, որն էլ եղել է ճակատագրական: «Քեմբրիջ անալիտիքսը» պնդում էր, որ իր փորձագետները տարբեր վերլուծությունների միջոցով կարող են համոզել ամերիկյան ընտրողներին քվեարկել Թրամփի օգտին: Ի դեպ, տնօրեն Ալեքսանդր Նիքսը կորցրել է իր աշխատանքը, երբ BBC-ն հրապարակել է գաղտնի ձայնագրված զրույցը, որում Նիքսը խոսում է իր դերի մասին Դոնալդ Թրամփի հաջողության ապահովման գործում:

Ամերիկյան իրավունքի համաձայն՝ նման համագործակցությունը լիովին օրինական չէ: Դոնալդ Թրամփի հաղթանակը ԱՄՆ նախագահական ընտրություններում ընկերության մեծ հաղթանակներից է, որը արժեցել է 15 միլիոն դոլար:

Ի՞նչ են մտածում մարդիկ

Այս հարցի վերաբերյալ մարդկանց կարծիքները տարբեր են: Ոմանք փորձում են որևէ կերպ խուսափել այդ «հետապնդումներից», իսկ ոմանց համար այն կարևոր նշանակություն չունի:
24-ամյա Իննան նշում է ,որ սմարթֆոնների թաքնված հմտությունների մասին շատ է լսել, բայց դրանց ուշադրություն չի դարձրել․ «Գիտեմ, որ հեռախոսները գիտեն ավելին, բայց չեմ կարծում, որ մեր մասին ինֆորմացիան նրանց կարող է որևէ բան տալ: Այդ ծրագրերը զարգացրել և զարգացնում են «լուրջ» դեմքերի համար, ովքեր, ընդհանուր առմամբ, մեծ նշանակություն ունեն տվյալ երկրի, ինչու ոչ՝ նաև աշխարհի համար: Իսկ սովորական մարդկանց հետևելը առնվազն անիմաստ է»:

25-ամյա Արմենը այս հարցին մի փոքր լուրջ է մոտենում․ «Այո՛, հեռախոսները գիտեն ավելին,և դա ինձ երբեմն անհանգստացնում է, չնայած որ ինչ-որ թաքցնելու բան չունեմ: Բայց հաճելի չէ մտածել, որ քո հեռախոսի տեսախցիկը քեզ ամեն պահ նկարում է: Գիտեմ, որ շատ մարդիկ դրանք փակում են կպչուն որևէ թղթով, որպեսզի այն չնկարի: Օրինակ՝ ես ինքս փորձում եմ կարևոր թեմաների մասին հեռախոսով չխոսել: Բայց, այնուամենայնիվ, չեմ կարծում, որ իմ մասին ինֆորմացիան երբևէ կհետաքրքրի երրորդ կողմին»:

Իսկ 22-ամյա Կարինեն այս ամենի մասին իմացել է վերջերս: Անգամ կարողացել է այդ ինֆորմացիայի շնորհիվ իմանալ ճշմարտությունը․ «Ես նույնպես սմարթֆոնի օգտատեր եմ, բայց քանի որ երբեք չեմ հետաքրքրվել դրանց հմտություններով, չեմ իմացել դրանց կարողությունների մասին:

Միայն վերջերս իմացա, որ դրանք ֆիքսում են այն վայրերը, որտեղ մենք եղել ենք, իսկ դա ինձ օգնեց իմանալ մի բան, որը երկար ժամանակ փորձում էի պարզել: Իհարկե, համացանցում երկար փորփրելուց հետո կարողացա իմանալ, թե ինչպես օգտագործել հեռախոսի թաքնված  հմտությունները: Իսկ ինչ վերաբերում է մեզ հետևելուն, չեմ կարծում, որ մեր մասին ինֆորմացիան որևէ լուրջ նշանակություն կարող է ունենալ», - նշում է Կարինեն:

Երբեմն մարդիկ հսկողությունից խուսափելու համար անջատում են սմարթֆոնները, որը շատ մասնագետների կարծիքով անիմաստ է: Գոյություն ունեն շատ հնարավորություններ հետևելու համար, անգամ եթե օգտատերը անջատել է հեռախոսը, դա դեռ ոչինչ չի նշանակում: Լիարժեք անվտանգություն հնարավոր է ապահովել միայն հեռախոսի մարտկոցը հանելով: Սակայն շատ ժամանակակից սմարթֆոնների մարտկոցներ հանելը հնարավոր չէ: Հետապնդումներից խուսափելու միակ միջոցը սմարթֆոնի փոխարեն հասարակ հեռախոս օգտագործելն է, ինչպիսին է, օրինակ, Nokia 6610-ը:

Մանե Բաբայան

 

18:00 28.03.2019