ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Հ․Պարոնյան․ «Մեծապատիվ մուրացկաններ»
16:00 30.03.2019

Հ․Պարոնյան․ «Մեծապատիվ մուրացկաններ»

Ամեն ոք ունի լուրջ և զավեշտական կողմեր։ Երգիծաբանը վերցնում է այն, ինչ իրեն անհրաժեշտ է։ Հակոբ Պարոնյանը «Մեծապատիվ մուրացկաններ» երգիծավեպում գործի է դրել ժանրի բոլոր երանգները՝ թեթև հեգնանքից մինչև ոչնչացնող ծաղր՝ բացահայտելու այն ամենը, ինչից մեր շուրջը և մեր ներսում խախտվում է ներդաշնակությունը։

Միշտ էլ լինում են հեղինակներ, որ ամեն գնով ընթերցողի հետաքրքրությունը շարժելու և նրան լարվածության մեջ պահելու համար ինչ միջոցների ասես չեն դիմում։ Բայց ի՞նչը կարող է փրկել բովանդակազուրկ գրքերին։

Ահա այդ հեղինակներին հակադրվելու համար Պարոնյանն իր պատմությունը չի սկսում արտասովոր դեպքերով․ ոստիկանությունը աղջիկ չէր ձերբակալել, սաստիկ անձրև չէր գալիս։ Մուտքը շատ պարզ է․ մեծահարուստ Աբիսողոմ աղան գավառից ժամանել է մայրաքաղաք՝ Կ․Պոլիս, ամուսնանալու նպատակով։ Ընթերցողը տրամադրվում է, որ գործ է ունենալու առանց ավելորդ ճյուղավորումների դիպաշարի հետ։ Միայն մի նրբերանգով է հեղինակը «մատնում» իր վերաբերմունքը գլխավոր հերոսի հանդեպ․ «Ուներ այնպիսի նայվածք մը, որուն եթե պարոն Հ․Վարդովյան հանդիպեր յուր աչերով կը հարցուներ այդ մարդուն․ «Ի՞նչ ամսական կ’ուզես՝ թատրոնիս մեջ ապուշի դեր կատարելու համար»»։

Այդպիսի նայվածքով մարդը ինչպե՞ս է պահելու իրեն մայրաքաղաքում, որի բարքերին անծանոթ է։ Հեղինակը դիմել է շատ սովորական մի հնարքի։ Հասարակության տարբեր շերտերի մարդիկ ներկայանում են, բացահայտում իրենց էությունը՝ բացահայտելով նաև Աբիսողոմ աղային։ Առաջինը հայտնվում է խմբագիրը, որ քծնելով ու Աբիսողոմ աղային երկինք հանելով՝ համոզում է անունը գրել տալ լրագրում։ Աբիսողոմ աղան երկար չի դիմադրում, չէ՞ որ ինքը նույնպես «պատվավոր ազգային» է․ «Մեր քաղաքին մեջ արտերու, եզներու, կովերու և ագարակներու տեր եմ»։ Եթե անունը լրագրում գրվի, ամուսնության գործն արագ գլուխ կգա։ Արդարացումն էլ կա ու կա․ «Ես ինքզինքս չէի կարծեր այնչափ մեծ մարդ, որչափ որ կը կարծե այս խմբագիրն․ բայց հարկավ ան ինձմե աղեկ գիտե իմ որչափ մեծ ըլլալս, վասնզի խմբագիր մ’ է և ուսումնական է»։

Հաջորդ մեծապատիվ մուրացկանը բանաստեղծն է, «որ վաճառականի չէր նմաներ, սեղանավորի ալ չէր նմաներ, արհեստավորի ալ չէր նմաներ, գործավորի ալ չէր նմաներ, և վերջապես անանկ բանի կը նմաներ, որուն նմանը չկա»։ Անհատականությունից զուրկ այս բանաստեղծը պատրաստ է քծնելու, հարկ եղած դեպքում արտասվելու, միայն թե հասնի նպատակին․ ցանկանում է տպագրել իր դատարկաբանության գլուխգործոց ճառը․ «․․․ Անոնք միս են, մենք՝ բանջարեղեն, անոնք վարունգ են, մենք՝ խնձոր, անոնք փուշ են, մենք՝ վարդ․․․»։

Այնուամենայնիվ, բանաստեղծի գործը կարծես թե առաջ է գնում։ Աբիսողոմ աղայի փառասիրությունը կրկին արթնանում է, և նա ոտանավոր է պատվիրում։ Իսկ երբ բանաստեղծը տեղեկացնում է, որ սպասելու է մուսայի գալուն, ագարակատիրոջ տգիտությունն է ամբողջությամբ ձև ու կերպարանք առնում․ «Եթե մեկ-երկու ոսկի տանք, այս շաբաթ կուգա՞»։

Նոր հանդիպումներ, նոր բացահայտումներ։ Աբիսողոմ աղայի պես «ազնվական» մարդը, պարզվում է, լուսանկար չունի։ Լուսանկարիչը գործը վարպետորեն առաջ է տանում, և Աբիսողոմ աղան համաձայնում է, իհարկե, պայմանով․ «Պատկերին տակը գրվի, որ այս մարդն ագարակներ, ձիեր, կովեր, էշեր ունի»։

Իսկ միջնորդ կինը՝ Շուշանը, իր ապրանքն է առաջարկում․ «Իմ ձեռքիս տակ ամեն դասե աղջիկ կա․ բարձր դասեն, միջին դասեն և ստորին դասեն․ այս երեք դասեն ալ ծախու ապրանք ունիմ։ Հրամանքնիդ ձեր քսակին հետ խորհրդակցեցեք և ինձի ըսեք՝ սա դասեն կ’ուզիմ»։ Ճիշտ է, Աբիսողոմ աղան փոքր-ինչ դժվար է կողմնորոշվում գույների ընտրության հարցում, բայց միջնորդ կինը կարողանում է հասկացնել․ չի կարող լինել այնպիսի աղջիկ, «որուն մեկ աչքը կապույտ ըլլա, մյուսը՝ սև»։

Միմյանց հերթ չեն տալիս մյուս մուրացկանները։ Հիվանդ չունեցող բժշկի հույսը, պարզ է, Աբիսողոմ աղան է։ Դասատուն առաջարկում է գնել իր գրքերը։ Իսկ փաստաբանը զարմանում է, որ նրա պես մարդը դատ չունի․ «Ոչ միայն անկարելի է, այլ անպատվություն ալ է․ ձեզի պես մեկը հարյուրներով դատեր ունենալու է, և ձեր շնորհիվ քանի մը փաստաբաններ ապրելու են»։

Հերթը գնալով մեծանում է։ Փող են ուզում բոլորը։ Նույնիսկ մեկ-երկու օրով Աբիսողոմ աղային օթևանած Մանուկ աղան, որ այդպես էլ չի կարողանում ավարտել թաղականի ընտրության պատմությունը, հարյուր հիսուն ոսկի է պահանջում։ Ի վերջո, Աբիսողոմ աղան չի դիմանում․ մայրաքաղաքից փախչում է այնտեղ, որտեղից եկել էր՝ գավառ։

Պարոնյանը պարզաբանում է, որ երգիծավեպը գրել է ոչ այնքան մեծապատիվ մուրացկաններին մեղադրելու, «որքան ներկայացնելու համար ապագա սերնդյան՝ ժամանակիս գրական մարդոց ողբալի կացությունն և գրականության մասին ազգային մեծատուններու սարսափելի անտարբերությունը»։

Ահա այսպես Պարոնյանը լիարժեք պատկերացում է տալիս մի հասարակության մասին, որտեղ բացակայում են հոգևոր արժեքները, և իշխում է միայն փողի պաշտամունքը։ Ծաղրն ու հեգնանքը, ինչ խոսք, գրվածքի վերին շերտում են, իսկ խորքում հեղինակի ցավն է։

Արթուր Իսրայելյան        

16:00 30.03.2019

Ամենաշատ ընթերցվածները