ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

UNCTAD-ը Հայաստանի ներդրումային գրավչության բարձրացման վերաբերյալ զեկույց կպատրաստի
19:00 03.04.2019

UNCTAD-ը Հայաստանի ներդրումային գրավչության բարձրացման վերաբերյալ զեկույց կպատրաստի

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) փաստահավաք փորձագիտական խմբին։
Խումբը մարտի 27-ից ապրիլի 6-ը Հայաստանում առաքելություն է իրականացնում` նախապատրատելու Հայաստանի ներդրումային քաղաքականության վերանայումը հետևյալ ռազմավարական ուղղվածությամբ. «Ինչպե՞ս ներգրավել արտահանմանն ուղղված և արդյունավետության բարձրացմանը միտված ներդրումներ»:

Նախարարությունից հայտնում են, որ առաքելության ներկայացուցիչ Մասսիմո Մելոնին նշել է, որ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից գերազանց աջակցություն են ստացել՝ արդյունավետ իրականացնելու իրենց հետազոտությունները։ Նա ներկայացրել է նախորդ օրերին տեղի ունեցած քննարկումները, հետաքրքությունների շրջանակը, ինչպես նաև զեկույցի կազմման և ամփոփման ժամկետները։

ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի փորձագիտական խումբը Շվեցարիայում Հայաստանի առևտրական ներկայացուցիչ Հայկ Հովhաննիսյանի ուղեկցությամբ Հայաստանում հանդիպումներ և քննարկումներ է ունենում 50-ից ավելի ձեռնարկատերերի, բիզնես ասոցիացիաների, միջազգային և դոնոր կազմակերպությունների, ինչպես նաև պետական կառույցների հետ։ UNCTAD-ը նմանատիպ զեկույցներ է պատրաստել աշխարհի շուրջ 50 երկրների համար։

Հայկ Հովհաննիսյանի խոսքով՝ կազմակերպության պատրաստած զեկույցների վրա են հիմնվում խոշոր երկրներ` երրորդ պետությունների ներդրումային միջավայրի վերաբերյալ սեփական զեկույցները պատրաստելիս: UNCTAD-ը նաև ունի գործիքակազմ առաջարկված բարեփոխումների կիրարկման ուղղությամբ աջակցություն ստանալու դյուրացման համար:
2018 թվականին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, մասնակցելով UNCTAD-ի կողմից կազմակերպված Համաշխարհային ներդրումային համաժողովին, խնդրագրով դիմել էր կազմակերպության գլխավոր քարտուղարին՝ պատրաստել Հայաստանի վերաբերյալ ներդրումային զեկույց: 

Վիճակագրական հետազոտությունը ցույց է տալիս, որ այն երկրները, որտեղ պատշաճ մակարդակի կիրարկվել են UNCTAD-ի զեկույցի առաջարկությունները, գրանցել են օտարերկրյա ներդումների մինչև եռապատիկ աճ զեկույցի հրապարակմանը հաջորդող 5 տարիների ընթացքում: 2016-2017 թվականներին, երբ գլոբալ անդրսահմանային ներդրումային հոսքերը գրանցել են 23%-ոց անկում, այդ երկրներն ունեցել են օտարերկրյա ներդրումների 29%-ոց աճ: Կարևոր է նաև նշել, որ փորձագիտական խումբը բաղկացած է բարձրակարգ մասնագետներից, ովքեր այս տեսակ ուսումնասիրություններ են իրականացրել տասնյակ երկրներում և չեն ներկայացնում որևէ բիզնես կամ քաղաքական շահ:

Աղբյուրը՝ Panorama.am
19:00 03.04.2019