ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Մեծ քանակով ցածր որակի տաքսիներ
17:00 04.04.2019

Մեծ քանակով ցածր որակի տաքսիներ

Հայաստանում օրեցօր ավելանում է տաքսիների քանակը՝ թե՛ անհատական և թե՛ ծառայությունների։ Արդյոք օրեցօր մեծացող շուկան ապահովում է որակ և առողջ մրցակցություն, փորձեցինք ստուգել սեփական փորձով։

Եթե օգտվում եք որևէ ծառայությունից և պատվիրում եք տաքսի, երբեք չեք իմանա, թե ինչ վարորդ կմոտենա ձեզ։ Չնայած նրան, որ այսօր կան մի շարք տաքսի ծառայություններ, որոնք հավելվածի միջոցով պատվիրելիս կարող եք նաև նշել այն տվյալները, որոնց ցանկանում եք համապատասխանի ձեզ սպասարկող վարորդը։ Օրինակ՝ կարելի է նշել, թե ինչ տարիքի և սեռի կարող է նա լինել։

Փորձի ընթացքում պարզեցինք մի քանի հիմնական խնդիրներ, որոնք ունեն այսօր տաքսի ծառայությունները։

Վերջերս ակտուալ է դարձել տաքսի ծառայություններից օգտվել հավելվածի միջոցով։ Ներբեռնում եք հավելվածը, գրանցում ձեր անձնական տվյալները, նշում ձեր հասցեն և այն հասցեն, որտեղ անհրաժեշտ է գնալ և վերջ՝ մեքենան ճանապարհին է։ Հավելվածը այս առումով մեծ առավելություն է տալիս ուղևորներին, քանի որ եթե տեղանքին ծանոթ չեք և հանդիպում եք անբարեխիղճ վարորդի, նա կարող է օգտվել առիթից և սխալ ճանապարհներով տանելով՝ ձեզնից պահանջել նախատեսվածից ավելի գումար, իսկ այս դեպքում հավելվածը ցույց է տալիս վճարվելիք գումարի չափը, և, եթե նույնիսկ վարորդը շեղվի ճանապարհից, ձեզնից ավելի գումար չի գանձվի։

Վերջերս վարորդների մոտ նկատվում է բացասական երևույթ։ Նրանք մոտենում են Ձեր պատվիրած հասցեին, կանգնում այդ հասցեից քիչ հեռու և միացնում սպասելաժամանակը, տնից դուրս գալով և փնտրելով մեքենան՝ կորցնում եք և՛ ժամանակ, և՛ գումար։ Փորձի ընթացքում մի շարք անգամներ հանդիպեցինք այս խնդրին։

Հաջորդ ամենամեծ խնդիրը մանրադրամի բացակայությունն է։ Որոշ դեպքերում էլ վարորդները իրենք են պահանջում, որ ինքներս իջնենք և գումար մանրենք մոտակա խանութներում։ Մինչդեռ յուրաքանչյուր տաքսու վարորդ օրվա ցանկացած ժամի պետք է իր մոտ ունենա մանրադրամ, սա ամրագրված է մի շարք տաքսի ծառայությունների կանոնադրության մեջ։

Հիգիենիկ պայմանները ևս շատ կարևոր են ինչպես յուրաքանչյուր բնագավառում, այնպես էլ տաքսիների դեպքում։ Մեքենաները պետք է միշտ լինեն մաքուր, վարորդները կոկիկ հագնված (սա հատկապես մեծ խնդիր է առաջացնում ամռան սեզոնին): Նաև շատ կարևոր է էթիկայի կանոնների տիրապետումը։ Հաճախ կարելի է հանդիպել տհաճ իրավիճակի, երբ վարորդը առանց նույնիսկ ուղևորից թույտվություն հարցնելու ղեկին ծխում է, իսկ հանգցնելու խնդրանքից հետո ուղևորը լավագույն դեպքում արժանանում է կոպիտ պատասխանի։ Այս ոլորտը մեծ վերահսկողություն է պահանջում։

Ծառայության տաքսիների դեպքում շատ կարևոր հանգամանք է հետադարձ կապը։ Հավելվածների միջոցով պատվիրելու դեպքում այն հնարավորություն է տալիս պատվերն ավարտելուց հետո գնահատել վարորդի սպասարկումը, վերաբերմունքը ուղևորի հանդեպ, մեքենայի մաքրությունը և հարմարավետությունը (ի դեպ, վարորդներն էլ նույն սկզբունքով գնահատում են ուղևորներին): Ըստ այդ վարկանիշի՝ հետագայում վատ սպասարկող վարորդները ազատվում են աշխատանքից։

Փորձի ընթացքում վերոնշյալ խնդիրների մասին տեղեկացրինք պատասխանատուներին։ Որոշ դեպքերում ստացանք նամակ, որով ներողություն էին խնդրում վատ սպասարկման համար, իսկ որոշ դեպքերում էլ (օրինակ, վարորդի մանրադրամ չունենալու դեպքում) մեր հաշվին էին փոխանցում պրոմոկոդ որոշ գումարի չափով՝ որպես մեղմացուցիչ հանգամանք։ Սակայն պրոմոկոդն էլ իր հերթին է առաջացնում մի շարք խնդիրներ։ Քանի որ մի շարք վարորդներ չեն տիրապետում այդ մասին տեղեկությանը, և երբ օգտվում ենք պրոմոկոդից, որի միջոցով գումարը սակարկվում է, կարծում են, թե պարզապես մենք ինչ-որ բան այն չենք արել։ Եվ պետք է սկսել բացատրել վրդովված վարորդին, որ սակարկված գումարը կփոխանցվի իր անձնական հաշվին։ Սակայն այս տեղեկատվությանը նա պետք է տիրապետեր մինչև աշխատանքի անցնելը։

Գործատուները պետք է աշխատանքի ընդունելուց առաջ պարզեն աշխատակցի մասնագիտական և մարդկային որակները, քանի որ դա ամենամեծ ապահովության երաշխիքն է։

Սոնա Օհանջանյան

17:00 04.04.2019

Ամենաշատ ընթերցվածները