ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Անսպասելի և զարմացնող թվերը
16:00 05.04.2019

Անսպասելի և զարմացնող թվերը

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հկ-ի հետ համատեղ՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ, «Պահանջատեր հասարակություն հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում իրականացրել է ՀՀ հանրակրթական դպրոցների նյութատեխնիկական և սանիտարահիգիենիկ չափանիշների վերաբերյալ մոնիթորինգ:

Հանրապետության գյուղական և քաղաքային համայնքներում ուսումնասիրվել է մարզային 50 դպրոց: Մոնիթորինգն իրականացվել է դիտարկման, փաստաթղթերի վերլուծության և հարցման մեթոդներով։ Հարցմանը մասնակցել են 637 աշակերտ և 316 ուսուցիչ։ ՀՀ 10 մարզում իրականացվել է մոնիթորինգ, որի արդյունքները օրերս քննարկեցին Կապանի քաղաքացիական երիտասարդական կենտրոնում:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի խոսքով՝ մոնիթորինգի շնորհիվ բացահայտվեցին բազմաթիվ խնդիրներ, որոնք ընդհանուր առմամբ հասարակությանը հայտնի էին, սակայն հետազոտությունը ավելի կոնկրետացրեց խնդիրները. «Մենք բազմաթիվ ահազանգեր և դժգոհություններ ենք ունեցել դպրոցների նյութատեխնիկական վիճակի, կոմունալ հարմարությունների, լաբորատորիաների, բուժսպասարկման կետերի, բուժքույրերի հետ կապված, դրա համար էլ նախաձեռնեցինք այս մոնիթորիգը»:

Կոմունալ և սանիտարահիգենիկ պայմանները մասամբ խախտված են

Ուսուցիչների ընդամենը 13%-ն է դժգոհ սանհանգույցների մաքրությունից, իսկ աշակերտների՝ 41%-ը:

Դիտարկված արդյունքների համաձայն՝ այցելված բոլոր դպրոցներն ունեն սանհանգույց, ընդ որում, դպրոցներից 42-ում սանհանգույցը գտնվում է շենքի ներսում, 2-ում՝ դրսում։ Դպրոցներից 35-ում առկա է առանձնացված սանհանգույց ուսուցիչների համար, իսկ 9-ում՝ ոչ:  Ընդ որում, ուսուցիչների համար առանձնացված սանհանգույց ունեցող դպրոցներից 18-ում առկա է 1-ական նմանատիպ սանհանգույց, 11-ում՝ երկուական, 3-ում՝ երեքական, մյուս երեք դպրոցներում՝ 4 և ավելի:

Ըստ Սանիտարահիգիենիկ կանոնների՝ «Դպրոցի յուրաքանչյուր հարկում պետք է նախատեսվեն մաքրման պարագաների պահպանման և մշակման, ախտահանիչ լուծույթների պահպանման և մշակման, ախտահանիչ լուծույթների պատրաստման օժանդակ սենյակներ»: Դիտարկման արդյունքները,  սակայն, վկայում են, որ այդ պայմանները 44 դպրոցից  պահպանվում են ընդամենը 17- ում: Որոշակի խնդիրներ կան նաև ջրահեռացման համակարգում: Դպրոցների 86%-ում իրականացվում է կեղտաջրերի հեռացում, իսկ 14%-ում՝ ոչ։ Կեղտաջրերի կուտակման հորով զուգարան առկա է դպրոցների 48%-ում:

Խմելու ջրի և ջրամատակարարման վիճակը դպրոցներում մյուս ոլորտների համեմատ ավելի քիչ մտահոգիչ է։ Այսպես, ուսուցիչների 90%-ը նշել է, որ դպրոցում մաքուր խմելու ջուր կա, որից կարող են օգտվել, իսկ աշակերտների 79%-ն է այդպես կարծում: Եթե դիտարկենք աշակերտների պատասխաններն ըստ մարզերի, ապա կտեսնենք, որ խնդիրն առավել ակնառու է Արմավիրի (29%-ը նշել է, որ մաքուր խմելու ջուր չկա), Արագածոտնի (23%) և Սյունիքի (22%) մարզերում:

Ոչ բարվոք ապահովվածություն

Վերջին տարիներին ներառական կրթության համակարգի ներդրմանը զուգընթաց որոշակի աշխատանքներ են իրականացվել դպրոցի շենքային պայմանների հարմարեցման հետ կապված, մասնավորապես ավելացվել են թեքահարթակներ, բայց, ինչպես արդյունքներն են ցույց տալիս, 44 դպրոցից միայն 22-ը ունի թեքահարթակ մուտքի մոտ և ընդամենը մեկը ունի թեքահարթակ դպրոցի ներսում:

Դպրոցներից 16-ում վերին հարկերում առաստաղին առկա են կաթոցների հետքեր, իսկ 17-ում շենքի ներսում առկա են  բորբոսի հետքեր:

Հանրակրթական դպրոցների համար նախատեսված սանիտարական կանոնների 6.3 կետի համաձայն՝  դպրոցի շենքը պետք է ունենա ճաշարան: Մեկ այլ կետի համաձայն՝ փոքրաթիվ աշակերտներով դպրոցներում (100 աշակերտից պակաս) սննդի բլոկի բացակայության դեպքում երեխաների սննդի կազմակերպումը թույլատրվում է իրականացնել այլ նպատակների համար հատկացված տարածքում՝ համաձայնեցնելով ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության տարածքային մարմնի հետ: Մինչդեռ պարզվում է՝ 44 դպրոցից 17-ը չունի գործող ճաշարան, իսկ մարզասարքերով մարզադահլիճ առկա է միայն 16-ում:

Աշակերտների միայն 36 տոկոսն է հաճախակի կամ միշտ օգտվում գրադարաններից,  ուսուցիչների՝ 57 տոկոսը: Գրադարանից հազվադեպ օգտվելու հիմնական պատճառներ աշակերտները նշել են գիրք կարդալ չսիրելը, անհրաժեշտ գրքերի բացակայությունը և գրադարանի հագեցվածության ոչ բարձր մակարդակը, իսկ աշակերտների մի մասն էլ նախընտրում է էլեկտրոնային գրքեր կարդալ համակարգչով, տանը:

Լաբորատոր փորձեր բնագիտական առարկաներից ոչ բոլոր դպրոցներում են կատարվում՝ դասն առավել արդյունավետ և հետաքրքիր դարձնելու համար․ 10 դպրոցում՝ քիմիայի, 9-ում՝ ֆիզիկայի լաբորատորիա չկա: Իսկ բուժզննման հետ կապված քաշի և հասակի ստուգումներ անցնում են գրեթե բոլոր աշակերտները, մնացած ստուգումները անցնում են ըստ անհրաժեշտության կամ ընդհանրապես չեն անցնում: Դիտարկված 44 դպրոցից 11-ում բուժկետ չի գործում։ Այն դպրոցները, որոնք բուժկետ չունեն, բուժզննում անցկացնում են  համայնքի բուժկետում:

Չհուսադրող կարծիքներ

Հետազոտությունների համակարգող Դիանա Տեր-Ստեփանյանը նշեց, որ շատ հաճախ ուսուցիչները ցանկանում են իրենց դպրոցը ներկայացնել ավելի լավ, քան իրականում կա։ Այնպես որ՝ մարզային քննարկումը հնարավորություն տվեց հենց ուսուցիչներից լսել վեր հանված խնդիրների վերաբերյալ  առաջարկներ. «Պլանավորման փուլից ի վեր համաձայնեցրել ենք Կրթության և գիտության նախարարության հետ և, բնականաբար, երաշխավորել, թե  որ հարցը լուծում կստանա, մենք չենք կարող ասել, մեր առաքելությունը այս խնդիրները ուսումնասիրել և վեր հանելն էր, բայց հետևողական կլինենք անպայման»:

Քննարկման ժամանակ ուսուցիչները շոշափում էին հարցեր, որոնք հիմնականում պտտվում էին մեկ խնդրի շուրջ՝ ֆինանսական միջոցները սուղ են։ Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի տնօրենի տեղակալ ժաննա Հարությունյանը ասաց, որ  իրենցից յուրաքանչյուրը եզրահանգումներ կանի և ձեռնամուխ կլինի դպրոցներում կատարել փոփոխություններ. «Հիմա դժվար է աշակերտի մոտ հետաքրքրություն առաջացնել: Դպրոցը, երբ կլինի ավելի բարետես, նյութատեխնիկական բազայով հարուստ, ցանկացած առարկայից դասերը հագեցած կլինեն իրենց կահավորանքներով, բնագիտական առարկաները կունենան իրենց համապատասխան տեխնիկական բազան, նյութերը, միայն այդ ժամանակ աշակերտը կցանկանա հաճույքով սովորել»:

«Մենք հետազոտեցինք, թե որքանով են օրենսդրությամբ սահմանված նորմերը պահպանվում մարզի  դպրոցներում, - հիշեցրեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։ - Այդ նորմերի պահպանման և խախտման մասին ամենալավը գիտեն հենց դպրոցի տնօրենները, և հենց նրանք էլ ասում են, որ տեղյակ են՝ հիմնական խնդիրը գումարի հետ է, բայց, կարծում եմ, ոչ միայն փողի, այլև փողի արդյունավետ կառավարման հետ է կապված»:  

Դպրոցների շենքային  ու սանիտարահիգիենիկ պայմանները անուղղակի ազդեցություն են ունենում մի կողմից՝ աշակերտների առաջադիմության, մյուս կողմից՝ ուսուցիչների աշխատանքի արդյունավետության վրա: Սա էր հետազոտությունը իրականացնողների վերջնական եզրահանգումը, որին հիմնականում համամիտ էին մասնակիցները:

Նարե Խաչատրյան

16:00 05.04.2019