ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Աչքեր՝ ինչ գույնի ցանկանաս
19:00 07.04.2019

Աչքեր՝ ինչ գույնի ցանկանաս

Եթե դուք ծնվել եք սև աչքերով, բայց ամբողջ կյանքում երազել եք ունենալ կապույտ աչքեր, հոգ չէ։ Այժմ դուք կարող եք իրագործել ձեր երազանքը մի քանի րոպեի ընթացքում։ Ընդամենը պետք է տեղադրել կոսմետիկ ոսպնյակներ (լինզաներ), և ամեն ինչ պատրաստ է։ Դեռ ավելին, եթե հասկանաք, որ ձեր աչքերի բնական գույնը ձեզ ավելի համապատասխան էր, կարող եք հանել ոսպնյակները և վերադառնալ ձեր հին տեսքին։ Մեծ հաշվով ոսպնյակները իրականացնում են ավելի մեծ երազանքներ, հատկապես երբ դրանք օպտիկական են։

«Մինչև 17 տարեկանը կարճատեսության պատճառով վատ էի տեսնում։ Հաճախ ծանոթներս ինձնից նեղանում էին, քանի որ դրսում հաճախ նրանց չէի բարևում, ավելի ճիշտ՝ նրանք էին այդպես մտածում, բայց իրականում այս ամենի հետևում իմ կարճատեսությունն էր։ Ակնոց դնում էի միայն տանը, կոմպլեքսավորվում էի դրանք դրսում դնելիս։ 18 տարեկանում առաջին անգամ կրեցի օպտիկական լինզաներ։ Դա պարզապես հրաշք էր, այդքան տարի անց ունենալ այդքան սպասված տեսողության կարգավորումը։ Այժմ ես ինձ լիարժեք մարդ եմ զգում և աշխարհը տեսնում եմ իր ողջ գեղեցկությամբ», - պատմում է Սիլվան, ով արդեն երեք տարի է՝ կրում է տեսողության ոսպնյակներ։

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ավելանում է դրանք կրողների թիվը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում կոնտակտային ոսպնյակներ կրում է մոտ 125 միլիոն մարդ: Դա տեսողության շտկման միջոց է, լինում է տարբեր տեսակի, բայց ակնաբուժության մեջ ընդունված է բաժանել երեք հիմնական տեսակի՝ կոսմետիկական, օպտիկական եւ կոսմետիկ-օպտիկական, որոնք էլ իրենց հերթին ենթատեսակներ ունեն:

Ինչ առանձնահատկություն ունեն այդ տեսակները, արդյո՞ք ամեն ինչ այդքան իդեալական է, իսկ ոսպնյակները՝ այդքան անվտանգ։ Հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ ակնաբույժ Էվելինա Հովսեփյանից։ «Կոսմետիկական լինզան ապահովում է միայն աչքերի գույնը, այն 3-4 ժամից ավելի ցանկալի չէ կրել, քանի որ կարող է բացասաբար ազդել եղջերաթաղանթի վրա։ Օպտիկական տեսակը անհրաժեշտ է օգտագործել միայն բժշկի մոտ ստուգում անցնելու և հատուկ ցուցում ստանալու դեպքում։ Իսկ կոսմետիկ-օպտիկական լինզաներն անհատական մոտեցում են պահանջում՝ կախված տվյալ անձի աչքի առանձնահատկություններից։ Անկախ տեսակից, կրելու համար պետք է պահպանել մաքսիմալ հիգիենիկ կանոններ, եթե վստահ չեք, որ կարող եք դա անել, ապա ավելի լավ է հրաժարվեք կրելու մտքից։ Հիգիենան չպահպանելու դեպքում աչքի բնականոն ֆունկցիան կարող է խանգարվել։ Վերջերս հասարակական լվացարաններից մեկում տեսա մի աղջկա, ով գնել էր կոսմետիկ լինզաներ և փորձում էր կրել հենց այդ հասարակական վայրում։ Ինչպես հասկացա, նոր էր գնել և առաջին անգամ պետք է կրեր։ Մի քանի անհաջող փորձից հետո լինզան ընկավ լվացարանի մոտ (սանիտարահիգիենիկ պայմանների վիճակը պատկերացնելը նման վայրում թողնում եմ ձեզ), նա բարձրացրեց ընկածը և տեղադրեց աչքերին։ Երկար հետևելուց հետո, որպես մասնագետ, չդիմացա և զգուշացրի այդ աղջկան, որ դա կարող է վտանգավոր լինել իր տեսողության համար, բայց ապարդյուն, նա չլսելու տվեց և դուրս եկավ լվացարանից», - ասում է բժիշկը։

Մի քանի ժամ գեղեցիկ երևալու համար մարդիկ կորցնում են տեսողությունը, որին չի փոխարինի և ոչ մի գեղեցկություն։ Կոնտակտային ոսպնյակները պահանջում են բարդ խնամք: Անհրաժեշտ է կանոնավոր կերպով դրանք մաքրել հատուկ լուծույթի մեջ, պահել միայն հատուկ տուփի մեջ, օգտագործել միայն մաքուր ձեռքերով: Ինչպես բժիշկն է ասում, նույնիսկ եթե դուք մտածում եք, որ ձեր ձեռքերը մաքուր են, ոսպնյակների հետ առնչվելուց անմիջապես առաջ լվացեք դրանք։ Վատ կամ սխալ մաքրման դեպքում դրանց վրա հավաքվում են մանրէներ և սպիտակուցային նստվածքներ, որոնք կենսաբանական միջավայր են ստեղծում բակտերիաների բազմացման համար:

Հետևեք ոսպնյակների օգտագործման ժամկետին, ժամանակին փոխեք դրանք, երբ ժամկետն անցնում է: Ժամկետանցները վնասակար են աչքերի համար: Կոնտակտային ոսպնյակները կլանիչ հատկություն ունեն, ուստի ծխոտված տարածքներում երկար մնալուց հետո դրանք պետք է ավելի հաճախ փոխել:

«Յուրաքանչյուր մարդու վրա լինզաների կիրառումը կարող է անհատական ազդեցություն ունենալ։ Եթե լինզաները որակյալ են, ժամկետի մեջ, կիրառվում են հիգիենիկ պայմաններում և ճիշտ նախատեսված ժամանակահատվածում և, այդուհանդերձ, անհարմարություն են ստեղծում կրողի համար, պետք է դիմել բժշկի և հասկանալ պատճառները», - հավելում է բժշկուհին։

Այսօր մարդիկ չարաշահում են ոսպնյակների կիրառումը։ Կան դեկորատիվ լինզաներ, որոնք կարող են լինել միանգամից ծիածանի բոլոր գույներով կամ տարբեր նշաններով։ Երբեմն դրանք կարող են դարձնել մարդուն սարսափ ֆիլմերի կերպարներ։ Նման դեպքերում դժվար է ասել, թե ինչ ազդեցություն կունենան լինզաները տեսողության վրա։

Ինչպես ընդունված է բժշկության մեջ ասել, ավելի լավ է կանխել հիվանդությունը (այս դեպքում խնդիրը), քան բուժել այն։ Այդ իսկ պատճառով նախքան որևէ քայլ անելը մանրամասն ծանոթացե՛ք կիրառման և պահպանման կանոններին, մի՛ վտանգեք առողջությունը պահի գեղեցկության համար և մի՛ փորձեք տարբերվել պարզապես սարսափ կերպարի վերածվելով։

Սոնա Օհանջանյան

19:00 07.04.2019

Ամենաշատ ընթերցվածները