ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Հետադարձ հայացք
15:00 07.04.2019

Հետադարձ հայացք

Գողտրիկ արվեստանոցում կտավներ են արարվում, որոնք հաճախ հակադիր տրամադրություններ են արտահայտում: Այստեղ գույները մուգ են, թեմաները՝ ամենատարբեր. արվեստանոցում Հրանտ Էլչյանն է:

Նախկին ուսանողուհին պատմում է

«Յուրահատուկ մարդ ու մանկավարժ է պարոն Էլչյանը, բնավորությունը՝ հանդարտ ու զրույցի տրամադրող, մեզ՝ ուսանողներիս յուրաքանչյուրին յուրովի մոտեցում էր ցուցաբերում», - ասում է Աշխեն Ավանեսյանը։ Ուսանողուհին հավելում է, որ բավականին հետաքրքիր էին անցնում դասերը՝ հագեցած հետաքրքիր երաժշտությամբ, շատ կատակասեր է, նրանից մշտապես կարելի է սովորել։

Կենսագրական դրվագներ

Հրանտ Էլչյանը ծնվել է 1950թ․ Կապանում, ավարտել է Երևանի թիվ 1 գեղարվեստի ուսումնարանի դրվագման և ոսկերչության բաժինը, իսկ 1975թ․՝ Երևանի Խ․Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի գեղանկարչության բաժինը: Այժմ դասավանդում է Կապանի արվեստի պետական քոլեջում: 1991-ից ՀՀ նկարիչների միության անդամ է: Ունի ավելի քան վեց հարյուր կտավ, տասնյակ ցուցահանդեսներ է կազմակերպել Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Նրա մի շարք աշխատանքներ գտնվում են տարբեր մասնավոր հավաքածուներում ՝ Մոսկվա, Սարատով, Պետերբուրգ, Լոս-Անջելես և այլն: Նշենք նաև, որ Հրանտ Էլչյանը մասնակցել է Գեղանուշի ինքնապաշտպանական մարտերին։

Նկարելու արվեստը գեղեցիկը շոշափելի պատկերելն է  

Հրանտ Էլչյանի ստեղծագործական վաղ շրջանը աչքի է ընկնում հայրենիքի վշտերին վերաբերող թեմաներով․ «Արցախյան գոյամարտի ժամանակ ինքս ինձ նկարեցի, այդ ինքնանկարում հետ եմ նայում, դեպի լեռնային այդ երկիրը, կարոտով ու մորմոքով: Դրան հաջորդեցին Սումգայիթ, Երկրաշարժ, Արահետ դեպի Նախիջևան եռանկարները, որոնք իրենց մեջ մեր ժողովրդի վիշտն են կրում»: Այնուհանդերձ, գեղանկարչի նախասիրությունը բազմաժանրությունն է, ինչպես ինքն է ասում՝ այն ծնվում է աշխատանքի ռիթմից։ «Հնարավոր չէ բավարարվել արտաքին աշխարհի վերարտադրությամբ, ուզում ենք ինքներս մեզ գտնել մեր մտքերի մեջ, դրանք կտավ դարձնել, որին տալիս ենք թեմատիկա, տրամադրություն, շունչ, ինչպես երաժշտական մի փոքրիկ գործը»։

Գեղանկարիչն ասում է․ «Ի վերուստ տրված նկարելու շնորհը, աշխատասիրությունը և պրպտելու անհագուրդ ցանկությունը նկարելու համար անհրաժեշտ պայմաններ են, բայց նկարիչը պետք է հետևի նաև մի շարք այլ պայմանների։ Պետք է շատ կարդա ու բարձրարվեստ երաժշտություն լսի։ Մայրս գրադարանում հավաքարարուհի էր, փայտ կտրելու համար գնալիս ամեն անգամ մի գիրք վերցրել կարդացել եմ, ինչը եղել է իմ ինքնակրթության խոհանոցը։ Ինձ համար վերին շերտում են գտնվում Կամյուն, Մարկեսը, Սարտրը․ նրանք են զարգացրել իմ աշխարհայացքը»։

Արհեստական բարդություններ

«Լուրջ մտահոգվելու առիթ կա, - ասում է գեղանկարիչը, - մեր օրերում արտանկարչությունը ծաղկում է, համակարգիչներից արտագրում են, և տակը առանց ամաչելու գրում իրենց անուն-ազգանունը։ Բայց, միևնույնն է, գրագետ մարդը կտարբերի, որ այս վրձնահարվածը, օրինակ, Սարյանինն է կամ Մինասինը։ Պատահել է, երբ ինձնից կտավ են գնել, բայց քանի որ այդ նկարը հոգեհարազատ է եղել ինձ, ստիպված եմ եղել հետ գնել, միաժամանակ ցավով նշեմ, որ այսօր նկար գնելու մշակույթը հետընթաց է ապրում։ Դա մարդկանց սոցիալական վիճակից է կախված, հիմա ավելի քիչ են վաստակում։ Եթե լավ ապրեն, հօգուտ մեզ է, մենք էլ շատ կստեղծագործենք՝ հօգուտ իրենց»։

Եվ չնայած այս ամենին՝ գեղանկարիչը շարունակում է իր կտավների միջոցով գովերգել հայրենի բնության գեղեցկությունը, առհասարակ այն առողջ երևույթները, որոնք մեր աչքի առաջ են։

Անուշ Միրզոյան

15:00 07.04.2019

Ամենաշատ ընթերցվածները