ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Կ․Վոնեգութ․ «Կատվի ճոճք»
17:00 07.04.2019

Կ․Վոնեգութ․ «Կատվի ճոճք»

Ոչ ոք չի կարող ժխտել, որ գիտությունը կարող է կատարելագործել աշխարհը։ Ոչ ոք չի կարող ժխտել նաև, որ գիտությունը կարող է ավերել աշխարհը։ Արժե՞ հիանալ գիտնականի ստեղծածով, որը միայն ոչնչացնում ու սպանում է։ Գուցե հիացողներ, այնուամենայնիվ, գտնվեն, եթե, իհարկե, հաջողվի կենդանի մնալ։ Ամերիկացի գրող Կուրթ Վոնեգութը անցյալ դարի 60-ականներին գրած իր «Կատվի ճոճք» վեպում քննության է առնում գիտնականի անձնական պատասխանատվության հարցը։

Գլխավոր հերոսը՝ գրողը, նյութեր է հավաքում իր գրքի համար, որը վերնագրել էր «Այն օրը, երբ եկավ աշխարհի վերջը»։ Նա որոշել է անդրադառնալ միայն այն իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել 1945թ․ օգոստոսի 6-ին՝ Հիրոսիմայի ռմբակոծման օրը։ Գրողի նամակին պատասխանում է միջուկային ռումբի հայրերից մեկի՝ Ֆելիքս Հոնիքերի կրտսեր որդին՝ Նյութընը կամ Նյութը։ Պարզվում է՝ օգոստոսի 6-ին հայրը ձեռքին բռնել էր թելի կտոր, որի ծայրերը կապել ու սկսել էր մատներով խաղալ․ «Եվ ստացվեց այն, ինչը կոչվում է կատվի ճոճք»։ Հայրը, որ երբևէ ուշադրություն չէր դարձրել երեք զավակներին, այդ օրը ցանկանում էր խաղալ փոքրիկ Նյութի հետ։ Հետագայում քույրը՝ Անջելան, բազմիցս ասել էր եղբորը, որ այդ օրը նա ցավ էր պատճառել հորը, քանի որ չէր հիացել կատվի ճոճքով։ Բայց եղբայրը բոլորովին այլ կարծիքի էր․ «Մարդիկ նրան չէին կարող ցավ պատճառել, քանի որ մարդկանցով չէր հետաքրքրվում։ Հիշում եմ՝ ինչպես էի իր մահից մեկ տարի առաջ փորձում համոզել, որ պատմի մորս մասին։ Ոչինչ չկարողացավ հիշել»։ Հայրը անտարբեր էր եղել նաև մոր նկատմամբ, որը մահացել էր հենց Նյութին ծննդաբերելիս։

Իսկ Հիրոսիմայի ռմբակոծման օրը, երբ գիտնականներից մեկը ասել էր հորը, թե գիտությունը ճանաչեց մեղսագործությունը, լսել էր այսպիսի արձագանք․ «Ի՞նչ ասել է մեղսագործություն»։ Նոբելյան մրցանակակիրի վերջին հայտնագործությունը սառույց-ինը կոչվող մահաբեր զենքն էր, որ ունակ էր ոչնչացնելու երկրի երեսին գտնվող ամենայն ինչ։ Մինչ գրողը զբաղված էր նյութեր հավաքելով, տարօրինակ հոր ոչ պակաս տարօրինակ զավակները արդեն ձեռք էին բերել նրա ստեղծած զենքը։

Ամբողջ գիրքը ծայրից ծայր ողողված է Բոկոնոնի մտքերով։ Իսկ ի՞նչ է բոկոնոնականությունը, որը դավանում է նաև գրողը։ Այդ կրոնին նա ծանոթանում է Սան Լորենցո թռչող ինքնաթիռում, գիտելիքները խորացնում այդ կղզում հիմնված բռնապետական հանրապետությունում, որն իրեն ժողովրդավարական էր հռչակել։ Այդտեղ էին եկել նաև, ի դեպ, Անջելան և Նյութը՝ մասնակցելու արդեն գեներալ-մայոր դարձած ավագ եղբոր՝ Ֆրենկի նշանադրությանը։

Սան Լորենցոն ժամանակին շատերն էին գրավել, և երբ կապրալ Մըք-Քեյբն ու Ջոնսընը՝ Բոկոնոնը, իրենց ձեռքն առան կղզու կառավարումը, որևէ դիմադրության չհանդիպեցին։ Շուտով կառավարողները հասկանում են, որ չեն կարող ապահովել 450 հազար բնակիչների բարօրությունը։ Այդ պատճառով նախաձեռնում են մի ներկայացում, որի գլխավոր դերերը հենց իրենք են ստանձնում։ Նոր կրոն ստեղծած Բոկոնոնը խնդրում է իրեն հռչակել օրենքից դուրս և թաքնվում ջունգլիում։ Բռնվելու դեպքում նա պետք է կախվեր կեռից․ «Բոկոնոնը համոզված էր, որ բարեհաջող հասարակություն հնարավոր է կառուցել՝ բացառապես հակադրելով բարին ու չարը, մշտապես բարձր պահելով լարվածությունը դրանց միջև»։ Չարը՝ բռնապետը՝ պալատում, բարին՝ ջունգլիում։ Ամբողջ կղզին դարձել էր բոկոնոնական՝ և՛ հպատակները, և՛ իշխանավորները, միայն թե՝ ծածուկ։ Այնպես որ՝ կատվի ճոճքը շարունակվում էր Սան Լորենցոյում, որտեղ կարևոր իրադարձություն էր տեղի ունենում․ նշվում էր ազգային տոնը՝ Ժողովրդավարության հարյուր մարտիրոսների օրը։

Դեպքերը սրընթաց են զարգանում։ Հոգեվարքի մեջ գտնվող բռնապետը խմում է իր վզից կախած սառույց-ինը և դառնում պատմության մեջ այդ զենքից մահացած առաջին մարդը։ Կասկածից վեր էր, որ պաշտոն ստանալու համար Ֆրենկն էր նրան տվել սառույց-ինը։ Գրողը հասկանում է․ միայն Սան Լորենցոյի Հանրապետությունն ու երեք Հոնիքերները չէ, որ սառույց-ինը ունեն։ Միացյալ Նահանգները երկրագնդի վրա կյանքին վերջ տվող այդ միջոցը ձեռք էր բերել Անջելայի ամուսնուց, Խորհրդային Միությունը՝ Նյութի հետ ժամանակին սիրային արկած ունեցած ուկրաինացի պարուհի և լրտես Զինկայից։ Գրողը սկսում է մտածել, թե ապագայի ինչ հույսեր կարող է ունենալ մարդկությունը, «երբ Ֆելիքս Հոնիքերի նման գիտնականները ստեղծում են սառույց-իննի նման խաղալիքներ ու  տալիս մարդկության մեծամասնության պես սեփական քթից այն կողմ ոչինչ չտեսնող իրենց զավակներին»։

Սառույց-իննի մրրկահողմերը կղզում վերացնում են այն ամենը, ինչ գետնի երեսին էր․ «Եթե ինչ-որ կյանք դեռ մնացել է, շուտով դա էլ կկործանվի ծարավից, սովից, կատաղությունից և առաջին հերթին՝ լիակատար անտարբերությունից»։ Կենդանի են մնում մի քանի հոգի, որոնց մեջ էր նաև գրողը։ Նրանք նկատում են հազարավոր դիակներով լի մի փոս։ Մի գլաքարի տակ հայտնաբերված երկտողը տեղեկացնում է, թե ինչպես են մահացել բնակիչները․ «Նրանք բռնել էին Բոկոնոն անունով կեղծ սրբին։ Նրան բերել էին այստեղ, կանգնեցրել մեջտեղում ու պահանջել, որ իրենց բացատրի, թե ինչ է ձեռնարկել ամենակարող Տերը, և որն է իրենց անելիքը։ Այդ խաբեբան նրանց ասել էր, թե Աստված ակնհայտորեն ուզում է սպանել իրենց հավանաբար այն պատճառով, որ ձանձրացրել են իրեն, ուստի պարկեշտ վարվեցողությունը թելադրում է, որ իրենք ինքնակամ ընդունեն մահը։ Նրանք, ինչպես տեսնում եք, այդպես էլ արեցին»։ Երկտողը ստորագրել էր ինքը՝ Բոկոնոնը։

Վոնեգութը այսպես է պատկերում աշխարհի վերջը, մի վերջ, որին, ինչ խոսք, նախորդել էր կատվի դրախտը՝ անիմաստ կյանքը։

Արթուր Իսրայելյան

17:00 07.04.2019

Ամենաշատ ընթերցվածները