ԱՎԵԼԻՆ

Մամուլ

«Ա․Կ․Ա․»-ն՝ «S’Unique Movie Theatre» կինոթատրոնում
18:00 08.04.2019

«Ա․Կ․Ա․»-ն՝ «S’Unique Movie Theatre» կինոթատրոնում

Մարտի 21-ին հանրապետությունում մեծ էկրան բարձրացավ «ԱԿԱ» գեղարվեստական ֆիլմը։ Դրաման ցուցադրվեց նաև Կապանի «S’Unique Movie Theatre» և Քաջարանի «Kajaran Cinema» կինոթատրոններում։ Ցուցադրմանը ներկա էին նաև ֆիլմի  ռեժիսոր Արմեն Միրզոյանը, դերասաններ Սարգիս Գրիգորյանն ու Արաբո Գրիգորյանը։

Որպես նախաբան 

Վերնագիրը՝ «ԱԿԱ»-ն, կազմված է գլխավոր հերոսների անվան սկզբնատառերից Արթուր, Կարեն, Արամ։ Բացի դրանից՝ «ԱԿԱ»-ն նաև նմանեցնում է «AK»-ին՝ Կալաշնիկովի ինքնաձիգին։ Ֆիլմի ժանրը դրամա է, որտեղ հանդես են գալիս հայտնի դերասաններ Խորեն Լևոնյանը, Սարգիս Գրիգորյանը, Արաբո Գրիգորյանը, Սամսոն Ստեփանյանը, Նարինե Պետրոսյանը, մոդել Աննա Գրիգորյանը, երգչուհի Աննա Դովլաթյանը և այլք։ Դերասաններ Սարգիսն ու Արաբոն նախագծի պրոդյուսերներն են։ Ֆիլմի բեմադրող ռեժիսորը Արմեն Միրզոյանն է։

Նոր ժամանակներ, նոր ձևեր

Ռեժիսորի խոսքով՝ դրամայի հիմքում ընկած է աստվածաշնչյան հայտնի Կայենի ու Աբելի պատմությունը, դրվագներ կան նաև կոմս Մոնտե Քրիստոյից, շեքսպիրյան Ռոմեո և Ջուլիետից։ «Ազնիվ ընկերության, սիրո ու ներել կարողանալու մասին է պատմում ֆիլմը, որ կոչ է անում չչարանալ, ծագած խնդիրները լուծելու համար դեմ դիմաց կանգնել և իրար աչքերի մեջ նայել»։ Արմեն Միրզոյանն ասում է՝ փորձել են ստանալ գեղարվեստական ֆիլմի նոր որակ, այդպիսով համապատասխանել ոչ միայն հայկական, այլև դրսի շուկայի պահանջներին։

«Ժամանակին ասել են, որ կինոն պրոպագանդայի լավագույն միջոցն է, ինչը լավ հասկացան միայն ամերիկացիները, - մեջբերում է ռեժիսորը, - կինոարտադրողների ճիշտ աշխատանքը պայմանավորված է պետական մոտեցմամբ նաև, ինչը դեռևս մեզանում բացակայում է։ Օրինակ՝ թող լինի օրենք կինոյի մասին, որը մեխանիկորեն կկարգավորի պրոդյուսեր-արտադրող, դերասան- ռեժիսոր հարաբերությունները»։

Ե՛վ, և՛

Գլխավոր գործող անձին՝ Արամին, մարմնավորում է ռուսաստանաբնակ Արաբո Գրիգորյանը, ով նաև ֆիլմի պրոդյուսերներից է։ Նրա համար սա նոր աշխարհ էր, որտեղ դժվար կամ հեշտ դրվագներ չկային, կային նոր ու տաղանդավոր մարդիկ, որոնց հասկանում էր կես խոսքից։ «Մենք ջանացել ենք ստեղծել հրաշալի մի ֆիլմ ազնիվ ընկերության մասին, ֆիլմ, թե ինչպես կարելի է ներել, սիրել։ Կարծում եմ՝ ստացվել է, այն, ինչ զգացել ենք, փոխանցել մարդկանց»։ Նախագծի համապրոդյուսեր է ֆիլմի գլխավոր դերասաններից Սարգիս Գրիգորյանը, ասում է՝ փորձել են հանդիսականին չխաբել էժանագին տեսարաններով, նկարահանել գեղարվեստական չափանիշներին համապատասխան ֆիլմ։ Իսկ նկարահանման հրապարակում առավել հիշարժան դրվագը վնասվածք ստանալու հետ է կապված։ «Ֆիլմում, երբ ինձ վրա կրակում են, պայթյունն ականջիս շատ մոտ էր․ ձախ ականջս 20%-ով քիչ է լսում հիմա։ Մեզ մոտ կասկադյորական դպրոցն այդքան էլ պատրաստված չէ, շատ գործողություններ դերասանները պետք է անեն»։

Կապանցի հանդիսականները տպավորված դուրս եկան դահլիճից, իսկ ստեղծագործական խումբը համոզված է, որ ֆիլմը հետագա օրերին ավելի շատ հանդիսատեսի կգրավի։

Անուշ Միրզոյան


18:00 08.04.2019

Ամենաշատ ընթերցվածները