ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ֆեյքերի որսը մութ սենյակում սկսված է
20:00 09.04.2019

Ֆեյքերի որսը մութ սենյակում սկսված է

Մեկ շաբաթ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղակի հրահանգավորեց Ազգային անվտանգության ծառայությանը հայտնաբերել ֆեյքերին (սոցիալական ցանցերում կեղծանունով գրանցված անձինք) և պատժել նրանց ըստ օրենսդրության՝ չվնասելով խոսքի ազատությանը: Միանգամից ասեմ, որ կեղծանունով հանդես գալը մարդու իրավունքն է, իսկ բռնության կոչ կամ մանիպուլյացիա անողների առումով դեռ պետք է ծանրակշիռ ապացույցներ ձեռք բերել, որովհետև դեռ պետք է պարզել՝ նախկին իշխանության ֆեյքե՞րն են պղտորում ջուրը, թե՞ ներկաների ֆեյքերն են արհեստական արտաքին թշնամի ձևավորում։ Պարզողն էլ ոչ թե ոստիկանությունն է, այլ հետախուզությամբ, հակահետախուզությամբ զբաղվող ԱԱԾ-ն: Ամեն դեպքում այս հոդվածը մենք գրում ենք այն պարզ պատճառով, որ դուք կարողանաք կողմնորոշվել համացանցում և չդառնաք ֆեյքերի քարոզչության զոհը, իսկ որ ֆեյքերը ստեղծվում են քարոզչական նպատակով, կասկած լինել չի կարող:

Ֆեյքերի ախտորոշումը

Ֆեյքերին կամ ֆեյք (սուտ) լուրերը կարելի է ախտորոշել շատ պարզ մեխանիզմով: Նրանք տեղեկատվություն են սփռում ապառնի ժամանակով: Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանին, կամ հանրապետականներին, կամ Ռոբերտ Քոչարյանին այլընտրանք չկա: Ֆեյքային լուրերը ստեղծում են կեղծ տպավորություն, որ խաղը արդեն ավարտվել է, և ձեզնից ոչ մի բան կախված չէ: Սերժ Սարգսյանի օրոք ֆեյքերը տարածում էին այն թեզը, որ Սերժ Սարգսյանը ամենալավ տարբերակը չէ, բայց այլընտրանք չկա, ինքը գիտի՝ ինչպես կառավարել և այլն, և այլն: Նիկոլ Փաշինյանի օրոք ֆեյքերը տարածում են այն թեզը, որ վարչապետի թիմը ինչքան էլ թույլ ու անփորձ լինի, միևնույն է, նրանք ազնիվ են, և ժամանակ է պետք, որ ամեն ինչ իր տեղը ընկնի: Երկուսն էլ կեղծ թեզեր են: Սերժ Սարգսյանի սուտը բռնվեց ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ ի հայտ եկան 80-ականների զենքերը և բանակի ոչ պատշաճ պատրաստվածությունը: Մենք հասկացանք, որ ֆեյքերի այն թեզը, թե վատ ենք ապրում, որովհետև ամեն մի գրոշ գնում է բանակին, ուղղակի աղերս չունի իրականության հետ, իսկ վարչապետի ազնիվ, բայց անփորձ թիմի ֆեյքային թեզը փլուզվեց, երբ սկսեցին ձերբակալել նորաթուխ, երիտասարդ և եռանդուն առողջապահության փոխնախարարին և պետական վերահսկողության աշխատակիցներին:

Ֆեյքերի կառուցվածք

Ժամանակակից մարդիկ ալարում են կարդալ երկար տեքստեր և դրանով իսկ սնում են ֆեյքերին: Վերջիններս երկու-երեք պարբերությամբ բացահայտում են ճշմարտությունը, բայց, իհարկե, ոչ մինչև վերջ: Եթե ճշմարտությունը մասնակի է մատուցվում, ապա դա մանիպուլյացիա է: ՀՀՇ-ն մասնակի մատուցում էր այն, որ իրենք մեզ ազատել են դիկտատորական ԽՍՀՄ-ից՝ թաքցնելով, օրինակ, գործարանների հաստոցների վաճառքը: Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները մատուցում են 10 տարվա տնտեսական աճը՝ թաքցնելով, օրինակ, հյուսիսային պողոտայում տարհանված մարդկանց խնդիրը: Սերժ Սարգսյանի կողմնակիցները մեզ վաճառում էին խոսքի ազատությունը՝ անտեսելով քրեաօլիգարխիկ մենաշնորհային տնտեսական համակարգը: Ներկա իշխանությունները ասֆալտին են փռում նախկին թալանչիներին՝ միաժամանակ չստեղծելով հակակոռուպցիոն մարմին, որը կկարգավորի հեղափոխության տրամաբանությունը: Այսօր այդպես էլ անհասկանալի է՝ Ալեքսանդր Սարգսյանը (Սաշիկը) տարիներ ի վեր թալանո՞ւմ էր գործարարներին, թե՞ ինքը արդեն բարերար է, քանի որ 18 մլն նվիրաբերել է բանակին:

Ֆեյքերի կառուցվածքային հաղթանակներից մեկն էլ այն է, որ քաղաքացիները, որոնք զուրկ են քննադատական մտածողությունից, իսկ դրանք մեծամասնություն են կազմում, ձևակերպված կոնցեպտի կարիք ունեն: Ահա թե ինչու ֆեյքերը հաճույքով մատուցում են այս կամ այն կեղծ ձևակերպված կոնցեպտուալ թեզը, իսկ մարդիկ հաճույքով դրանք վերատիրաժավորում են համացանցում:

Մյուս հնարքը, որը կարծես արդեն արմատավորվել է սոցիալական ցանցերում, մեկ աղբյուրից օգտվելու պրակտիկան է: Ոչ թե լրագրության մակարդակն է ընկել, այլ տեղեկատվության սպառողները չեն կարողանում ձևակերպել պահանջ: Հաճախ մեզ հանդիպում են հոդվածներ, որոնց վերնագիրը և տեքստը աղերս չունեն միմյանց հետ, իսկ տեքստում մատուցվող միակողմանի տեղեկատվությունը հանգիստ մարսում է ընթերցողը: Օրինակ՝ «Սպայկա» ընկերության տնօրենին ձերբակալել են, իսկ դատարանի դիմացի փողոցը արգելափակված է աշխատակիցների կողմից: Ի՞նչ ենք տեսնում համացանցում. տեսնում ենք առանձին լուր, որ ձերբակալել են, և տեսնում ենք առանձին լուր, որ աշխատակիցները փակել են փողոցը: Ե՞րբ կլինի համակողմանի հոդված, որտեղ երկու կողմերի ծանրակշիռ փաստարկները կբախվեն, իսկ անկախ փորձագետները կտարանջատեն հավաստի տեղեկատվությունը, ոչ ոք չի կարող ասել: Համացանցում երկու թեզ է պտտվում. մեկը, որ «Սպայկան» Քոչարյանի ընկերությունն է, իսկ մյուսը, որ պետությունից գողացել են 7 մլրդ: Ու ո՛չ առաջին թեզի, ո՛չ երկրորդի հիմնավորումները դեռ չկան:

Վերջաբան

Ֆեյքային լուրերի դեմ պայքարելը անիմաստ գործընթաց է, եթե չկա հստակ նպատակ ծածկելու սեփական տեղեկատվության գաղտնիությունը, ինչպես նաև հաշվեհարդար տեսնելու մյուս քաղաքական ճամբարների հետ: Սուտը կարող է լինել հազար ձևի, իսկ ճշմարտությունը մեկն է: Եթե չկա տեղեկատվություն առ այն, թե ինչու արագաչափ տեսախցիկները հեղափոխության օրերին փակել խոստացող վարչապետը հիմա կողմ է դրանց, ապա ֆեյքերը խաղարկելու են այս քարտը: Եթե մեկ տարի է՝ ի վիճակի չենք ընդունել նոր հարկային օրենսգիրք, որ ներդրողները վերջապես հասկանան տնտեսության խաղի կանոնները, ապա ֆեյքերը անընդհատ գրելու են տնտեսական կոլապսի մասին: Եթե վարչապետը շարունակելու է զբաղվել Արարատի գյուղերի միկրոմենեջմենթով կամ, ասենք, Գյումրու շինհրապարակում խոսելու է քանդված մայթերից և կանանց փչացող կաբլուկներից, ապա ֆեյքերը վարչապետի դեմքին շարունակաբար թափահարելու են հեղափոխական թիմակիցների (քաղաքապետի, մարզպետի) անհամապատասխանությունը իրենց պաշտոններին, ինչպես մատադորն է թափահարում կարմիր կտորը ցլի դեմքին: Կհաղթի մատադորը, թե ցուլը, ցույց կտա ժամանակը, բայց Աստված սիրեք, հանգիստ թողեք կարմիր կտորը: Կարմիր կտոր ֆեյքերի մեղավորությունը այս ամենում նվազագույն է:

Արման Սուլեյմանյան

20:00 09.04.2019