ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Իտալիայի Պատգամավորների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը
13:00 11.04.2019

Իտալիայի Պատգամավորների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը

Իտալիայի խորհրդարանը 382 կողմ ձայնով (պատգամավորների ընդհանուր թիվը 432 է) հավանության է արժանացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Այս մասին հայտնում է Asbarez գործակալությունը՝ հղում անելով բարերար և հասարակական գործիչ Ալեքքո Պեզիքյանին:

«Քիչ առաջ Իտալիայի Պատգամավորների պալատն ընդունեց նախաձեռնություն, որով կոչ է անում Իտալիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը և տալ միջազգային հնչեղություն»,-գրված է Իտալիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում:

Բանաձևն ընդունվել է 382 կողմ, ոչ մի դեմ և 43 ձեռնպահ ձայներով:

Հիշեցնենք, որ Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը Հայոց ցեղասպանոթյան հարցն օրակարգում ներառելու միաձայն առաջարկով էր հանդես եկել նախօրեին: Նշվում է, որ նպատակը «Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելը և դրա միջազգային ճանաչմանը հասնելն» է:

«1973 թ. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն 1915-17 թթ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած և 1.5 մլն հայերի կյանքը խլած դեպքերը ընդունել է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Բացի այդ` Եվրոպայի խորհրդարանը, 1987 թվականի որոշմամբ, 1915-17 թթ. դեպքերը ճանաչել է որպես ցեղասպանություն: Նմանատիպ որոշմամբ՝ 2015 թ. բոլոր անդամ երկրներին կոչ էր արվել ճանաչել այն», - նշված է տեքստում:

Հիշեցնենք, որ Իտալիան 2000 թ. Ներկայացուցիչների պալատի մակարդակով սահմանափակ որոշում էր ընդունել, որում նշված էր. «Հղում անելով Եվրախորհրդարանի` Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ կոչերին, տարածաշրջանում տարբեր ժողովուրդների և փոքրամասնությունների միջև տարատեսակ տարաձայնությունները կանխարգելելու համար սահմանափակ դիրքորոշում է ընդունել»:

Նշենք, որ օրեր առաջ Իտալիայի փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին  Թուրքիային մեղադրել էր մարդու իրավունքների խախտման, Կիպրոսի մի մասը բռնազավթելու, Հայոց ցեղասպանությունը չճանաչելու մեջ և կոչ արել թույլ չտալ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին:

Պատգամավորների պալատի այս որոշումը հարուցել էր Թուրքիայի զայրույթը, որի պատճառով Իտալիայի դեսպանին կանչել էին ԱԳՆ:

Մարտի 18-ին Իտալիայի Լացիո մարզի խորհրդարանը միաձայն ընդունել էր Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը ճանաչող բանաձև, որով խորհրդարանի անդամները զորակցություն և աջակցություն են հայտնում հայ ազգի զավակներին, պատմական ճշմարտության համար նրանց մղած պայքարին ու մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերին: Լացիո մարզի խորհրդարանը Իտալիայի 136-րդ խորհրդարանն է, որն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:

Աղբյուր՝ tert.am

13:00 11.04.2019