ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Բիզնես՝ սոցիալական աջակցության նպատակով
19:00 11.04.2019

Բիզնես՝ սոցիալական աջակցության նպատակով

Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 21/60 հասցեում կառուցվում է երկու բազմահարկ շենք։ Շինարարությունն իրականացվում է բիզնես-ծրագրի շրջանակում, նախաձեռնությունն ու ֆինանսավորումը «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ինն է։

Ցանկալի պայմաններ

«Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ի շինարարական գծով վարպետ, աշխղեկ Գևորգ Եգանյանը ասում է, որ շենքերը կառուցվում են ժամանակակից չափորոշիչներին համապատասխան․ «Բարձրահարկերից մեկը վեցհարկանի է, մյուսը՝ յոթհարկանի։ Շենքերն ունենալու են բարձրորակ վերելակներ, ստորգետնյա ավտոկայանատեղի, սուպերմարկետ։ Բացի դրանից՝ ապահովված են լինելու անվտանգության և հակահրդեհային համակարգերով և ունենալու են բարձր սեյսմակայունություն (III գոտի, 9 բալ)։ Ինչպես նաև կկառուցվի խաղահրապարակ՝ կանաչապատ տարածքով»։

«Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ի տնօրեն Ազատ Գասպարյանի խոսքով՝ գաղափարը ծնվեց դեռևս երեք տարի առաջ, երբ Մեղրիում և Ագարակում նորապսակներին բնակարանով ապահովելու խնդիր առաջացավ։ Ասում է՝ չնայած սկզբում մտավախություն կար հատկապես ֆինանսավորման առումով, բայց հետո համայնքապետի՝ Մխիթար Զաքարյանի հետ որոշեցին դիմել այս համարձակ քայլին։ «Մենք՝ որպես շինարարական կազմակերպություն, ունենք շինանյութ, օրինակ՝ տախտակ, խիճ, ավազ, և ամենակարևորը՝ լավ աշխատակազմ։ Ունենք նաև վարկային գիծ՝ մոտ 120 միլիոնի, ժամանակավոր կօգտվենք դրանից»։

Մեծ է տեղի գործարարների աջակցությունը։ Նրանք, ովքեր շինանյութի բիզնեսով են զբաղված, պատրաստակամ եղան օգնելու, ասել է թե՝ նրանցից պարտքով շինանյութ են գնում՝ վերադարձնելու պայմանով։ Խոսքը վերաբերում է 3000 խորանարդ մետր բետոնին, 2000 տոննա ցեմենտին, 250-300 տոննա ամրանին։ «Մենք անելու ենք կմախքային մասը․ շենքը կառուցելու ենք, ծածկը, դռները, լուսամուտները տեղադրելու, իսկ հարդարումը թողնելու ենք արդեն սեփականատիրոջը։ Եթե ցանկանան, դա էլ կանենք», - ասաց Ա․Գասպարյանը։

Այս բիզնես-ծրագրին աջակցում է նաև Մեղրու համայնքապետարանը, այս պահին՝ կազմակերպչական մասով՝ ապահովելով համապատասխան մասնագետներով։ Մխիթար Զաքարյանը նշում է՝ մեծ երազանքով են սպասում ծրագրի իրականացմանը, քանի որ անկախությունից ի վեր Մեղրու տարածաշրջանում բնակելիների կառուցում չի եղել, բացի ՊՆ-ի՝ սպաներին տրամադրած բնակարաններից։ «Ծրագիրը ոգևորիչ է տարբեր առումներով, հատկապես օրենքի փոփոխությամբ ավելի մատչելի է դարձել հիփոթեքով բնակարանների ձեռքբերումը, գործում է եկամտային հարկի արտոնություն, այսինքն՝ պետությունը եկամտային հարկի մասով հիփոթեքային վարկի տոկոսը վերադարձնելու է»: Հաշվի է առնվել, որ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում կան բազմաթիվ երիտասարդներ, ովքեր ստանում են բարձր աշխատավարձ և կարող են օգտվել այս ծրագրից։

«Չնայած բիզնեսն ակնկալում է շահույթ, այնուհանդերձ այս դեպքում ծրագիրն առավելապես հետապնդում է սոցիալական աջակցության նպատակ», - խոսքը եզրափակեց համայնքապետը։

Անուշ Միրզոյան

19:00 11.04.2019

Ամենաշատ ընթերցվածները