ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Վերականգնվել է Հերհեր համայնք տանող 11.106 կմ ճանապարհահատվածը
18:00 11.04.2019

Վերականգնվել է Հերհեր համայնք տանող 11.106 կմ ճանապարհահատվածը

Վայոց Ձորի մարզի Հերհեր համայնքի բնակիչներն այսուհետ կունենան բարեկարգված ճանապարհ։ Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում վերականգնվել է 11.106 կմ ճանապարհահատված, որը սկսվում է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի՝ Հերհեր տանող հատվածից և հասնում մինչև համայնքի կենտրոնական հատված՝ ներառյալ դպրոց, գյուղապետարան և այլ օբյեկտներ տանող մուտքերը։ 

Շինարարական աշխատանքները տևել են 11 ամիս։ Կապալառու կազմակերպությունը՝ «Բլեսկ» ՍՊԸ-ն, վերականգնել է հողային պաստառը, ճանապարհային պատվածքը, իջատեղերը, մուտքերը։ Վերականգնվել է նաև ջրահեռացման համակարգը. ապամոնտաժվել են հին խողովակները, տեղադրվել են նոր խողովակներ, նոր անձրևաընդունիչներ և բետոնե վաքեր։ Իրականացվել են նոր մայթերի կառուցման և ասֆալտապատման աշխատանքներ, նորոգվել են գոյություն ունեցող հենապատերը, առանձին տեղերում կառուցվել են նորերը։ Տեղադրվել են ճանապարհային նշաններ, ազդանշանային սյուներ։ Հերհեր համայնքի տարածքում նոր պոլիէթիլային խողովակներով անցկացվել է 886 գծամետր խմելու ջրագիծ և 131.5 գծամետր կոյուղատար։ Ճանապարհի անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով որոշ հատվածներում ժայռային լանջերի վրա տեղադրվել են քարաթափումները կանխարգելող մետաղական ցանցեր։

Հերհերցիները համոզված են՝ նոր ճանապարհը դրական ազդեցություն է ունենալու գյուղերի զարգացման վրա։ Հերհերի բնակիչ Մարատ Հակոբյանը նշում է, որ վերջին անգամ գյուղի ճանապարհը վերանորոգվել էր 1960-ական թվականներին։ Նախկինում մեքենաները չէին շահագործում, քանի որ ճանապարհներն անմխիթար վիճակում էին։ Վերականգնված ճանապարհը հնարավորություն կտա բերքը ժամանակին հասցնել շուկա։

Բացի այդ, Հերհերում կան բազմաթիվ տեսարժան վայրեր, և նորոգված ճանապարհը կնպաստի նաև զբոսաշրջության զարգացմանը։

Հերհեր գյուղի ավտոճանապարհը՝ հիմնանորոգման սկզբում:

Աղբյուր՝ hayastan24.com

18:00 11.04.2019

Ամենաշատ ընթերցվածները