ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ժամանակը՝ կրճատել, կյանքեր փրկել
14:00 12.04.2019

Ժամանակը՝ կրճատել, կյանքեր փրկել

ՀՀ առողջապահության նախարարության արտագնա անհետաձգելի բժշկական օգնության «արագ արձագանքման» ծառայության շրջանակում հանրապետության հեռավոր մարզից ապրիլի 8-ին ուղղաթիռով առաջին հիվանդն է տեղափոխվել Երևան՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթարի հետևանքով բազմակի, այդ թվում՝ գլխուղեղային վնասվածք ստացած 13-ամյա երեխային ծրագրի շնորհիվ հաջողվեց մասնագիտական բուժօգնության հասցնել մի քանի անգամ ավելի արագ։ Տեղեկատվությունը տարածել  էր «Էրեբունի» բժշկական կենտրոնը։

Օդային շտապօգնության ծառայությունը անվճար կմատուցվի հետևյալ դեպքերում․

  • Գանգուղեղային և ողնաշարի ծանր վնասվածքներ՝ տրավմատիկ շոկի ուղեկցումով
  • Պոլիտրավմա (խոշոր ոսկրերի և/կամ ներքին օրգանների համակցված վնասվածքներ)
  • Էկզոգեն թունավորումներ (կենդանիների խայթոցից, դեղորայքային և քիմիական նյութերով թունավորումներ)՝ պոլիօրգանային անբավարարության ախտանիշներով
  • Մարմնի արտաքին ծածկույթի 3-րդ, 4-րդ աստիճանների այրվածքներ, այրվածքային հիվանդություն
  • Ինֆեկցիոն-տոքսիկ շոկով ուղեկցվող հիվանդություններ և վիճակներ
  • Ծննդկաններ, որոնց կյանքին սպառնում է վտանգ

Հայաստանը տարածաշրջանի երկրներից դարձավ առաջինը, որ ներդրեց  սանիտարական ավիացիայի ծառայությունը։ 10  մարզից 6-ը՝  Լոռին, Տավուշը, Շիրակը, Վայոց ձորը, Գեղարքունիքը և Սյունիքն են  ընդգրկված ծրագրում։

«Ցանկը մշակվել է նախապես կատարված վերլուծությունների արդյունքում, և վեր են հանվել այն բոլոր դեպքերը և վիճակները, որոնց առկայության պարագայում մարզային հաստատություններից զատ բուժօգնությունը կազմակերպում է մասնագիտացված հիվանդանոցը՝ մասնավորապես երրորդ մակարդակի վերակենդանացման  ծառայություն ունեցողները», - մեզ հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Քնար Ղոնյանը։

Պետպատվերից բացի՝ վճարովի հիմունքներով հիվանդների տեղափոխման գնային քաղաքականության հարցում, ըստ Քնար Ղոնյանի, նախարարությունը  որևէ լիազորություն չունի։ Այդ հարցը կկարգավորվի ծառայությունը մատուցողի և կատարողի միջև կնքված պայմանագրով։ Ծրագիրը իրականացնում է օդային փոխադրումներ ապահովող մասնավոր՝ Armenian Helicopters ընկերությունը։

Ապրիլի 7-ին տեղի ունեցած սանիտարական ավիացիայի ուղղաթիռի շնորհանդեսին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է․ «Եթե քաղաքացիները իրենց ցանկությամբ կուզենան ավելի հարմարավետ պայմաններով տեղափոխվել Երևան, խոսքը պացիենտների մասին է, , նրանք նույնպես վճարովի հիմունքներով կկարողանան օգտվել ծառայությունից, մեկ ժամի արժեքն է 720 հազար դրամ»։  

Առողջապահության նախարարությունը նոր սանիտարական ավիացիայի գործարկմամբ հեռավոր մարզերում որակյալ շտապ բժշկական օգնություն կազմակերպելու նպատակ ունի։ Սյունիքի մարզի բոլոր բժշկական կենտրոնները ընդգրկված են ծրագրում։ Կապանի բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Մելքոնյանի խոսքով՝ լինում են դեպքեր, երբ տեղում հնարավոր  չէ  ցուցաբերել անհրաժեշտ բժշկական օգնություն, օրինակ՝ հիվանդանոցը չի ունենում համապատասխան սարքավորումը հետազոտությունը անցնելու համար կամ չի մատուցում տվյալ ծառայությունը, և  հիվանդի կյանքի ու մահվան պայքարում վայրկյանը անգամ կարևոր է։ Այս պարագայում հատկապես Սյունիքի մարզի համար ժամանակի տևողության կրճատումը որոշիչ է։ Դժվարանցանելի ճանապարհներով հիվանդին ռեանոմոբիլով, հատկապես ձմռան օրերին, վատ եղանակային պայմաններում մայրաքաղաք են հասցնում երբեմն մինչև 12 ժամում, իսկ ուղղաթիռով թռիչքը կտևի ընդամենը 2,5-ից 3 ժամ։

Նելլի Միրզախանյան

14:00 12.04.2019