ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Հոգեհանգստի սրահներին՝ նոր պայմաններ
20:00 12.04.2019

Հոգեհանգստի սրահներին՝ նոր պայմաններ

Համայնքի վարչական տարածքում հոգեհանգստի ծառայություն մատուցող սրահների գտնվելու թույլատրելի վայրերի, պայմանների և պահանջների մասին Կապան համայնքի ավագանու մարտի 29-ի նիստում ընդունվել է որոշման նախագիծ։ Անհրաժեշտություն էր առաջացել օրենսդրորեն կարգավորել այդպիսի ծառայություն  մատուցող ընկերությունների գործունեությունը։

Որոշման նախագիծը հստակ սահմանում է համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման, մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները: Համայնքապետարանի իրավաբան Սպարտակ Մուշկամբարյանը, մեկնաբանելով նախագծի մանրամասները, ասաց․ «Կա առանձին կետ գտնվելու վայրերի և այդ սրահներին ներկայացվող առանձին պահանջների մասով։ Սրահները կարող են գտնվել ուսումնական, կրթական, մշակութային, առողջապահական,  մարզական, սոցիալական, բազմաբնակարան շենքերից,  պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների վարչական շենքերից, զբոսայգիներից, հանրային սննդի օբյեկտներից նվազագույնը՝ 100մ, իսկ անհատական բնակելի տներից՝ նվազագույնը 70մ հեռավորության վրա»։

Քաղաքացիական հոգեհանգստի իրականացման սրահները պետք է բավարարեն նաև մի շարք պահանջներ։ Դրանք պետք է ունենան նախասրահ՝ հանդերձարանով, հանգուցյալի աճյունի տեղադրման համար նախատեսված սենյակ, շուրջօրյա աշխատանքային ռեժիմով դիակների պահման համար առանձնացված վայր կամ տարածք, սրահը պետք է մատչելի լինի նաև տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց համար, տարածքը առնվազն 2 մետր բարձրություն ունեցող անթափանց նյութերով պետք է պարսպապատված լինի այնպես, որ դրսի կողմից տեսանելի չլինեն անգամ ծաղիկներն ու ծաղկեպսակները։ Թվարկածով չեն սահմանափակվում պայմանները, փաստաթղթում էլի կետեր կան ամրագրված։

Նախագիծը նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի համաձայն՝ ներկայացվել է արդարադատության նախարարություն՝ փորձաքննության և ստացել դրական եզրակացություն։ Ավելացնեք նաև, որ ամիսներ առաջ քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում տեղակայված մի սրահ կարճ ժամանակ փորձել է իրականացնել նման ծառայություն, ինչը առաջացրել էր հարակից շենքերի բնակիչների վրդովմունքը, և նրանք գրավոր դիմել էին համայնքապետարան՝ պահանջելով դադարեցնել սրահի գործունեությունը։ Սրահի տերը համայնքապետարանից չէր ստացել համապատասխան թույլտվությունը։ Ավագանու ընդունած որոշման նախագիծը նաև նման դեպքերը բացառելու նպատակ ունի։

Նելլի Միրզախանյան

20:00 12.04.2019

Ամենաշատ ընթերցվածները