ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Էրիկ Դավթյան․ գունախաղի վարպետը
15:00 13.04.2019

Էրիկ Դավթյան․ գունախաղի վարպետը

Երիտասարդ գեղանկարիչ Էրիկ Դավթյանին, ով ապրում և ստեղծագործում է Աշոտավանում (Կապանի թաղամաս), հանդիպեցինք հարազատ վայրերում հերթական կտավը ստեղծելիս: Բարձունքը, որտեղ ստեղծագործում էր նա, խորհրդանշական էր. իր իսկ խոսքերով՝ այստեղից Խուստուփն առավել վեհ ու հիասքանչ տեսք ունի: Իսկ ներքևում Կապանն է: Եթե եղանակը թույլ է տալիս, նկարիչն այստեղ ժամերով է մնում՝ մեկուսի, հանդարտ՝ կտավին  հանձնելու  գունախաղի վերածվող մտքերը…

«Երբեք չեմ երազել նկարիչ դառնալ, նկարում էի սիրողական մակարդակով։ Մի քանի այց նկարիչների արվեստանոց, հատկապես անջնջելի տպավորություններ Կապանում հայտնի գեղանկարիչներ Հրանտ Դանիելյանի, Ռուբեն Կոստանդյանի (Ուբակ) արվեստանոցներից, ու․․․ որոշեցի լրջորեն զբաղվել նկարչությամբ», - խոստովանում է։

- Ի՞նչ եք նկարում այս պահին և ընդհանրապես ինչպե՞ս եք թեման ընտրում:

- Հիմա Խուստուփը կուրվագծվի, իսկ առհասարակ հայրենի բնության ամեն մասնիկ հետաքրքիր է ինձ համար, սիրում եմ նկարներում դետալավորել դրանք, պատկերել գեղեցիկը՝ ինչպես կա, իսկ մեր բնության գույները շատ են ու բազմազան: Նախընտրում եմ ռեալիզմը, դրանից չեմ շեղվի:

- Ձեր աշխատանքները պահանջարկ ունեն, և տեղյակ ենք՝ արտերկրից ևս ունենում եք պատվերներ: Կոմերցիոն բաղադրիչը կարևորու՞մ եք, փորձու՞մ եք գոհացնել պատվիրատուին, թե՞․․․:

- Պատվիրատուն ինձ համար բարեկամ է, գործընկեր, նկարով նրան տալիս եմ իմ ստեղծածը, մասնիկը, իմ ուժն ու մտքերը: Իհարկե, գնորդին գոհացնել պետք է, ես սիրում եմ նաև նվիրել իմ նկարներից, հաճույք եմ ստանում՝ տեսնելով նվերն ընդունողի գոհունակ ժպիտը: Այո՛, նկարիչն այսօր, իմ կարծիքով, պետք է կարողանա նաև գործարար դաշտում լավ հարաբերություններ հաստատել, ցանկալի է կտավ վաճառել արվեստ գնահատող ու հասկացող մարդուն, ով գիտակցում է՝ այն մնայուն արժեք է՝ սերնդեսերունդ փոխանցվող:

- Ձեր արվեստանոցում տեսնում ենք նաև աշխարհահռչակ վարպետների ստեղծագործությունների կրկնօրինակումներ. Յան Վերմեերի «Մարգարտե ականջօղով աղջիկը», Իվան Շիշկինի «Առավոտը սոճիների անտառում» դրանք պատվերնե՞ր  են…

- Այո, և ես իրականում շնորհակալ եմ պատվիրատուներին, քանզի անբացատրելի էին զգացողություններս այդ հանճարեղ գործերը կրկնօրինակելիս:

- Շուրջդ կատարվող իրադարձությունները ազդեցություն ունենու՞մ են տրամադրությանդ վրա․․․

- Անշուշտ, իմ կարծիքով, միջավայրը, երկրում տիրող իրավիճակը կարող են ազդեցություն թողնել յուրաքանչյուր մարդու տրամադրության, աշխատունակության վրա: Համացանցում գրառումներ անելիս եղբայրասիրության կոչ եմ անում, վստահ եմ, որ մի օր էլ ավելի հզոր երկիր ենք ունենալու: Հայաստանը սիրում եմ անչափ, ոգևորվում և ուժ եմ ստանում թե՛ բնությունից, թե՛ կատարվող դրական փոփոխություններից:

- Ապագա պլանների մասին…

- Սկսեմ նրանից, որ մշակութային շարժ եմ նկատում Կապանում: Վերջերս հանդիպեցինք բնագավառի ներկայացուցիչների հետ, ուրախ եմ, որ բոլորիս նպատակը մեր հարազատ քաղաքում ոլորտի աշխուժացումն է, որում յուրաքանչյուրս մասնակցություն պետք է ունենանք: Պատրաստվում եմ բազմաժանր, հետաքրքիր ու գունագեղ ներկայանալ հանրությանը: Խոսքս իհարկե, ցուցահանդեսների մասին է: Ծրագրում եմ նաև դասավանդել, դիզայնով զբաղվել: Իսկ երազանքս է դառնալ հայրենի բնաշխարհի գույները վերծանող նկարիչ, աշխարհին ներկայացնել հայկական ներկապնակը…

- Ստեղծագործական ճգնաժամ ունեցե՞լ եք, եթե այո, ապա ինչպե՞ս եք հաղթահարել։

- Իհարկե ոչ, թեման անսպառ է, մի քիչ երևակայություն, սեր, նվիրում և աշխատելու մեծ դաշտ կունենաս… Իսկ սկսնակներին կասեմ միայն՝ չխուսափել առողջ քննադատությունից, վստահորեն առաջ շարժվել, եթե անգամ դրա համար հարկ լինի մոտեցումներ փոխել:

Դժվար էր գլխապտույտ առաջացնող նկարների աշխարհից վերադառնալ իրականություն. հեռանալ մոմի լույսի ներքո ընթերցող աղջկանից և այդտեղ թողնել երիցուկների թվացյալ բույրը…

Լիլիթ Իսրայելյան

15:00 13.04.2019

Ամենաշատ ընթերցվածները