ԱՎԵԼԻՆ

Հասարակական

8 հրաժարական և հեռացում. Ինչ է կատարվում հայկական ֆուտբոլում
19:00 13.04.2019

8 հրաժարական և հեռացում. Ինչ է կատարվում հայկական ֆուտբոլում

Երեկ Երևանի Արարատի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հեռացավ զբաղեցրած պաշտոնից: Շրջանառվող տեղեկությունների համաձայն հնարավոր է, որ հայաստանցի լավագույն մարզիչներից մեկը կրկին գլխավորի գործող չեմպիոն Երևանի Ալաշկերտը:

Նշվում է, որ այս թիմի ղեկավարությունն այնքան էլ գոհ չէ գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի աշխատանքից և ցանկանում է հեռացնել նրան: Օրեր առաջ էլ Փյունիկից հեռացավ վերջին շրջանում Հայաստանում աշխատող լավագույն մասնագետներից մեկը, եթե ոչ լավագույնը՝ Անդրեյ Տալալաևը: Վերջինս ընտանեկան խնդիրների պատճառով վերադարձավ Ռուսաստան և գլխավորեց Խիմկին: Ինչ-խոսք ցավալի է, որ հայկական ֆուտբոլն այս պահին զրկվեց Բարձրագույն խմբի առաջնությունում եղանակ ստեղծող մարզիչներից: Ընդհանրապես, Հայաստանի ընթացիկ առաջնությունն իր որակով, գրավչությամբ և լարվածությամբ տարբերվում է նախորդներից, ինչը նաև ավելի բարձր կարգ ունեցող մարզիչների առկայության արդյունքում է: Որակի զարգացմանը զուգահեռ մեր առաջնությունում տեղի է ունենում շարանական բնույթի մի երևույթ, որը ոչ մի կերպ նորմալ չես կարող համարել: Հայաստանի առաջնության երկրորդ հատվածը նոր է մեկնարկել, բայց մարզիչների հրաժարականներն ու հեռացումները չափից ավելի շատ են: Սկսենք հենց չեմպիոն Ալաշկերտից: Առաջնության մեկնարկին այս թիմը գլխավորում էր Վարուժան Սուքիասյանը, սակայն անհաջող հանդիպումների շարքից հետո նա հեռացավ: Սուքիասյանին փոխարինեց Արամ Ոսկանյանը: Վերջինս առաջնության սկզբում Բանանցի գլխավոր մարզիչն էր, սակայն կրկին թույլ արդյունքի համար հեռացավ:

Այսօր Բանանցը գլխավորում է Իլշատ Ֆայզուլինը: Արարատ-Արմենիան, առաջնությունը սկսեց բելառուս Մասնագետ Վադիմ Սկրիպչենկոյի գլխավորությամբ, սակայն մի քանի ամիս անց նրան փոխարինեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Առաջնության առաջին հատվածում Վանաձորի Լոռին կարծես վատ չէր խաղում Արմեն Ադամյանի գլխավորությամբ: Ակումբի ղեկավարությունը սակայն ձմեռային դադարի ժամանակ Ադամյանի փոխարեն գլխավոր մարզիչ նշանակեց մեր ազգային թիմը մեկ այլ նախկին գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանին:

Փյունիկում տեղի ունեցած փոփոխությանն արդեն իսկ անդրադարձել ենք: Թիմն այսուհետև կգլխավորի հայտնի ռուս մասնագետ Ալեքսանդր Տարխանովը: Մեր ակումբներից Արցախը առաջնության սկզբում խաղում էր Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ, սակայն այսօր թիմի գլխավոր մարզիչը Սևադա Արզումանյանն է: Եվ վերջապես, Երևանի Արարատը, առաջնությունը սկսեց Արմեն Ստեփանյանի գլխավորությամբ, որին փոխարինեց Խաշմանյանը: Ու հիմա Խաշմանյանն էլ հեռացավ: Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող 9 թիմերից փոփոխություններ տեղի չեն ունեցել միայն Շիրակում և Գանձասար-Կապանում: Վերջինս շարունակում է գլխավորել Աշոտ Բարսեղյանը, իսկ Գյումրիի թիմը՝ Վարդան Բիչախչյանը: Փաստորեն, Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում արդեն իսկ տեղի է ունեցել գլխավոր մարզիչների 8 հրաժարական և հեռացում:

Ամենայն հավանականությամբ այս երևույթը կշարունակվի մինչև մրցաշրջանի ավարտը: Իրականում դժվար է գտնել մի առաջնություն, որտեղ թիմերի մոտ 80 տոկոսը մրցաշրջանի ընթացքում գլխավոր մարզիչ է փոխում: Այս երևույթը կարելի է բացատրել թերևս պրոֆեսիոնալիզմի պակասով: Ավելի ստույգ թիմերի ղեկավարները և սելեկցիոն բաժնի աշխատակիցները առանց խորը վերլուծելու իրավիճակը որոշումներ են կայացնում, իսկ մի քանի ամիս անց փոշմանում: Այստեղ ընկալելի է թերևս Փյունիկի մոտեցումը: Ակումբի ղեկավար Արթուր Սողոմոնյանը թիմը վստահել էր բանիմաց մասնագետի: Վերջինս հարգելի պատճառով հեռացավ և նրան փոխարինեց մեկ այլ բարձրակարգ մասնագետ: Հասկանալի է, որ ակումբի ղեկավարները ցանկանում են բարձր արդյունքներ գրանցել, բայց…: Հարկավոր է ավելի լուրջ մոտենալ նման խնդիրներին:

Ինչ վերաբերվում է Արարատին, ապա այս թիմի գործելակեպին կանդրադառնանք ավելի ուշ: Կարող ենք արձանագրել միայն, որ տեղի ունեցող երևույթը խոսում է հայկական ակումբային ֆուտբոլի նոր ձևավորման մասին: Ակումբները շարունակ փնտրտուքի մեջ են և նրանցից քչերին է հաջողվում թե կազմի և թե մարզչական շտաբի առումով կայուն պատկեր ստանալ:

Աղբյուր՝ meganews.am

19:00 13.04.2019

Ամենաշատ ընթերցվածները