ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Սելֆին՝ հոգեկա՞ն հիվանդություն
18:00 13.04.2019

Սելֆին՝ հոգեկա՞ն հիվանդություն

Դրսում, տանը, լոգարանում, մարզասրահում. մարդիկ ինքնանկարվում են ամենուր: 21-րդ դարի հիվանդությունների շարքին է պատկանում նաև սելֆին: Այն կյանք  մտավ 2000 թվականին, երբ  երիտասարդները սկսեցին ծանոթանալ համացանցով և ավելի ակտիվ օգտագործել սոցիալական ցանցերը: Այժմ սելֆի անում են գրեթե բոլորը՝ անկախ տարիքից, սեռից և դիրքից: Սակայն այս միտումը առաջացրեց հասարակության մտահոգությունը: Տարեցտարի դրա հետևանքով մահվան դեպքերի թիվը ավելանում է: Մարդիկ մահանում էին՝ փորձելով ինքնանկարվել կամուրջների, երթուղիների, շենքերի տանիքների վրա, անգամ մեքենայի ղեկին:

Ինքնանկարման վերաբերյալ առաջին լուրջ մտահոգությունները արտահայտեցին հոգեբանները: Հետազոտությունների արդյունքում, որոնք տևել են մի քանի տարի, Ամերիկյան հոգեբանական ասոցիացիան սելֆին ճանաչեց հոգեկան խանգարում: Հնդկաստանում արված հետազոտությունների արդյունքում գիտնականները պարզեցին, որ հիվանդությունը սաստկացնող գործոններից է ինքնագնահատականը բարձրացնելու, ուշադրության կենտրոնում հայտնվելու ցանկությունը և այլոց կողմից հավանություն ստանալը:

Մասնագետի կարծիքը

Ամերիկյան հոգեբանական ասոցիացիան ինքնանկարվելը երեք մակարդակի է բաժանել:
Սահմանամերձ, երբ օրվա ընթացքում ինքնանկարվում են մի քանի անգամ, սակայն չեն տարածում սոցիալական ցանցերում: Սուր՝ օրվա ընթացքում լուսանկարվում են մի քանի անգամ և պարտադիր տարածում են սոցիալական ցանցերում։ Քրոնիկ՝ անհատը չի կարողանում վերահսկել սելֆի անելու ցանկությունը և հրապարակում է լուսանկարներ սոցիալական ցանցերում օրը մի քանի անգամ:

«Ինքնանկարվելը հաճախ վկայում է ինքնագնահատականի բացակայության կամ դրա բարձրացման մասին», - նշում է հոգեբանական գիտությունների թեկնածու, «Ժեստ» հոգեբանական կենտրոնի ղեկավար Մարիամ Մեհրաբյանը:

Հոգեբանը նշում է, որ ցանկացած խնդիր, որը առնչվում է անձի հոգեբանության, ինքնադրսևորումների հետ, ունի նորմա և պաթոլոգիա: Այսօր համացանցում շատ ենք հանդիպում ինքնանկարման չափազանց «ծանր» դեպքեր: Նման մարդիկ, հատկապես աղջիկները, ցուցամոլ են, հետագայում կարող են տառապել հիսթերոիդ դրսևորումներով:

«Ինքնանկարման միջոցով ինքնահաստատվող մարդիկ բնորոշվում են հուզական անհասությամբ, քանի որ ինքնահաստատման առողջ դրսևորումները գործունեության այն ձևերն են, որտեղ մարդը արարում է և ստեղծագործում:  Սակայն սելֆին, բոլոր դեպքերում, չի պարունակում դետալներ, որոնք անհրաժեշտ են անձի զարգացման և հասունացման համար», - նշում է Մարիամ Մեհրաբյանը:

Ըստ մասնագետի՝ սելֆին ունի նաև դրական կողմեր, երբ բարդութավորված երեխան կամ մեծահասակը կարող է դառնալ ավելի ինքնավստահ: Այն նաև օգնում է շտկել սեփական թերությունները:

Ի՞նչ են մտածում մարդիկ

Որոշ մարդկանց համար սելֆին նորաձև լինելու միջոց է, իսկ ոմանց համար՝ պարզապես օրվա մի մաս: 21-ամյա Արմինեն նշում է, որ շատ է սիրում լուսանկարվել: «Սելֆի անել նույնպես  սիրում եմ ու, կարելի է ասել, նկարվում եմ ամեն օր: Այդ նկարները պարբերաբար սոցիալական ցանցերում չեմ հրապարակում, կարող եմ հրապարակել շաբաթը մեկ անգամ: Իսկ նման հիվանդության մասին առաջին անգամ եմ լսում և վստահ կարող եմ ասել, որ այդ հիվանդությամբ չեմ տառապում», - նշում է Արմինեն:
18-ամյա Ալինան բավականին ակտիվ է սոցիալական ցանցերում, լուսանկարներ հրապարակում է գրեթե ամեն օր։ «Լուսանկարվել սիրում եմ, իսկ երբ լուսանկարվում եմ, դրանք գրեթե միշտ հրապարակում եմ: Այսօր սոցիալական ցանցերը ունեն մի հետաքրքիր հնարավորություն, որը կոչվում է սթորի: Սթորիում հրապարակված լուսանկարները մնում են ընդամենը 24 ժամ, որից հետո անհետանում են: Հիմնականում հրապարակում եմ այդտեղ: Իսկ հիվանդության մասին վերջերս կարդացի համացանցում: Կարծում եմ՝ այդ հիվանդությունը վերաբերում է այն  մարդկանց, ովքեր սելֆի անելու համար կարող են իրենց կյանքը վտանգի տակ դնել, իսկ նման դեպքերի մասին վերջերս շատ եմ լսել», - նշում է Ալինան:

26-ամյա Անգինը նշում է, որ  մարդկանց համար սելֆին երիտասարդ երևալու գրավական է: «Կարծում եմ, որ մարդիկ սելֆի են անում երիտասարդ կամ ժամանակակից երևալու համար: Ես նույնպես լուսանկարվում եմ, բայց դա կարող է լինել ամիսը մի քանի անգամ, իսկ սոցիալական ցանցերում այդքան էլ ակտիվ չեմ: Հիվանդության մասին չէի լսել, բայց համաձայն եմ, որ ամեն օր սելֆի անող մարդիկ ինչ-որ խնդիրներ ունեն, չնայած չեմ ցանկանում ինչ-որ մեկին վիրավորել: Չեմ ընդունում, երբ մարդիկ գեղեցիկ լուսանկար ստանալու համար պատրաստ են ամեն ինչի», - նշում է Անգինը։

Երբ սելֆին հատում է հիվանդության սահմանը

Ինչպես պարզվել է, ակտիվորեն լուսանկարվելը ոչ միայն հետաքրքիր է, այլ նաև վտանգավոր: Անընդհատ սելֆի հրապարակող մարդիկ երկու ախտանշան ունեն՝ ցածր ինքնագնահատական, կենդանի հաղորդակցության պակաս: Երբ հրապարակված լուսանկարները չեն ստանում կանոնավոր լայքերի «դոզա», նրանք ընկնում են հոգեբանական սթրեսի մեջ:

Այս հիվանդությամբ տառապող մարդկանց լավագույն օրինակներից է 19-ամյա Դեննի Բոմանի պատմությունը, ով վեց ամսվա ընթացքում դուրս չի եկել տնից և կորցրել է ավելի քան 16 կգ՝ գեղեցիկ սելֆի անելու համար: Նա անգամ փորձել է ինքնասպանություն գործել, երբ տեսել է, որ ոչինչ չի ստացվում: Դեննին օրական ծախսել է 10 ժամ՝ 200 լուսանկար անելու համար: Սակայն անհաջող (իր կարծիքով) փորձերից հետո գործածել է թմրանյութի մեծ չափաբաժին, բայց բժիշկները կարողացել են նրան փրկել:

Ներկայումս հոգեբանները առաջարկում են, որ այն մարդիկ, ովքեր տառապում են սելֆի անելու ցանկությամբ, դիմեն հոգաբանների, որոնք կօգնեն բարձրացնել նրանց ինքնագնահատականը: Բայց հոգեբույժները և հոգեբանները նշում են, որ այսօր այդ հիվանդության դեմ բուժում գոյություն չունի: Սակայն առաջարկում են նրանց, ովքեր չեն կարողանում վերահսկել սելֆի անելու ցանկությունը, օգտագործել այնպիսի հեռախոս, որ տեսախցիկ չունի: Այդպես նրանք կկարողանան պայքարել սելֆի անելու գայթակղության դեմ:

Մանե Բաբայան

18:00 13.04.2019

Ամենաշատ ընթերցվածները