ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Հ․Ք․Անդերսեն․ «Թագավորի նոր զգեստը»
15:00 14.04.2019

Հ․Ք․Անդերսեն․ «Թագավորի նոր զգեստը»

Շենքերը չեն քանդվի, ծառերն էլ չեն չորանա, եթե ժամանակին չես կարդացել Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթները։ Բայց քո մանկությունից, անկասկած, շատ բան կպակասի։ Դանիացի հեքիաթագիրն իր մտերմիկ պատմություններն անելիս միայն երեխաներին չէ, որ աչքի առաջ է ունեցել։ Շատ արտահայտություններ էլ վաղուց արդեն թևավոր խոսքի արժեք ունեն, ինչպես այս մեկը՝ թագավորը մերկ է («Թագավորի նոր զգեստը»)։

Պատկերացնու՞մ եք թագավոր, որ իր ամբողջ փողը հագուստի վրա ծախսի։ Նրան զորքերը չէին հետաքրքրում, թատրոն կամ զբոսանքի էլ չէր գնում։ Իսկ եթե գնում էր, ապա միայն նոր զգեստը ցույց տալու համար։ Օրվա ամեն ժամի նա մի շոր էր հագնում։ «Թագավորը խորհրդի է նստած», - այսպես են ասում սովորաբար թագավորների մասին։ Իսկ այս մեկի մասին ասում էին․ «Թագավորը հանդերձարանում է»։

Մի օր էլ քաղաքում հայտնվում են երկու խաբեբաներ։ Նրանք արդեն գիտեին, թե ինչպես փող աշխատել։ Ձևացնում են, թե ջուլհակներ են, և հավատացնում են, որ կարող են այնպիսի կտոր գործել, որի նմանը աշխարհում ոչ ոք չի տեսել։ Մի կարևոր հայտարարություն էլ են անում․ «Այն մարդը, որ հիմար է կամ իր պաշտոնին հարմար չէ, այդ կտորից կարված շորը չի տեսնի»։

Բոլորը հավատում են խաբեբաներին, իսկ թագավորը նույնիսկ ոգևորվում է․ «Եթե ես այդ հագուստը հագնեմ, կիմանամ, թե իմ հպատակներից որը հարմար չէ իր պաշտոնին, բացի դրանից՝ հիմարներին կջոկեմ խելոքներից»։ Բայց անցնում է որոշ ժամանակ, իսկ թագավորը չի համարձակվում տեսնել, թե ինչպես են կարում նոր զգեստը․ հանկարծ կարող է պարզվել, որ ինքը հիմար է կամ հարմար չէ իր պաշտոնին։ Ուղարկում է իր ծեր նախարարին։ Սա, աչքերը չռած, հետևում է ջուլհակների մատների ճարպիկ շարժումներին, որոնք գործում էին դատարկ տարածության մեջ, և, բնականաբար, ոչինչ չի տեսնում։ Չի տեսնում, բայց ձևացնում է, թե տեսնում է, և թագավորի մոտ կտորի գովքն է անում։

Օրեր անց թագավորը մեկ ուրիշ պաշտոնյայի է ուղարկում։ Սա նույն կերպ է վարվում։ Իսկ խաբեբաները հերթական անգամ փող, մետաքս ու ոսկի են պահանջում, լցնում գրպանները և շարունակում գործել դատարակ դազգահներով։ Քաղաքում բոլորը խոսում էին միայն հրաշք կտորի մասին։

Վերջապես թագավորն էլ է ցանկանում տեսնել կտորը։ Շքախմբով այցելում է ջուլհակներին, ովքեր առանց թելի շարունակում էին եռանդով գործել։ Պաշտոնյաները հիացմունքի խոսքեր են ասում, իսկ թագավորը մտքերի մեջ է ընկնում․ «Ես ոչինչ չեմ տեսնում։ Ի՜նչ սարսափելի բան է։ Նշանակում է ես հիմա՞ր եմ կամ թե անպետք թագավո՞ր եմ։ Դա ամենավատը կլիներ»։ Բայց բարձրաձայն գովում է ջուլհակներին և պարգևատրում։

Ծայր է առնում երեսպաշտության մի անվերջանալի արարողություն։ Ջուլհակների պահանջով թագավորը հանում է հին հագուստը և հագնում նորը, այսինքն՝ ոչինչ։ Փողոցներում ու պատշգամբներում հավաքվածները գովեստի ու հիացմունքի խոսքեր են շռայլում․ «Թագավորի զգեստներից ոչ մեկն այդպիսի հաջողություն չէր ունեցել»։ Բոլորն ուզում էին խելոք երևալ, դրա համար հիացմունքի բացականչությունները շարունակվում էին։

Հանկարծ լսվում է մի ձայն․ «Բայց, ախր, նա մերկ է»։ Մի երեխա էր, որ ասում էր այն, ինչ տեսնում էր՝ ճշմարտությունը։ Բոլորը սկսում են շշուկով միմյանց հաղորդել երեխայի ասածը։ «Նրա հագին ոչինչ չկա՜», - վերջապես գոռաց ամբողջ ժողովուրդը։ Հեքիաթագիրը հենց այնպես չի գործածում «վերջապես» բառը։ Դա հեքիաթի իմաստակիր բառերից մեկն է։ Ճշմարտությունը հնչել է։ Ճիշտ է, թագավորը շարունակում է արարողությունը, բայց այսուհետ ինքը պետք է որոշի․ ապրել նույն ձևո՞վ, թե՞ վերջ տալ երեսպաշտությանը։

Մտածելու նյութ ունի ոչ միայն թագավորը, այլև ընթերցողը։ Խոսքը վերաբերում է ոչ միայն այս գրվածքին։ Մեկ այլ՝ «Անագե տոկուն զինվորիկը» հեքիաթը կարդալուց հետո ինչպե՞ս կարելի է չմտածել զինվորիկի ու պարուհու տխուր պատմության մասին․ «Հետևյալ օրը, երբ սպասուհին վառարանի մոխիրը քաշեց, այնտեղ գտավ մի անագե սրտիկ։ Իսկ պարուհուց մնացել էր միայն վարդակապը, որն այլևս չէր փայլում․ սև էր ածուխի պես»։

Իսկ «Խոզարածը» հեքիաթի վերջում արքայորդին արհամարհում է կայսեր աղջկան և իր արարքը այսպես բացատրում․ «Դու չուզեցիր ամուսնանալ ազնիվ արքայորդու հետ, դու չգնահատեցիր ո՛չ սոխակին, ո՛չ վարդը, իսկ խոզարածին համբուրում էիր խաղալիքների դիմաց։ Հենց իսկ արժանի ես այդ վիճակին»։ Արքայորդին գնում է իր թագավորությունը, դուռն ամուր փակում՝ թողնելով աղջկան դրսում։

Առհասարակ շատ հեքիաթներում բարին, անցնելով բազմաթիվ փորձությունների միջով, անպայման հաղթում է։ Վերջում սովորաբար տղան ու աղջիկը ամուսնանում են, ապրում գոհ ու երջանիկ։ Երկնքից էլ, ինչպես միշտ, երեք խնձոր է ընկնում։ Բայց ահա Անդերսենի հեքիաթներում վերջը հաճախ երջանիկ չի լինում։ Ավելի ճիշտ՝ մտածել տվող վերջ է լինում։ «Պարտիզպանը և այգու տերերը» գրվածքում, որը պատմում է բանիմաց պարտիզպանի և նրա աշխատանքը չգնահատող այգու տերերի մասին, հեքիաթագիրը հենց այդպես էլ առաջարկում է․ «Ազատ ժամիդ մտածի՛ր, խորհի՛ր այս պատմության մասին»։

Արթուր Իսրայելյան                

15:00 14.04.2019

Ամենաշատ ընթերցվածները