ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Հավատ, որը ստիպում է առաջ գնալ
17:00 14.04.2019

Հավատ, որը ստիպում է առաջ գնալ

Ռաֆայել Առաքելյանը մեկն է այն տաղանդավոր գեղանկարիչներից, որոնց քանդակները զարդարում են Կապանը, աշխատանքները հիացնում բոլորին: Մանկությունից սկսած՝ Ռաֆայելը նվիրվել է արվեստին և այսօր էլ շարունակում է իր գործունեությունը:

«1999-2004թթ․ միջնակարգ դպրոցի հետ զուգահեռ սովորել եմ  Կապանի գեղարվեստի դպրոցում և  ավարտել գերազանցության դիպլոմով: 2004թ․ ընդունվել եմ Արվեստի քոլեջի գեղանկարչության բաժին: Բանակում ծառայության ավարտից հետո եկել և շարունակել եմ ուսումս մինչև 2011թ․, ապա աշխատանքի անցել Կապանի գեղարվեստի դպրոցում և աշխատում եմ մինչ օրս: 2016թ․ Կապանում մասնակցել եմ երիտասարդ քանդակագործների սիմպոզիումին», - համառոտ իր կենսագրականն է ներկայացնում Ռաֆայելը, ով սիմպոզիումի շրջանակում կերտել է Կապանի կենտրոնական փողոցներից մեկը զարդարող «Մայրություն»  քանդակը:

«Կապանցին սիրում է հիանալ, գնահատել արվեստի աշխատանքը, բայց որպես գնորդ հանդես չի գալիս: Այստեղ արվեստի գործերի պահանջարկը քիչ է, հիմնականում այլ երկրներում բնակվող մեր հայրենակիցներն են գնում աշխատանքներս: Կամ ընտրում են իմ աշխատանքներից, կամ պատվիրում են այն, ինչ իրենք են ցանկանում», - ասում է գեղանկարիչը:

Ռաֆայելը Կապանում երկու անգամ մասնակցել է ընդհանուր ցուցահանդեսների, իսկ մայիս-հունիս ամիսներին պատրաստվում է իր առաջին անհատական ցուցահանդեսին:

Փոքր հասակից նրա մեջ ևս կար նկարելու մեծ ցանկություն և ոգևորություն: Կապանցի գեղանկարչուհի Նելլի Գասպարյանը ուներ արվեստանոց, և ծնողները նրան տարան անհատական պարապմունքի: Արդյո՞ք ստեղծագործելու համար մարդ ծնվում է այդ տաղանդով, թե՞ այն ձեռք է բերում տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ: «Միանշանակ կողմ եմ այն կարծիքին, որ ստեղծագործելու ունակություններ մարդու մեջ լինում են ի ծնե, բայց նաև հավելեմ, որ արդյունքի հասնելու համար պետք է շատ աշխատել: Շատերին այդ  ունակությունը տրվում է, բայց նրանք կյանքի ընթացքում այդպես էլ չզարգացնելով իրենց կարողությունները՝ ուղղակի մտածում են, որ իրենց մոտ որևէ բան չի ստացվում: Իմ պապի հորեղբայրը ևս եղել է նկարիչ-քանդակագործ, բայց նա մասնագիտական առումով ավելի շատ ուղղությունը փոխեց դեպի արհեստ: Գեները իրենից փոխանցվեցին ինձ՝ արդեն ավելի հաստատուն կերպով», - պատասխանում է։

Յուրաքանչյուր ստեղագործող, ինչպես գիտենք, ունի ոգեշնչում, և յուրաքանչյուրի համար այդ ոգեշնչումը տարբեր է: Իսկ ինչի՞ց է ոգեշնչվում Ռաֆայելը․ «Ոգեշնչման աղբյուրս ինձ համար առաջին հերթին մեր կապանյան գեղեցիկ բնությունն է: Անհնար է ապրել այստեղ և չոգեշնչվել այդ հեքիաթային գեղեցկությամբ: Ինչպես ասում են, Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, իսկ Կապանը ինձ համար այդ թանգարանի հենց կենտրոնն է: Այդ իսկ պատճառով էլ առավել շատ սիրում եմ նկարել բնապատկերներ։ Հիմնականում իմ ստեղծագործությունը պեյզաժ է և նատյուրմորտ, երբեմն էլ անում եմ ծաղրանկարներ»:

Ռաֆայելը նոր է ամուսնացել, և հետաքրքրվեցինք՝ արդյոք հնարավոր է այսօր միայն արվեստի աշխատանքներով ապահովել ընտանիքի բարեկեցությունը: «Իհարկե՝ ոչ: Եթե ես համագործակցեմ արտասահմանյան մի շարք սրահների հետ կամ անհատ գնորդների հետ և ամեն ամիս ունենամ պատվեր, միգուցե այդ ժամանակ կարողանամ լիարժեք ժամանակս տրամադրել ստեղծագործելուն՝ վստահ լինելով, որ այդ աշխատանքները կվաճառվեն։ Բայց քանի որ այս պահին չկան առաջարկներ, զբաղվում եմ նաև այլ աշխատանքներով», - հավելեց նա:

Ռաֆայելը պատմում է, որ հայրն է եղել նրա գլխավոր քննադատը, և հենց նրա խորհրդով և ջանքերով է մտել այդ ասպարեզ, ինչի համար նրան անչափ երախտապարտ է:

Երիտասարդ գեղանկարիչ-քանդակագործը ունի երազանք՝ ունենալ մի շարք անհատական ցուցահանդեսներ, աշխատանքների ցուցադրում համաշարհային ցուցահանդեսներում և ամենակարևորը՝ լինել գնահատված հենց իր ծննդավայրում:

«Մեծ հավատ կա տվյալ անձի ներսում․ հավատ, որը ստիպում է ապրել ու գործել։ Ընտրված գույները կապվում են թե՛ երազկոտ տեսակի, թե՛ հույսի հետ։ Մինիմալիստ է, սիրում է քչով բավարարվել, տեսակով ինտրովերտ է՝ ինքնամփոփ և ներամփոփ», - ասաց հոգեբան Սաթեն Գրիգորյանը՝ տեսնելով Ռաֆայելի նկարներից մի քանիսը։

Սոնա Օհանջանյան

17:00 14.04.2019

Ամենաշատ ընթերցվածները