ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Սիմվո՞լ, թե՞ մարդ, թե՞ սիմվոլիկ մարդ
18:00 15.04.2019

Սիմվո՞լ, թե՞ մարդ, թե՞ սիմվոլիկ մարդ

Առաջնորդ լինելու դժվարությունը այն չէ, որ կարող ես թիկնազորի ուշադրությունից կամ ճոխ խնջույքներից ձանձրանալ, այլ այն, որ ցանկացած իրավիճակում պետք է չկորցնել ինքնատիրապետման կարողությունը: Վարչապետը՝ մեր առաջնորդը, Նորագավիթի մաքսատան աշխատակցին կեղտոտ դրոշի պատճառով համահայկական խայտառակումից և հոգեբանական ճնշումից հետո, ըստ էության, ստիպեց սեփական դիմումի համաձայն աշխատանքից հեռանալ: Հասարակությունը կիսվեց երկու մասի՝ նրանց, ովքեր հարգում են պետական սիմվոլը այնքան, որ պատրաստ են պատժել բոլորին և ամենուրեք, և նրանց, ովքեր մարդուն առավել են դասում, քան որևիցե պետական սիմվոլ: Որպեսզի մի օր ձեզ էլ վերադասը դուրս չվռնդի աշխատավայրից՝ պետական սիմվոլը անարգելու պատճառով, խորհուրդ ենք տալիս մանրակրկիտ ծանոթանալ մեր հոդվածի կարևորագույն բոլոր կետերին:

Դրո՞շ, թե՞ մարդ ըստ Սահմանադրության

Եթե ուզում ենք հասկանալ՝ դրոշն է կարևոր, թե մարդը, ապա նախևառաջ պետք է վերընթերցենք Սահմանադրությունը, որի հոդված 3-ը ասում է.

Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները

1․ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:

2․ Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:

3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:

Դրոշի մասին Սահմանադրության մեջ միայն գրված է, թե ինչպիսին պետք է լինի այն, և որ մնացած հարցերը կարգավորվում են օրենքով: Առաջ անցնելով՝ ասեմ, որ դրոշի մասին օրենքի կարգավորումը չի կարող ավելի բարձր լինել, քան մարդու արժանապատվությունը, որը ամրագրված է Սահմանադրությամբ և որը նսեմացվեց Նորագավիթի մաքսատանը: Հավելեմ, որ կետ 2-ում իշխանության ուղղակի պարտականությունն է՝ պաշտպանել քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները, իսկ որ մաքսայինի աշխատակցի ուղղակի իրավունքն է աշխատանք ունենալը, և հակառակը, իրավունքների մեջ չի մտնում վերադասի ճնշման պատճառով ցանկանալ զրկվել այդ աշխատանքից, սա էլ է փաստ:

Աշխատանքային օրենսգրքին նույնիսկ չեմ ուզում անդրադառնալ, քանի որ վարչապետը չի նշանակել այդ աշխատակցին, հետևաբար իրավունք չուներ նրան հոգեբանորեն ճնշել և ստիպել ազատվել աշխատանքից սեփական դիմումի համաձայն, քանզի դրոշի առումով հաստատ ոչ մի կետ չկա և չէր կարող լինել իր պայմանագրի մեջ: Այսքանով դեպքի իրավական վերլուծությունը համարում եմ ավարտված:

Խնդրի բարոյական կողմը

Նիկոլ Փաշինյանը աշխարհի միակ և անկրկնելի առաջնորդը չէ: Պատմությունը հիշում է բազմաթիվ դրվագներ, երբ երկրի ղեկավարը որոշակի անհամաձայնություններ ունենալու պարագայում հասարակ քաղաքացուն չի ստորացնում, այլ գտնում է շատ ավելի ազդեցիկ և խոհեմ մոտեցում, նույնիսկ եթե այդ քաղաքացին հանցանք է գործել: Ժամանակին Նապոլեոն Բոնապարտը անսպասելի գիշերային այց է կազմակերպում ժամապահների ծառայության ժամանակ: Հանկարծ նա նկատում է, որ ժամապահներից մեկը քնել է զենքի կողքին: Ո՛չ, Նապոլեոնը նրա վիզը չի կտրում և ընդհանրապես չի պատժում զինվորական օրենքներին համապատասխան: Զորավարը ուղղակի վերցնում է քնածի զենքը և նրա փոխարեն ժամապահություն է իրականացնում՝ մինչ վերջինս կզարթներ: Հետագայում այս պատմությունը տարածվում է ամբողջ աշխարհով մեկ: Զինվորները վստահաբար ավելի պատասխանատու ձևով են ծառայել այդ միջադեպից հետո: Ես չեմ ասում՝ վարչապետը պարտադիր պետք է Նապոլեոնի նման գործեր և ինքնուրույն լվանար այդ դրոշը, չնայած, եթե նա ծխուկներ է հավաքում շաբաթօրյակին, ապա կարող էր նաև դրոշը լվանալ, չէ՞ որ դա ավելի պատվաբեր է, քան գետնից ծխուկ հավաքելը: Մի խոսքով, ասածս այն է, որ իսկական առաջնորդը պետք է սեփական օրինակով զգաստացնի մարդկանց, այլ ոչ թե չարաշահի իր պաշտոնեական բարձր դիրքը և բռնապետի ոճին համահունչ նսեմացնի քաղաքացիների արժանապատվությունը:

Ոչ պակաս բարոյական խնդիր էր նաև այն, որ աշխատակցի անմիջական ղեկավարները չփորձեցին նրան պաշտպանել, ժողովրդի լեզվով ասած, իրենց «շլանգի» տեղ դրեցին, միայն թե հաճոյանան վարչապետին: Նենգ էր, շատ նենգ ու անպատասխանատու վերաբերմունք էր դրսևորվել:

Ինքնադատաստան առանց դեպքի քննության

Իսկ դուք վստա՞հ եք, որ մաքսատան աշխատակիցը ուղղակիորեն կապ ունի դրոշի կեղտոտ լինելու հետ: Գիտե՞ք, ես էլ վստահ չեմ: Չեմ կարծում, որ երիտասարդը միտումնավոր կեղտոտել էր դրոշը կամ գցել էր հատակին: Այսինքն, եթե պետք է քրեորեն պատժենք այդ աշխատակցին, իսկ քրեական պատիժ գոյություն ունի դրոշը անարգելու պարագայում, ապա պետք է ծառայողական քննություն անցկացնել, որի մասին մինչ օրս ծպտուն չկա: Եթե տեղի ունեցածը տրամաբանական է, ապա վաղն էլ կարող են մի շարքային զինվորի դատապարտել, եթե իրենց զորամասի մարտական դրոշը անհետանա կամ ոչնչանա: Խնդիրը, ցավոք, չդիտարկվեց ամբողջության մեջ, չցուցադրվեց համակարգային մոտեցում խնդրին, և ընդանրապես տեսարանը էժանագին տեսք ստացավ:

Ընտրության թվացյալ դյուրինություն

Որպեսզի վերջնականապես ապացուցեմ տեղի ունեցած միջադեպի դիլետանտ լուծումը, առաջարկում եմ պատասխանել շատ դյուրին և միանշանակ հարցերի:

Եթե դուք հանդիպեիք հղի կնոջ, ով արդեն ունի 8 երեխա, որոնցից երեքը խուլ են, երկուսը՝ կույր, իսկ մեկը՝ մտավոր հետամնաց, ապա դուք նրան խորհուրդ կտայի՞ք գնալ աբորտի: Մինչ այս հարցին պատասխանելը, ընթերցեք ևս մեկը:

Դուք պետք է ընտրեք նոր համաշխարհային առաջնորդ, և ձեր ձայնը որոշիչ է:

Թեկնածու №1-ը շփվում է կաշառակեր քաղաքական գործիչների հետ, խորհրդակցում է աստղագետների հետ, ունի երկու կին և օրական խմում է 10 գավաթ գինի:

Թեկնածու №2-ը երկու անգամ վտարվել է իր պաշտոնից, քնում է մինչ կեսօր, պատանեկության շրջանում օգտագործել է ափիոն և օրական խմում է մեկ լիտր վիսկի:

Թեկնածու №3-ը ունի զինվորական պատվոնշաններ, բուսակեր է, չի ծխում, երբեմն խմում է գարեջուր, չի դավաճանել կնոջը: Ո՞ւմ կընտրեք այս երեքից:

Առաջին թենածուն Ֆրանկլին Ռուզվելտն է,

Երկրորդը՝ Ուինսթոն Չերչիլը,

իսկ Երրորդը՝ Ադոլֆ Հիտլերը:

Հա, ի դեպ, մոռացա, եթե առաջին հարցին դուք պատասխանեցիք դրական, ապա դուք հենց նոր սպանեցիք Բեթհովենին: Ես չեմ կարող ասել՝ մաքսատան աշխատակիցը, ով արդեն վարչապետի հորդորով ազատվել է աշխատանքից, պոտենցիալ զորավար է, թե՝ ոչ, բայց ես հաստատ գիտեմ, որ մարդկանց հետ այդպես չեն վարվում ամբողջ երկրի աչքի առաջ, քանի որ մարդը ամենակարևոր սիմվոլն է, այլ ոչ երբեք սիմվոլիկ մարդը:

Արման Սուլեյմանյան

18:00 15.04.2019

Ամենաշատ ընթերցվածները