ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Զարթնած զարթոնքցիները
16:00 16.04.2019

Զարթնած զարթոնքցիները

Հայաստանի տարբեր բնակավայրերում զարթոնք է ապրում պահանջատիրությունը: Արմավիրի մարզի Զարթոնքի բնակիչները նեղանձնային հարաբերություններ են պարզում՝ երկաթգիծը փակելով, իսկ արարատցիները դեմ են իրենց աշխատանքից ազատող Արարատի ցեմենտի գործարանի ղեկավարների որոշմանը: Խնդիրները ունեն մաթեմատիկական և քաղաքական լուծում: Քաղաքականը պարզ է, կամ կլինի Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը, որից հետո ժողովուրդը կհանդարտվի, իսկ մաթեմատիկականը պարզ հաշվարկն է իրավիճակի, որը կհանգեցնի խիստ սահմանափակ, բայց արդարացի որոշման: Արդյո՞ք Զարթոնքի գյուղապետը իսկապես չարաշահում է իր պաշտոնեական դիրքը, թե՞ ոչ: Ստուգում, հաշվարկ չկա, տվյալների վրա հիմնված որոշում չկա: Արարատի ցեմենտը թանկ է և ոչ մրցունակ: Ստուգում, հաշվարկ չկա, հստակ տվյալների վրա հիմնված որոշումը անհնարին է: Հիմա ի՞նչ անենք, ու՞մ դիմենք, ո՞նց անենք, որ ո՛չ քյաբաբը վառի, ո՛չ շիշը: Ժողովուրդը պահանջում է հանդիպում բարձրաստիճան պաշտոնյաների հետ, կլինի Ծառուկյանը, թե Փաշինյանը: Ոչ մեկը, ոչ մեկը չի պահանջում ինստիտուտների հիմնում, որոնց շնորհիվ գյուղապետը գյուղի եղածը իրենով չի անի, իսկ ցեմենտի գործարանը կդիմանա իրանական ցեմենտի մրցակցությանը:

Մեկ ամիս առաջ ինձ զանգահարեց մի տղամարդ, ով ասաց, որ կարողացել է տիեզերական ճիշտ հաշվարկներ անել: Այդ հաշվարկները կօգնեն մարդկանց ավելի ճիշտ կազմակերպել իրենց կյանքը:

Նա վճռական ձայնով 15 րոպե պատմում էր տիեզերական բացահայտումների մասին, որոնց Հայաստանում ոչ մեկը տեղ չի տալիս: Միամիտ հարցրի բանախոսին, թե որտեղ է նա աշխատում, որ այդպես արհամարհված է գիտական լայն շրջանակների կողմից: «Արարատի ցեմենտի գործարանում բանվոր եմ, - ասաց նա ու զարմացած հավելեց, - բայց դա ի՞նչ կապ ունի»։

Հ․գ․Կարծես Հայաստանում մեծամասնությունը իր գործով չի զբաղվում, որ այս օրին ենք:

«Զանգեզուր պրես»

16:00 16.04.2019

Ամենաշատ ընթերցվածները