ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ժպտադեմ, միաժամանակ խստապահանջ Կամո Արզումանյանը
17:00 17.04.2019

Ժպտադեմ, միաժամանակ խստապահանջ Կամո Արզումանյանը

Կյանքի 62-րդ տարում մահկանացուն կնքեց ՀՀ վաստակավոր արտիստ, Կապանի պետթատրոնի տնօրեն Կամո Արզումանյանը։ Ինչպիսի՞ն էր արտիստը բեմում և կյանքում։ Բանաստեղծ ու թարգմանիչ Գագիկ Դավթյանը նշում է․ «Կամոյի մահվան գույժը շատերին ցնցեց, ծանր հարված էր, դեռ տաք ենք, հետո միայն կհասկանանք, թե ում ենք կորցրել: Տոհմիկ ազնվական էր Կամոն, չնայած ծնվել էր գյուղում՝ Եղվարդում, չարքաշ գյուղացու՝ իր մորեղբոր ընտանիքում։ Արտիստիկ կերպարի, ընդգծված դիմախաղի, հնչեղ ձայնի շնորհիվ, ուր էլ լիներ, մշտապես կայծակնային արագությամբ բոլորի ուշադրության կենտրոնում էր հայտնվում։ Ինքնատիպ հումորով էր աչքի ընկնում»։ Բանաստեղծի խոսքով՝ ֆենոմենալ մարդ էր, ով կարողացավ դժվարին տարիներին պահպանել Կապանի պետթատրոնի գոյությունը՝ մշտապես լինելով զինվորի կողքին, մասնակցելով տարբեր փառատոների։

Կապանի պետթատրոնի դերասան և բեմադրիչ Արտավազդ Գրիգորյանը, ով Կամո Արզումանյանին գիտի շուրջ 40 տարի, պատմում է․ Կամոն փխրուն հոգի ուներ, միաժամանակ խիստ էր ու պահանջկոտ։ «Նրա տնօրենության օրոք ես ստացել եմ 46 նկատողություն, երբ հարցրի՝ ինչու՞ ինձ, 50-ն անց մարդ եմ, քո ընկերը, ասաց՝ եթե ոչ քեզ, ապա՝ ու՞մ, դու դաս պետք է լինես մյուսների համար։ Հետո հավելում էր՝ ընկերությունն ամեն մարդու բան չէ, ընկերությունը լուրջ բան է»։

Դերասանուհի Նատալյա Բաղդասարյանը նույնպես շուրջ չորս տասնամյակ Կամո Արզումանյանի ընկերն ու խաղընկերն է, ասում է՝ որքան շատ ես ճանաչում մարդուն, այնքան ավելի շատ ես իմանում նրա առավելություններն ու թերությունները։ Կամոյի առավելությունները գերակշռում էին։ Անասելի բարի էր, մարդասեր, հետաքրքիր խաղընկեր։ «Կամոն թատրոնի ներկապնակի ամենավառ գույներից էր։ Եթե հանկարծ ծիծաղեր, զսպելը դժվար էր։ Նման երևույթները շատ էին լինում։ Մենք ծիծաղում էինք, բայց այնպես, որ նա չլսեր, հակառակ դեպքում կսպաներ բոլորիս։ Մի անգամ ծիծաղել ենք ու փախել, բայց ինքը կարողացել է իրեն զսպել»։ Հիշում է․ «Տաքսի-տաքսի ներկայացման մեջ Կամոն Փիլոյան էր խաղում, ես՝ քարտուղարուհի, ըստ բեմադրության՝ ինձ պետք է գրկեր, պտտեցներ ու իջեցներ։ Երաժշտությունն ուշ միացրին, մինչև երաժշտության ավարտը ուզում էի մնալ Կամոյի գրկում, երբ իջեցրեց, ես չիջա, այլ ընկա։ Բայց դրությունից դուրս եկանք, խաղացինք՝ կարծես ոչինչ չէր եղել։ Բեմից դուրս գալուն պես սկսեցինք ծիծաղել»։

Ընկերը՝ բեմադրիչ, ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հայկ Մնացականյանը պատմում է․ «Նույն օրն ենք կոչում ստացել, ո՛չ ինքը, ո՛չ ես փողկապով չէինք, իսկ բոլորը՝ հակառակը՝ փողկապով, ինչպես խորթ զավակներ, բայց հարազատ հոգիներ»։ Բեմադրիչը նշում է՝ նրանից մշտապես կարելի էր սովորել։ Ուներ մարդուն լավ ճանաչելու հատկություն, հումորի մեծ վարպետ էր։

Մի շարք ծրագրեր, նախագծեր կային, փառատոներ, հյուրախաղեր, նոր դերեր ու ներկայացումներ,  երազանքներ անկատար մնացին։ Արտիստը միշտ կմնա հանդիսատեսի հիշողության մեջ։

Անուշ Միրզոյան

17:00 17.04.2019