ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Բարելավվում է խմելու ջրի որակը
16:00 18.04.2019

Բարելավվում է խմելու ջրի որակը

Սոցիալական պատասխանատվությունը գործունեության սկզբունք համարելով՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Քաջարան համայնքում հերթական ծրագիրն է կյանքի կոչում։

Քաջարան համայնքի  խմելու ջրի մաքրման կայանը բառիս բուն իմաստով իր դարն ապրել էր։ Համայնքի ջրամատակարարումը մինչ այժմ այստեղ ապահովում էին կոռոզիայի ենթարկված, մաշված խողովակներով, որոնք, ինչպես աշխատողներն են վստահեցնում, մոտ 40 և ավելի տարվա վաղեմություն ունեն։ Համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը ասում է, որ այս և մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով են առաջնահերթությունը տվել մաքրման կայանում նորոգման աշխատանքներ սկսելուն։ «Ունենք ջրի մեծ պաշար, բայց չի գոհացնում որակը, մեր գլխավոր նպատակն է բարելավել համայնքին մատակարարվող ջրի որակը։ Եթե ժամանակին գոնե  խողովակները մաս-մաս փոխվեին, մենք այսօր նման մեծածավալ  խնդրի առաջ չէինք կանգնի, բայց  եղածը եղած է։ Անցած տարի կայանի աշխատողների համար բարեկեցիկ պայմաններ ստեղծեցինք, այս տարի էլ անցանք ավելի լուրջ հարցերի լուծմանը», - նշում է Մանվել Փարամազյանը։

Իսկ որ աշխատողները զրկված էին տարրական կոմունալ-կենցաղային հարմարություններից, օպերատոր Նելլի Հովակիմյանը լավ է հիշում։ Պատմում է, որ անգամ սանհագույց չկար, թեպետ շուրջօրյա հերթապահություն էին կատարում՝ հետևելով ջրի մակարդակին, կես ժամը մեկ մաքրելով  պարզարաններում տեղադրված  հատուկ ցանցերը,  հավաքելով  ջրի մակերևույթին հայտնված  բերվածքները։ «Հիմա ունենք հանդերձարան, խոհանոց, աշխատասենյակներ, կատարյալ պայմաններ են ստեղծված», - ասում է տիկին Նելլին։

Հին խողովակները նորով փոխարինելու աշխատանքները մարտի 25-ից են մեկնարկել։ Կայանի պետ Մաքսիմ Դավթյանի խոսքով՝ այսուհետ ձնհալի ու հորդառատ տեղումների ժամանակ ջրի որակը նախկինը չի լինի․ «Խողովակների մեջ այլևս հող չի մնա, ժամանակ առ ժամանակ դրանք նաև կլվանանք»։

Ջրամատակարարման համակարգը համայնքապետարանի ենթակայության տակ է, սակայն  տեղական բյուջեի հաշվին ներդրումներ կատարել մաքրման կայանում նման մեծածավալ նորոգման աշխատանքներ սկսելու համար՝ հնարավոր չէր լինի։ Ըստ համայնքապետի՝ ինչպես միշտ, համայնքի առջև ծառացած մեծ խնդիրները լուծում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ։ «Կոմունալ տնտեսության որոշակի եկամուտների ու կոմբինատի համաֆինանսավորման միջոցով կարողացանք գործը գլուխ բերել։ Սկզբնական աշխատանքների համար 30-40 միլիոն դրամ կծախսվի։ Կոմբինատի տնօրենության հետ արդեն  պայմանավորվածություն ունենք․ մոտ ժամանակներս նաև կունենանք նոր ֆիլտրացիոն համակարգ, որպեսզի էլ ավելի բարելավենք  խմելու ջրի որակը», - խոսքը եզրափակեց համայնքի ղեկավարը։

Նշենք, որ գարնան ամիսներին Քաջարանին մեկ ժամում մատակարարվում է 800 խորանարդ մետր ջուր, ամռանը ջրի քանակը հասնում է 1300-ի։

Նելլի Միրզախանյան

16:00 18.04.2019

Ամենաշատ ընթերցվածները