ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Վա՞րկ, թե՞ նպաստ
16:00 19.04.2019

Վա՞րկ, թե՞ նպաստ

Անապահովության նպաստ ստացող վարկառուների մասին վարչապետ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը բուռն արձագանք ստացավ հասարակության լայն շրջանում։ «Հայաստանում 11 հազար 281 նպաստառու ամեն ամիս 100 հազար և ավելի դրամի չափով վարկ է մարում։ Ոմանք՝ ամիսը 100 հազար, ոմանք՝ 400 հազար, ոմանք՝ մեկ միլիոն դրամ: Հիշեցնեմ՝ խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր պաշտոնապես համարվում են աղքատ և 18-ից 40 հազար դրամ են ստանում՝ որպես սոցիալական աջակցություն: Հիմա ի՞նչ եք ասում, սիրելի հայրենակիցներ, մեր վերը հիշատակված 11 հազար 281 հայրենակիցները պե՞տք է զրկվեն նպաստից, թե՞ ոչ: Այս ավելի քան 11 հազար մարդկանց նպաստ տալու համար պետությունը ծախսում է տարեկան մոտ 4.5 միլիարդ դրամ», - ասված էր գրառման մեջ:

Հիշեցնենք, որ «Պետական նպաստների մասին» օրենքում դեռևս 2018 թվականի օգոստոսի 7-ին փոփոխություն կատարվեց։ Ըստ այդմ՝ քաղաքացիները ընտանեկան, սոցիալական նպաստ, հրատապ օգնություն ստանալու համար վերահաշվառում անցնելիս սոցիալական աջակցության տարածքային գործակալություն են ներկայացնում նաև 2 տեղեկանք ընտանիքի չափահաս անդամների վարկերի  վերաբերյալ «Աքռա» վարկային բյուրոյից և ավանդների ու դրանց եկամուտների մասին հայտարարություն։ Օրենքում կատարված փոփոխություններից հետո է պարզ դարձել, որ Կապանի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում հաշվառված 918 նպաստառուից 153-ը վարկառու է։  Գործակալության պետ Արամ Հովհաննիսյանի խոսքով՝ մեծ գումարներ չեն վերցրել մեր համաքաղաքացիները։ Ի՞նչ նպատակով կարող են նպաստառու ընտանիքները վարկառուների ցուցակում հայտնվել, այս հարցին գործակալության պետը այսպես պատասխանեց․ «Առողջական խնդիրներ լուծելու, մինչև անգամ կոմունալ վարձավճարներ տալու։ Հաշվառված նպաստառուներից մեկը, օրինակ, Կապանում վարկառու է դարձել դստեր համար ապառիկով հեռախոս գնելու նպատակով, ամսական ընդամենը 3-4 հազար դրամ է վճարում։ Մինչ այժմ վարկ ունենալու պատճառով վերահաշվառման արդյունքով համակարգից դուրս մնացող չի եղել»։

Նելլի Միրզախանյան

16:00 19.04.2019

Ամենաշատ ընթերցվածները