ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Բոլոր մարզերի և մայրաքաղաքի աշակերտներն իրենց ուժերը փորձեցին ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթում
18:00 19.04.2019

Բոլոր մարզերի և մայրաքաղաքի աշակերտներն իրենց ուժերը փորձեցին ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթում

Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի և Երևանի դպրոցների լավագույն աշակերտները ձեռներեցությանը վերաբերող իրենց գիտելիքներն ու հմտությունները ներկայացնելու հնարավորություն ունեցան դպրոցական ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթում:  Այն անցկացվեց ապրիլի 19-ին Երևանում:

«Մեր հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստանի 340 դպրոցում ուսուցիչներ են վերապատրաստվել, անգլերենից ձեռներեցության մասին դասագրքեր են թարգմանվել  հայերեն: 10-11-րդ դասարանների աշակերտներն այդ գրքերի միջոցով ձեռք են բերում ձեռներեցությանը վերաբերող հմտություններ ու կարողություններ: Նրանք դպրոցներում հիմնադրում են իրենց ձեռնարկությունները, սովորում են հիմունքները, տեսությունն ու զբաղվում գործնական աշխատանքով»,-«Արմենպրես»-ի թղթակցին պատմեց «Հայաստանի պատանեկաննվաճումներ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով` աշակերտները պետք է շուկայական հետազոտություն իրականացնեն, որոշեն, թե ինչ արտադրանք կամ ծառայություն են մատուցում, նրանք պետք է ակցիաներ կազմակերպեն և կապիտալ ստանան:

«Ինչպես իրական աշխարհում մարդիկ ձեռնարկություններ են հիմնադրում և աշխատացնում դրանք, այնպես էլ դպրոցներում է դա արվում, բայց փոքր մասշտաբներով: Ցանկանում ենք, որ երեխաները կարողանան իրականում կիրառել այն տեսությունները, որոնք  անցնում են դպրոցում»,-շեշտեց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով մրցույթին` ՀԿ-ի գործադիր տնօրենն ընդգծեց, որ այն անցկացնում են Հայաստանի կենտրոնական բանկի հետ համատեղ` երեխաներին խրախուսելու նպատակով:

«Յուրաքանչյուր մարզում տեղի են ունեցել ձեռներեցությանը վերաբերող մրցույթներ: Հաղթողներն իրենց ուժերը կչափեն այստեղ»,-եզրափակեց Հովհաննիսյանը:

«Կարծում եմ` լավ կլինի, եթե գյուղական տարբեր համայնքներում հյուրատներ բացվեն: Զբոսաշրջիկները կարող են շատ հետաքրքիր ժամանակ անցկացնել, ծանոթանալ հայկական մշակույթին` հանգստանալով հյուրատներում: Այդպես կշահեն ոչ միայն հյուրատան տնօրենները, այլև գյուղացիները` իրենց չիրը, կաթը, բոլոր ապրանքները ներկայացնելով ու վաճառելով  այնտեղ»,-իր գաղափարները մեզ հետ կիսեց մրցույթի մասնակից Վայոց ձորի մարզի ներկայացուցիչ Նանե Լևոնյանը:

Սյունիքի մարզի Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի աշակերտ Արեն Բուդաղյանն ասաց, որ  շատ է ցանկանում ձեռնարկատեր դառնալ: «Չեմ պատկերացնում, որ ինչ-որ մեկի ենթակայության տակ պետք է աշխատել: Իմ ապագան տեսնում եմ հենց ձեռներեցության ոլորտում. ուզում եմ իմը ստեղծել, իմը հիմնել ու աշխարհին օգտակար լինել: Նախատեսում եմ բիզնես ծրագիր մշակել  սպասարկման ոլորտում»,-նշեց Արենը:

Արագածոտնի մարզի Աշտարակի ավագ դպրոցի աշակերտուհի Թերեզա Թումանյանը  խոստովանեց, որ առաջին անգամ է մասնակցում մրցույթին: «Դպրոցում անցնում ենք տնտեսագիտություն: Սեպտեմբերից սկսած ուսումնասիրում ենք այն ու գիտելիքներ ենք ձեռք բերել: Այստեղ ներկայացնելու ենք մեր գաղափարները, հմտությունները, որպեսզի հաղթենք»,-շեշտեց Թերեզան ու հավելեց, որ ինչպես գյուղերում, այնպես էլ Հայաստանի ոչ այնքան հայտնի քաղաքներում պետք է բացել թանգարաններ, որտեղ  կներկայացվեն տվյալ քաղաքի կամ գյուղի պատմությունը, ավանդությունները տարբեր իրերի միջոցով: «Ոչ միայն հենց տեղացիները կճանաչեն իրենց, այլև զբոսաշրջիկների համար գյուղերն ու քաղաքները հետաքրքիր կդառնան»,-ասաց նա:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

18:00 19.04.2019

Ամենաշատ ընթերցվածները