ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Առաջին պատվավոր տեղը
16:00 20.04.2019

Առաջին պատվավոր տեղը

Վերջերս քաղաքամայր Երևանում տեղի ունեցած «Արտ Մյուզիք» 10-րդ միջազգային մրցույթ-փառատոնից Կապանի արվեստի մանկական դպրոցի թատերական խմբակը հաղթանակով է վերադարձել։ Քաջ հայտնի «Մկների ժողովի» բեմականացումը սաներին առաջին պատվավոր տեղն է բերել։ Խմբակի ղեկավարը դերասան Արթուր Գաբրիելյանն է, ով ոգևորված նշում է․ փառատոնին ներկայացան պատվով, կարողացան ևս մեկ անգամ ապացուցել, որ աշխատասիրությունը արդյունք է տալիս։ Նրա խոսքով՝  «Մկների ժողովը» ներկայացրեց երևանյան ևս մեկ խումբ, բայց հենց իրենց հաջողվեց հաղթել։

13-ամյա Անահիտ Սարգսյանը հայտնի դերասանուհի դառնալու մեծ ցանկություն ունի, երազում է, որ մի օր իր մասին ողջ աշխարհը խոսի։ Կապուտաչյա գեղեցկուհին, սակայն, զարմանալիորեն չար կերպարներ է ուզում մարմնավորել, ժպտալով ասում է, որ չարերն ավելի հայտնի են, նրանց մասին ավելի շատ են խոսում։ Իսկ փառատոնից տպավորված է վերադարձել, չնայած սկզբում մի քիչ հուզվել էին, բայց բեմ դուրս գալու պես արագորեն հունի մեջ մտան։

Արեգ Ավագյանը, ի տարբերություն Անահիտի, ուզում է դառնալ ռեժիսոր․ «Ցանկանում եմ ֆիլմեր նկարահանել մեր զինվորների մասին, թե ինչպես են մեզ պաշտպանում, պահպանում մեր հանգիստ քունը»։

Խմբի սան Անահիտ Դավթյանը մեծ սիրով է գալիս խմբակ, բայց աղջկան առավել շատ ասմունքելն է դուր գալիս, մինչդեռ խաղընկերուհուն՝ Սաթենիկ Բժշկյանին՝ դժվար դերերը։ «Թումանյա՞ն, թե՞ Իսահակյան, մտորում եմ՝ ում սկզբից մարմնավորել», - ասում է 15-ամյա Գագիկ Ավետիսյանը, ում համար հայ մեծերին մարմնավորելը մեծ երազանք է, տարբեր ժանրերում է ցանկանում հանդես գալ, առանձնացնում է կոմեդիան։

Կապանի արվեստի մանկական դպրոցի տնօրեն Մարինա Նահապետյանը կարևորում է փառատոներին մասնակցությունը։ Դրանք ոգևորում և մոտիվացնում են սաներին։ Բացի այս հաղթանակից՝ Կապանի արվեստի մանկական դպրոցի սաները առանձին անվանակարգերում ևս պատվավոր տեղեր են գրավել։ Նրանք վերադարձել են երկրորդ և երրորդ կարգի մրցանակներով։

Անուշ Միրզոյան

16:00 20.04.2019

Ամենաշատ ընթերցվածները