ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Բյուջեն դարձնենք հասանելի
19:00 23.04.2019

Բյուջեն դարձնենք հասանելի

«Կապանի ուսուցիչներ» հկ-ն իրականացնում է «Բյուջե՝ բոլորի համար հասանելի» ծրագիրը։ Այն ֆինանսավորել է Եվրոպական Միությունը՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հկ-ի կողմից ղեկավարվող կոնսորցիումի (համընկերություն) միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակում։

Նախաբան

«Կապանի ուսուցիչներ» հկ-ի նախագահ Մագդա Գևորգյանը ասաց, ոչ նախկինում բյուջեի ձևավորման գործընթացը փակ է եղել, քննարկումներ չեն եղել շահագրգիռ կողմերի հետ։ Այժմ ծրագրի շնորհիվ հնարավոր է այդ ամենը տեսանելի դարձնել։

«Ծրագրի նպատակն է երեքական ամիս մշտադիտարկման և ջատագովության միջոցով Սյունիքի մարզում բարելավել հանրակրթական ուսումնական հաստատությունների տարեկան բյուջեի պլանավորման, ծախսման թափանցիկության և հաշվետվողականության գործընթացները, - նշում է ծրագրի ղեկավար Գագիկ Հովհաննիսյանը։ - Բյուջեի պլանավորման գործընթացը պետք է լինի թափանցիկ, դրան պետք է մասնակցեն ոչ միայն հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենն ու հաշվապահը, այլև մանկավարժակական, աշակերտական, ծնողական խորհուրդները։ Հաճախ ուսուցիչները կամ ծնողներն ասում են՝ բյուջեն բավականացնում է միայն աշխատավարձին, հետևաբար այն համատեղ պլանավորելու կարիք չկա, բայց այդ կարծրատիպը պետք է կոտրվի, պետք է հանդես գալ առաջարկություններով ու բարձրաձայնել խնդիրներ, դրանց լուծման մեխանիզմներ։ Ոչ միայն մեր, այլև այլ մարզերի դպրոցները բողոքում են, որ չունեն նոր տեխնիկա, համակարգիչներ կամ քիմիայի ու ֆիզիկայի լաբորատորիաներ, դրա համար է անհրաժեշտ, որ բյուջեն համատեղ պլանավորվի, հարկ եղած դեպքում այլընտրանքային հովանավորություն առաջարկվի»։

Հետազոտություն, եզրակացություն

ՀՈՒՀ-երի տարեկան բյուջեի պլանավորման, ծախսման և հաշվետվողականության թափանցիկության հետ կապված խնդիրների և մասնակցության համար փետրվարից իրականացվեց հետազոտություն։ Դրա համար ընտրվել էր Կապան, Քաջարան, Մեղրի համայնքներից 15 դպրոց։ Մշտադիտարկումն իրականացրին վերլուծաբան Արման Մելքոնյանն ու փորձագետ Արտաշես Տոռոզյանը։

Վերլուծաբան Արման Մելքոնյանի խոսքով՝ առաջնահերթ ուսումնասիրել են ֆինանսական փաստաթղթերի հասանելիությունը։ Դրանց համար աղբյուր են եղել ՀՀ օրենսդրությունը, հանրակրթական դպրոցների կայքէջում դրանց ֆինանսական փաստաթղթերը։ Մարզային դպրոցները լրացուցիչ եկամուտ չեն ստանում, բյուջեն գոյանում է բացառապես պետական բյուջեից։ Այդ գումարն էլ հատկացվում է աշխատավարձերին և կոմունալ ծախսերին։ Շատ քիչ գումար տրվում է այլ նպատակով՝ նյութի ձեռքբերման, նոր սարքավորումների գնման համար։ «Երեք համայնքի դպրոցներում տեղի ունեցած քննարկումների շուրջ 600 մասնակցից միայն 40%-ն է նշել, որ մասնակցում է դպրոցի բյուջեի պլանավորման աշխատանքներին։ 30%-ը նշել է, որ ցանկություն անգամ չունի մասնակցելու։ Ըստ հետազոտության,  - ասում է Արման Մելքոնյանը, -  դպրոցի ֆինանսատնտեսական գործունեությանը ծնողական, աշակերտական և մանկավարժական խորհուրդները տեղեկացված են միայն մակերեսորեն, ծնողների մի մասն այս գործընթացում մասնակցությունը չի ընկալում որպես իր իրավունքի մի մաս։ Հանրակրթարանների բյուջեի մասին տեղեկատվությունը փակցված է լինում, բայց երբեմն ոչ տեսանելի վայրում։ Բյուջեներն ու կատարողականները հրապարակվում են կայքէջերում, սակայն ամբողջական տեղեկատվությունը բացակայում է։ Անհրաժեշտ է զարգացնել սոցիալական ձեռնարկատիրություն դպրոցի մակարդակում, այսինքն՝ աշակերտների և ոչ միայն, ստեղծած ձեռքի աշխատանքների վաճառքով որևէ հարց լուծել․ սա, իհարկե, ամենաչնչին ու փոքրիկ օրինակն է»։

Քննարկում, առաջարկ

Հետազոտության արդյունքները ներկայացնելու համար տեղի ունեցավ հանրային քննարկում, որին ներկա էին մանկավարժներ, աշակերտներ ու շահագրգիռ այլ կողմեր։ Քննարկման ներկաները խմբերի բաժանվեցին և փորձեցին լուծումներ գտնել, թե ինչպես, օրինակ, ակտիվ մասնակցություն ապահովել բյուջեի պլանավորման աշխատանքներում կամ առաջարկել այլընտրանքային հովանավորություն։ Այս առթիվ Կապանի թիվ 2 ավագ դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Գայանե Հայրապետյանն առաջարկեց նախ կազմակերպել դասընթացներ, որոնց միջոցով մարդիկ առաջնահերթ կիմանան, թե ինչ է բյուջեն և ինչպես պետք է պլանավորել։ Այս առաջարկին փորձագետ Արտաշես Տոռոզյանը դրական որակում տվեց։ Վերջինս նաև առաջարկեց մանկավարժական խորհրդի աշխատանքային պլանի մեջ կետ մտցնել, որի համաձայն նրանք պետք է մասնակցեն բյուջեի պլանավորմանը։

«Շահագրգիռ կողմերի միջոցով ոլորտում առկա խնդիրները վեր հանել և ներկայացնել համապատասխան մարմիններին․ և՛ կրթական ոլորտը կբարելավվի, և՛ գործընթացը արդյունավետ կլինի», - խոսքը եզրափակեց մասնագետը։

 

Անուշ Միրզոյան

19:00 23.04.2019

Ամենաշատ ընթերցվածները